[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՍԿԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԷՐ

ՙԴիզակի գույները՚ նկարչական սիմպոզիումն ավարտվեց Տյաք գյուղի  ապագա պատկերասրահում, ավելի քան վեց տասնյակ գործերի ցուցադրությամբ

 Ինչպես արդեն  տեղեկացրել ենք, հունիսի 22-ին Հադրութում բացվեց ՙԴիզակի գույները՚ նկարչական 2-րդ սիմպոզիումը, որի աշխատանքը տևեց մինչև հունիսի 29-ը: Խորհրդանշական է, որ փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մերձակա Տյաք գյուղի մի հին, ավանդական առանձնատան մեջ, որն էլ վերանորոգումից հետո պետք է դառնա պատկերասրահ: Տան թե՜ դրսի և թե՜ ներսի պատերին կախված էին 61 կտավներ: Բոլոր 18 մասնակիցների` 7 օր շարունակ արարվող գործերից նկարիչներն իրենք ընտրեցին այդ 61 գործերը` որպես նվեր ապագա պատկերասրահին: ՙԴիզակ՚ թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանը շնորհավորեց բոլորին` սիմպոզիումի արգասաբեր ընթացքի և բարեհաջող ավարտի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց նկարիչներին` նվիրաբերած աշխատանքների համար և ամբիոնը զիջեց բոլոր նրանց, ովքեր ցանկություն հայտնեցին իրենց սրտի խոսքն ասել մեկ շաբաթվա տպավորությունների, հույզերի մասին: 

Ռուսաստանից ժամանած նկարիչները, խորին երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին հիանալի ու արդյունավետ անցկացված այդ յոթ օրերի համար, իրենց հերթին հրավիրեցին հայ նկարիչներին, հատկապես` արցախցի արվեստագետներին, մասնակցել Ռուսաստանում, նաև իրենց հարազատ քաղաքներում անցկացվող սիմպոզիումներին, ցուցահանդեսներին: Այսպիսով` բարեկամության կամուրջը, որ կառուցվեց անցած շաբաթվա ընթացքում, երկար կծառայի իր նպատակին` առավել մերձեցնելով հայկական և ռուսական մշակույթները կրողներին: Հուզումնառատ էին նաև հայաստանյան երիտասարդ նկարիչների ելույթները, որոնց միաբանում էր այն միտքը, որ Արցախը նրանց համար իսկական բացահայտում էր: Նրանցից շատերն առաջին անգամ էին Արցախում, մյուսները շատ անգամ էին եղել, բայց մեր երկրի այս անկյան զարմանահրաշ բնաշխարհը նոր էջ էր, որի միջոցով նրանք բացահայտեցին այստեղ ապրող մարդկանց հետ հարազատությունը: Արցախի նկարիչների միության նախագահ, նկարիչ Հովիկ Գասպարյանն ընդգծեց այն միտքը, որ արցախցի նկարիչներին սիմպոզիումը հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր նկարչական ոճերին, փորձ փոխանակել, արվեստի հարցերի շուրջ քննարկումներին մասնակցել: Սիմպոզիումի համահիմնադիր, նկարիչ և ռեժիսոր Գևորգ Ընծա Բաբախանյանը մեծ բավականությամբ նշեց, որ այս տարի շատ ավելի մեծ ոգեշնչմամբ ու եռանդով ընթացան սիմպոզիումի օրերը, ինչն էլ արտահայտվեց կտավների թե՜ բովանդակային և թե՜ քանակային առումով: Ընդհանուր առմամբ, յոթ օրվա ընթացքում ստեղծվել են 200-ից ավելի յուղաներկով արված աշխատանքներ, որոնցից, ինչպես վերը նշեցինք, 61-ը նվիրեցին Հադրութի ապագա պատկերասրահին: 

Արարողության ավարտին Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը խորին երախտագիտություն հայտնեց  բոլոր կազմակերպություններին, աջակիցներին` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, Հադրութի շրջվարչակազմին, ՙԱրարատ՚ հիմնադրամին, ՙԱվան Շուշի՚ հոթելի տնօրինությանը, ՙԿատարո՚ ընկերությանը, ՙԺամ՚ ամսագրին` հիանալի ու բովանդակալից միջոցառման համար: Ընգծելով այն միտքը, թե ինչու այս տարի այցելություններում ընդգրկվեցին Հադրութի շրջանի այն գյուղերը, որտեղ քիչ թվով բնակչություն է մնացել` Առաքել, Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր, բայց շատ հարուստ պատմամշակութային միջավայր կա, նա հույս հայտնեց, որ գոնե նկարիչների գործերի միջոցով կհաջողվի ուշադրություն հրավիրել այդ բնակավայրերին, որոնք վտանգի տակ են, և դրանով իսկ թույլ չտալ, որ դրանք վերջնականապես կործանվեն: ՙՆպատակն այն է,- շեշտում է Ե. Հայրիյանը,- որ ուշադրություն դարձնելով նշյալ բնակավայրերին, նոր շունչ հաղորդել պատմական նշանակություն ունեցող այդ վայրերին՚: 

Մշակույթի և երիտասարդության բաժինը նվերներ էր պատրաստել մասնակիցների համար: Երազիկ Հայրիյանը, հաձնելով նվերները, նկարիչներին մաղթեց նորանոր հաջողություններ իրենց ստեղծագործական կյանքում:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ