ՙՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ՚
Ավարտվեց Ֆիզիկոսների միջազգային գիտաժողովը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 28-ից հուլիսի 2-ը Արցախում ավելի քան 10 երկրների շուրջ 50 գիտնականների մասնակցությամբ տեղի ունեցան քննարկումներ քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումների և զարգացման միտումների վերաբերյալ: Գիտական նիստերին զուգահեռ, որոնք համաժամանակյա անցկացվեցին ԱՀ Ազգային ժողովի և ՙՎալեքս գարդեն՚ հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճներում, Ստեփանակերտի ֆիզմաթ հատուկ դպրոցում էլ հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների համար սեմինարներ անցկացրին ՀՀ և ՌԴ գիտական դպրոցների մեթոդիստ-մանկավարժները:
Հուլիսի 2-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի եզրափակիչ նիստը: Այն վարեց կազմկոմիտեի նախագահ, Սաութհեմթոնի (Անգլիա) և Սանկտ Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր, Ռուսաստանի ՙՍկոլկովո՚ քվանտային կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կավոկինը, որն իր եզրափակիչ ելույթն սկսեց գիտաժողովի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից, մասնավորապես` հայտնի լրագրող Զուլֆուգար Իբրահիմովի ՙԱդրբեջանի սև ցուցակը կարող է կտրուկ ընդլայնվել՚ հոդվածի ընթերցումով: Նրանում հեղինակն այսպիսի մտքեր է ՙքանդակել՚.ՙՔվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի տենդենցներ՚. այսպիսի բարձրագոչ վերնագրով գիտաժողով է անցկացվում Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական Ղարաբաղում: Այն անվանվել է միջազգային գիտաժողով: Հերթական պրովոկացիա` ինչպես միշտ, կազմված նշանավոր մարդկանց և արտերկրյա խոշորագույն հիմնարկությունների և կազմակերպությունների անուններից՚: Հոդվածագիրը նշում է, որ գիտաժողովը նախաձեռնվել է հանրահայտ ֆիզիկոս Ալ. Կավոկինի կողմից: Նրա խոսքով՝ միջազգային նորմի խախտում է թույլ տալիս նաև Ռուսաստանի ՙՍկոլկովո՚ քվանտային կենտրոնը, ապա նա փորձում է բացատրել, թե որտեղից է ծագել նման միտք` Ղարաբաղում անցկացնելու այդպիսի կազմով միջազգային գիտաժողով, և հայտնաբերում, որ ՙպարոն Կավոկինն անցյալ տարի ստացել է Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանի պրոֆեսորի պատվավոր կոչում, որից հետո նրա մոտ ՙլուսավոր միտք է հղացել անցկացնել գիտաժողով՚: Ապա շարունակելով մտքի թռիչքները` գրում է. ՙԴժվար թե քվանտային ուղղությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի մոտ այդպիսի միտք ծագեր, այդ գաղափարը նրան հայտնված լիներ երազում: Կասկած չկա, որ այն մատուցվել է հայկական կողմից: Կասկածելի է, որ, մինչև Հայաստան այցելելը նա ընդհանրապես գաղափար ուներ քարտեզի վրա այնպիսի կետի մասին, որպիսին Լեռնային Ղարաբաղն է, և այժմ էլ նա ունի՚:
Ալ. Կավոկինը քմծիծաղով կարդալով ադրբեջանցի լրագրողի հոդվածը` ասաց, որ իր համար մեծ պատիվ է հայտնվել ադրբեջանցի լրագրողի թիրախում, որն ընդամենը դասական քարոզչական կեղծիք է, և իր թիմի բոլոր անդամներն Արցախ են եկել գիտակցաբար:
ՙԱյս գիտաժողովով ես իսկապես ցանկացել եմ աջակցել Արցախին, և լավ է , որ մեզ հաջողվել է՚: Նման դեպքերում ինչ-որ բան հաջողվում է, ինչ-որ բան՝ ոչ: Մեզ չի հաջողվել այստեղ բերել Նոբելյան մրցանակակիրների, դա էլ կհաջողվեր, եթե մենք շատ ժամանակ ունենայինք՚,-ասաց նա: Նրա գնահատմամբ` գիտաժողովի ծրագիրը շատ հագեցած էր, բազմազան: Նա հատկապես բարձր գնահատեց գիտաժողովի շրջանակում եզակի` ուսուցիչների հետ անցկացրած քննարկումները` ասելով, որ գիտնականների և ուսուցիչների ակտիվ համագործակցությունը նոր և հետաքրքիր ձևաչափ է միջազգային գիտաժողովում, և այն պետք է շարունակել: Իր ելույթի վերջում Ալ. Կավոկինը շնորհակալական խոսքեր հնչեցրեց գիտաժողովի կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման համար ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի և ի դեմս նրա` ողջ նախարարության, պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի, Կամո Աթայանի, Աժ պատգամավոր Գագիկ Բաղունցի, Ռուսաստանի քվանտային կենտրոնի գիտքարտուղար Ստելլա Կուտրովսկայայի հասցեին:
ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանն իր հերթին բարձր գնահատեց գիտական այդ միջոցառումը, որն արցախյան փոքր երկրում մեկտեղել է ֆիզիկայի բնագավառի ամբողջ աշխարհից անվանի գիտնականների, մասնագետների, հետազոտողների: ՙՄենք ուրախ էինք հարթակ տրամադրել գիտաժողովի անցկացման համար և ունենալ մեր ներդրումն այդպիսի կարևոր գիտական միջոցառման գործում: Համոզված ենք, որ գիտաժողովի արդյունքները գործնական կիրառություն կգտնեն կյանքում և կծառայեն ողջ մարդկության բարեկեցությանը՚,- մասնավորապես ասաց նա: Մեջբերելով Ալ. Կավոկինին` նախարարը նշեց, որ ֆունդամենտալ գիտությունը միասնական է, և այնտեղ չկան ազգային բաժանումներ, որը և նպաստում է ամբողջ աշխարհում խաղաղության պահպանմանը: Այս գիտաժողովը հենց դրա հավաստումն էր: Ըստ նախարարի` Արցախում միշտ էլ ուրախ կլինեն տարբեր առիթներով հյուրընկալել գիտնականներին: ՙԴուք նաև Արցախի բարի կամքի դեսպաններն եք աշխարհում գիտության ասպարեզում: Անկեղծորեն հավատացած եմ, որ կհեռանաք մեր երկրից նոր գաղափարներով, լուսավոր տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ՚-, ասաց Ն. Աղաբալյանը:
Եզրափակիչ նիստում ելույթ ունեցան նաև գիտաժողովի կազմակերպիչներ Հայկ Սարգսյանը, Գագիկ Բաղունցը: Վերջինիս գնահատմամբ` պատվարժան գիտնականների խիզախ արարքը, որոնք արհամարհել են ամեն խոչընդոտ և այցելել Արցախ` գիտության լույսը տարածելու, լույսի հաղթանակ է խավարի նկատմամբ: Իսկ Լեհաստանից Դեյվիդ Բլանշեն, ով Արցախ էր եկել կնոջ և փոքրիկ աղջկա հետ, ասաց, որ հույս ունի, որ երբ իր դուստրը մեծանա, Արցախն այդպիսի հիմնախնդիրներ այլևս չի ունենա և շատ երկրների կողմից կճանաչվի, և այստեղ միջազգային գիտաժողներ անցկացնելու համար խոչընդոտներ չեն լինի:
Սրտի խոսք ասաց Դորտմունդից ֆիզիկոս Դմիտրի Յակովլևը:
Շատերն ունեին իրենց զգացումներն արտահայտելու և յուրաքանչյուրն ինչ-որ բանով Արցախին օժանդակելու պատրաստակամության անկեղծ ցանկություն, սակայն, ինչպես նկատեց Ալ. Կավոկինը, իրենց դեռ երկար և հետաքրքիր ճանապարհ է սպասվում. պետք է լինեն նաև Դադիվանքում` արցախյան ևս մեկ տեսարժան վայրով իրենց տպավորությունները հարստացնելու:
ՙՄինչ նոր հանդիպում Արցախում՚. այս խոսքերով գիտնականները հրաժեշտ տվեցին հյուրընկալ Արցախին:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ