[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Հուլիսի 3-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն իր հրաժարականի հաջորդ օրը հրավիրեց  մամուլի ասուլիս, ինչը, նրա խոսքով, միտված էր վերջին 10 տարվա պետական պաշտոնում գրանցած արդյունքների ամփոփմանը:

 2008 թվականին գործադիրի որոշման համաձայն ստեղծվեց կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն, որի ղեկավար նշանակվեց Ս. Շահվերդյանը, ինչը կապված էր մինչ այդ զբոսաշրջության բնագավառում բավականին երկար տարիների աշխատանքային փորձ ունենալու փաստի հետ: Ըստ Ս. Շահվերդյանի՝ զբոսաշջության բնագավառում կատարված աշխատանքներն ակնհայտ են և տեսանելի, քանզի այս 10 տարիների ընթացքում հաջողվեց ապահովել առաջին հերթին միջազգային ասպարեզում Արցախի Հանրապետության ներկայությունը, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է և որն իրականացվում էր դեռևս 2002թ. ՙԶբոսաշրջության զարգացման գործակլություն՚ ՀԿ-ի կողմից, որի ղեկավարն էր բանախոսը: 2008 թվականին ունեցանք ընդամենը 4000 միջազգային զբոսարջիկ, այսօր դրանց թիվը հասել է 28000-ի: 2018 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքներով՝ առաջին անգամ գրանցեցինք արդեն 105 տոկոս զբոսարջիկների աճ, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ և, ըստ Ս. Շահվերդյանի, առհավատչյան է` նման աշխատաոճով գործունեությունը շարունակելու համար:

Նա անդրադարձավ նաև մշակույթի բնագավառում 9 ամսվա իր կատարած աշխատանքին՝ նշելով, որ առաջնահերթ խնդիր էր դրվել ի սկզբանե տարանջատել ժամանցը մշակույթից ու փորձել երկրի մշակութային կյանքի զարգացում ապահովել: Ասել է թե` ինչ-որ տեղ հաջողել է, ինչ-որ տեղ՝ ոչ: ՙՊաշտոնակատարության առաջին իսկ օրվանից կարևորություն է տրվել մայր թատրոնի շենքի վերականգնման և դերասանական կազմի համար բավարար պայմաններ ապահովելու հարցին: Թատրոնը Խորհրդային Միության ժամանակներում մեծ դերակատարություն է ունեցել սերունդներին հայեցի կրթելու գործում, ինչի կարիքն այսօր էլ է զգացվում: Շենքն էլ պատմամշակութային մեծ արժեք ունի: Եվ ԱՀ ու ՀՀ մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում սկսվեցին թատրոնի վերականգնման նախագծային աշխատանքները, ինչպես նաև հայաստանյան թատերական կազմակերպությունների դրամահավաքը. արդեն հավաքագրվել է շուրջ 3 միլիոն դրամ: Մեր նպատակն էր թատրոնի վերականգնումն իրականացնել համաժողովրդական ջանքերով, ճիշտ այնպես, ինչպես կառուցվել էր 1952 թվականին՚,- նշեց Ս. Շահվերդյանը:

Բանախոսն իրականացված ծրագրերից առանձնացրել է վերջերս գործարկված Artsakh.Travel կայքի արդիականացումը և ՙԱյցետոմս՚ մշակութային անոնսը, որը պարբերաբար հանրությանն իրազեկում է առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին:

Ս. Շահվերդյանն ասաց, որ հրաժարականի մասին տեղեկատվությունը հրապարակել է ֆեյսբուքյան էջում, որտեղ գրառված է նաև իր գործունեությունը հանրային դաշտում շարունակելու մասին: Նա գտնում է, որ այն տարիներ շարունակ խաթարված է եղել, և պետք է անել հնարավորը, որպեսզի այդ դաշտը կայանա:

Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ ՄԵՀԶ նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ավարտին կհասցի մեկնարկած ծրագրերը, հատկապես Շուշիում կայանալիք Artsakh Music Fest-ը, որի նախապատրաստական աշխատանքներն սկսված են և որը պետք է կայանա օգոստոսի երկրորդ կեսին:

Վերջում Ս. Շահվերդյանը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ