[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՈՐ ՊՈԵԶԻԱ ՄՏԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԴՌՆՈՎ

Հունիսի վերջին տասնօրյակում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական հանդիսություն, որը բացեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ հոբելյարը ժամանակակից հայ գրականության լավագույն դեմքերից է, թարգմանվել է տարբեր լեզուներով, կրթական¬գրական կյանքի հրաշալի կազմակերպիչ է։ 

 ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հակոբյանի համար բառը, պոեզիան ճշմարիտ են, երբ բխում են հոգու խորքերից, երբ աներևույթ կապի մեջ են տիեզերքի հետ, իսկ գրականագետ Ազատ Եղիազարյանը նշեց, որ բանաստեղծը շատ հետաքրքիր տեղ է գտել այսօրվա հայ բանաստեղծության և մանավանդ` Արցախի գրական կյանքում։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը կարդում է Վ.Հակոբյանի բանաստեղծությունները, որպեսզի նորից հայտնագործի առեղծվածներ, նորից հուզվի, գտնի ինքն իրեն, որ աշխարհը  բացվի ուրիշ գույներով, ուրիշ լույսի, ուրիշ մեղեդու տակ։ Իսկ արձակագիր Բակուր Կարապետյանը գտնում է, որ մեր պատմիչները, գրիչները եղել են ռազմավարներ, որոնցից մեկն էլ Վ.Հակոբյանն է թե՜ իր պոեզիայով, թե՜ ազգային, հասարակական գործունեությամբ։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց Վ.Հակոբյանի պոեզիայի առանձնահատկությունների մասին, որոնցով նրա տեղն ու դերը ժամանակակից պոեզիայի ընթացքի մեջ դառնում են կարևոր. Հակոբյանն իր բանաստեղծություններում շեշտում է չճանաչված պետության բանաստեղծ լինելու բացառիկության զգացողությունը, որն իր հետ բերում է գեղագիտական, գաղափարական և ընդհանուր բանաստեղծական բազմաթիվ առանձնահատկություններ։ Սա էքստրեմալ պայմաններում ստեղծված պոեզիա է` անկախ նրանից, թե թեմատիկ ինչ մանրամասնություններ է ընդգրկում։ Այդ պատճառով է, որ հատկապես 90-ականներից հետո Վ.Հակոբյանի բանաստեղծությունը կրում է էքստրեմալ պայմանների դրոշմը։ Եթե սիրում է, սիրում է հոգու, կրքի ամբողջ ուժով, եթե կարոտում կամ ատում է` նույն ուժգնությամբ։ Ինչ վերաբերում է հոբելյարի կերպարին` մարդկային, թե գրողական, այն կապվում է Արցախի հետ։ Վ.Հակոբյանն արել է հնարավոր ամեն բան, որ հայկական երկու պետությունների գրական հանրությունները լինեն փոխկանչի մեջ, որ ձևավորվի գրական միասնական դաշտ։ Նրա նախաձեռնությամբ և շահագրգռությամբ Արցախում տեղի է ունեցել Պոեզիայի միջազգային փառատոն, որն օգնեց Արցախին իր յուրահատուկ տեղն ունենալ աշխարհի բանաստեղծական քարտեզի վրա։ Ըստ գրականագետի` հոբելյանը պետք է ընկալվի ոչ միայն ամփոփումի առիթ, այլ նաև նոր ճանապարհի, շարունակումի առիթ, քանի որ հոբելյարը լի է  ստեղծագործական ուժերով և անընդհատ կարողանում է զարմացնել նոր ու թարմ, ինքնատիպ բանաստեղծություններով։

Գրականագետ Արմեն Ավանեսյանը նշեց, որ Հակոբյանն այն սակավաթիվ բանաստեղծներից է, որ զարգացման երկու շրջափուլ է անցել։ Առաջինը պայմանականորեն կարելի է անվանել խորհրդային վերջին  տարիների բանաստեղծություն, որն աչքի է ընկնում ավելի շատ նրբանկատությամբ, բնաշխարհի նկատմամբ երկյուղած վերաբերմունքով, և անկախության շրջանի փուլ, երբ ազատամարտի տարիներին խոսքը դարձավ ջղագրգիռ, հեղեղի նման, երբ հրապարակախոսական տարրը միանգամից մտավ Հակոբյանի  բանաստեղծության մեջ, իսկ 2000թ.-ից հետո տեսանելի  են համաշխարհային գրականության հետ, այսպես ասած, խաչաձևումների փորձերը, բանաստեղծը ստեղծում է ինտելեկտուալ պոեզիա, նոր որակ։ Եվ ահա այս պոեզիան է, որ ավելի գրավիչ է դառնում, որովհետև իր մեջ պահպանում է նախընթաց փուլերի բոլոր ձեռքբերումները։

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ Վարդան Հակոբյանը եղել է գաղափարակիր, այսինքն` իր ստեղծագործություններով պահպանել է հայկական հողի գաղափարը, նվիրումը այդ գաղափարին, հայրենիքի ճակատագրին։ Հոբելյարը երջանիկ է, որ անմիջական մասնակիցն է եղել երկրամասի ազատագրության, մեծ դերակատարություն է ունեցել 1988-ի փետրվարյան օրերին, եղել է Շարժման ղեկավարներից մեկը, վայելել է սերունդների երազած հաղթանակի բերկրանքը։ Ապա ելույթ ունեցողը ներկայացրեց ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը։

Գրականագետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ Վ.Հակոբյանը յուրովի ձևավորեց 1960-ականների սերնդի գեղագիտությունը, իսկ ամենաարժեքավոր բանաստեղծական գործը ՙՋրի հիշողությունը՚ ժողովածուն է, որը խորհրդանշում է անցումային շրջանի սկիզբը։ ՙՔարի շնչառությունը՚ արդի գրական պրոցեսում մեծարժեք ժողովածու է, իսկ ՙՆշագրումներ լուսնի վրա՚, ՙԳրչանցումներ՚, ՙՏխրության սիմֆոնիա՚, ՙԲառը հասարակածի վրա՚ պոեմներով, մի քանի պոեմ էլ հավելած, ամբողջանում է բանաստեղծի գեղագիտությունը։ Հակոբյանի բանաստեղծությունն իր ճակատագիրն է, նա աշխարհն ընկալում է յուրովի, և իր ընկալմամբ մոտ է և՜ 1960¬ականների սերնդին, և՜ առհասարակ բոլոր գեղագիտական որոնումներին։ Ունի իր ներաշխարհը, իր պատկերային համակարգը, իր ճանապարհը, որ անցնում է ներսով ու երբեք չի ավարտվում։ Հակոբյանը համահայաստանյան երևույթ է, ունի իր փոքր հայրենիքը, որի ՙդռնով՚ մտավ պոեզիա և ստեղծեց ժառանգություն, որն ուսումնասիրելու նյութ է։

Վարդան Հակոբյանի մարդկային  կերպարի մասին խոսեց գրող Զորի Բալայանը, ընդգծելով բանաստեղծի Արցախյան շարժման մեջ ունեցած դերակատարությունը, հատկապես շեշտելով 1988-ի փետրվարի  20-ի նստաշրջանում ունեցած ելույթը։ Նշվեց, որ Հակոբյանը նաև Արցախի նորանկախ պետականության հիմնի հեղինակն է։ 

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ հոբելյարը հայ իրականության մեջ այն սակավաթիվ հեղինակներից է, որ ոչ միայն ճանաչված բանաստեղծ է, այլև գրականագետ, բանասիրական գիտությունների  դոկտոր։ Նրա գրականագիտական աշխատանքներում նկատելի է շարադրանքի որոշակի գեղարվեստականությունը։ Այսպիսի մի խոսք կա. բանաստեղծին  լավ ճանաչելու համար պետք է լինել նրա  հայրենիքում, ինչպես Տերյանին՝ Գանձայում,  Համո Սահյանին՝ Սյունիքում։ Վարդան Հակոբյանի դեպքում արցախյան ամրությունը, երկնահայաց  լեռների  թռիչքը, ձորերի խորությունը, երկրամասի գունագեղությունը լիովին արտահայտվել են  նրա ստեղծագործություններում։ Խորհրդանշական է, որ  1989-ին գրեց ՙԱմարասի զանգերը՚, 1990-ին՝ ՙՄեսրոպ Մաշտոցն Ամարասում՚։ Բանաստեղծական խոր ընդհանրացումներով, սյուժետային յուրահատուկ  ձևերի մեջ ուրվագծվում են իրականությունը,  պարետային ռեժիմը և այլն։ Այդ ժամանակի գործերում տեսնում ենք մտավորականի խանդավառությունը, մտահոգությունը, տագնապը, հաղթանակի  տեսլականը։ Դևրիկյանը  հպարտությամբ  նշեց, որ բանաստեղծն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է գրականության  ինստիտուտում, և այժմ էլ նրա մասնագիտական խորհրդի անդամ է։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 

 

***

 

ՀՐՈՎԱՐՏԱԿ՝ ԱՐՁԱԿՎԱԾ ՄԱՅԻՍԻՆ

Նկատի առնելով իմ ապրած ժամանակը եւ աններելի կյանքն իմ,

եւ այն, որ արդեն անուղղելի են սխալներս գործած ու անհամար,

եւ այն, որ կյանքում ոչ ոք չփորձեց հասկանալ  հոգիս բազմածվատ,

եւ այն, որ չի գրվում քերթվածքն այն, որի համար արժե ծնվել,

եւ այն, որ փուչ է տիեզերքում ամեն ինչ ու ստաստեղծ-ստաբեր,

եւ այն, որ հրեշներ դուրս եկան երկրպագած իմ բոլոր կուռքերը,

եւ այն, որ արդեն զգացմունքներս չեն խոսում տարիքիս հետ,

(կարծում եմ, անձնագրային ինչ-որ վրիպակ է թույլ տրվել ուղղակի),

ուստի հորդորում եմ ՝ վաղը ոչ ոք իմ յոթանասունամյակը չշնորհավորի,

քանի որ հաստատ որոշել եմ այդ օրը եւ, ընդհանրապես՝ երբեք

չծնվել, ոչ մի անգամ, իմ այս որոշումը սակարկման ենթակա չէ, 

եւ թող ինձ ներեն ծնողներս, սերերս, չսերերս եւ նրանք, ովքեր

կարող են դրա համար տխրել կամ գուցե եւ ի սրտե ուրախանալ,

եւ նրանք, ովքեր պատրաստվում են ջերմ ուղերձներ հղել,

եւ նրանք, ովքեր մտքում որոշել են ինձ չմտաբերել ոչ մի վայրկյան,

եւ նրանք, ովքեր առանց իմ մասին պարբերաբար զրպարտագրեր թխելու,

համացանցով կամ գնչուական փոստով տարածելու, պիտի ոչ եւս դառնան,

եւ այն թշնամիներս, որ դժվար թե կայանան իմ բացակայությամբ,

եւ այն սիրո խոստովանությունները, որ իմ շուրթերից չեն հնչելու,

եւ այն երգերը, որ իմ ձեռքերով աշխարհում այլևս չեն գրվելու,

եւ այն աղջիկները, որ առանց ինձ խաբելու անիմաստ թոշնելու են,

եւ այն պոետները՝ Տերյան,Չարենց, Սիամանթո, Ուիթմեն, Բորխես,

որոնց հանճարեղ ստիխները ես չեմ կարդալու ցավի խնկարկումով,

եւ այն արահետները մեր Եխծուն ծյորում, որոնցով չեմ քայլելու,

եւ այն մեղրածաղիկները, որ չեն փնջվելու իմ կարոտի քնքշանքներով,

եւ այն աղբյուրները, որոնց ակերից ես համբույրներ չեմ քաղելու,

եւ այն աստղերը Մեծ քարին երազված, որոնցից չեմ կախվելու,

եւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւեւ....

Հոբելյանական հարկադիր խոսքերից ես միշտ սրտախառնուք եմ զգում:

Թող ներվի, որ բոլորին միանգամից ես դառնորեն հիասթափեցրի,

մանավանդ՝ մահն էլ անհարմար վիճակի մեջ կմնա՝ չգիտեմ երբ,

որ թեկուզ մի հասկով կամ տատասկով իր հունձքը պակաս է լինելու:

 

Հ.Գ.

Իմ այս վճիռը ես կայացրել եմ իմ կամքով, սթափ վիճակում,

և այն անբեկանելի է, խնդրում եմ դրա համար ոչ ոքի չմեղադրել:

 

20.05.2018թ. 

Ստեփանակերտ

 ՎՇՏԵՐԳ

Երբ գրիչը ձեռքս եմ առնում, իմ մատները սկսում են հստակ տեսնել՝

որքան տխեղծ ու մգլած է այս աշխարհը՝ մի չգրված թղթի հանդեպ...

Եվ իմաստ ունի՞, արդյոք, գրել, կամ ՝ ու՞մ համար, ինչո՞ւ, մանավանդ,

երբ բառերը ոչ թե լսվում են ունկերով, այլ անտեսվում են աչքերով,

երբ հաբրգած, զեխ տղերքը լափում են ազգի վերջին նշխարը հույսի,

երբ հայրենասիրությունը մի հին ծամոն է բերաններում անատամ,

երբ քո սրտանց մեկնած հացը ձեռքիցդ վերցնում են գողանալու պես,

երբ ջրաղաց կորցրած խանում-խաթուն գետը թոշնում-թռվհակում է,

երբ արքաներն անկուշտ ,անբարիշտ բարձում  են երկիրդ կաղ որձակին,

երբ խմբապետ Շավարշի ջեբից դեռ դուրս չեն եկել կուսխմբերը բազում,

երբ միակ հաղթանակը քո մնում է Հաղթանակի կամրջից նետվելը,

երբ մեռնելը չի իմանում մարդ, հետեւապես՝ չի իմանում և ապրելը,

երբ անասելի դժվար է լռեցնելն այն մարդուն, ով ոչ մի ասելիք չունի,

երբ գայլերի ձմռաշունչ ոռնոցը  քո շեմից չի հեռանում եւ հունիսին,

երբ վազում ես դեպի մանկությունդ՝ ծերունական քայլքով տարտամ,

երբ ընդառաջ չի գալիս ճանապարհը, որ ինքդ ես ոտքով բացել,

երբ մարդիկ այնքան նողկալի են, փոքրոգի, որ այլեւս քեզ չես վստահում,

երբ խաբում են եւ ժպիտով, ժպիտ տեսնելիս՝ հավլունի թուրդ ես հանում,

երբ բառերը ՝ սրա-նրա տակ պառկելուց, շան թազնանոցի են փոխվում,

երբ գիշանգղը՝ որպես ճերմակ աղավնի, իջնում է քո վշտակոր ուսին,

երբ աղջիկն, ավաղ, հպարտանալու բան չունի իր հետույքից բացի,

երբ թևերը հավքի գոց փակագծեր են՝ երկնքի բորբ կապույտներին,

երբ խոսքն ասվող անվրեպ չէ, թիրախային, ինչպես գնդակը  Մոնթեյի,

երբ ժողովրդավարությունը վերջին հատիկդ վարում է քարելու պես,

երբ հրեշտակները քեզ խեղդում են, հանց ճուռակը՝ մանկան ձեռքում,

երբ Բունինի սիրո երգերն ունկնդրում են իր կիները՝ երկու և ավելի,

երբ բազեի երգը չի վիճարկում մամռակալած լռությունն անտառի։

Երբ գրիչը ձեռքս եմ առնում, այն դառնում է ոսկյա հեռադիտակ,

և Փաշինյանը Անդրանիկ փաշայի ձիու ճամփան դարձնում է թավշյա,

և տեսնում եմ հարյուր-հազար տարվա հեռուն՝ ինչպես իմ ափի մեջ,

 

անսահման հեռուն, որ գուցե չկա, բայց և այնպես՝ ես այնտեղ կամ։

 

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ