[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙԱրՊՀ-2018՚ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

Հուլիսի 7-ին Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում մեկնարկեց ուսանողական միջազգային ամառային ճամբարը, որի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը, ուսանողներ Արցախի, ՀՀ և արտերկրի բուհերից, հյուրեր։

 Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած անձանց և կազմակերպություններին՝ նշելով, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրողություն դարձնել։ ՙՎստահ եմ, որ այս օրերին դուք կկարողանաք ոչ միայն հանգստանալ ուսումնառության փուլից, այլև կկարողանաք ճանաչել Արցախը հետաքրքիր էքսկուրսիաների, արշավների, դասախոսությունների ընթացքում՚,- դիմելով ուսանողությանը՝ ասել է ռեկտորը։

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ողջույնի խոսքում կարևորել է Արցախում իրականացվող նմանատիպ ծրագրերում հայաստանյան բուհերի ուսանողներին ընդգրկելու իրողությունը։ ՙԱյս բարդ և հակասական ժամանակաշրջանում դուք՝ ուսանողներդ, կարող եք ստանձնել այն կարևոր առաքելությունը, որ այսուհետ մեր բոլոր գործողություններն ու քայլերն ուղղված լինեն նրան, որպեսզի Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր թելերով և բջիջներով կապված լինեն միմյանց՚,- ասել է  նախարարը՝ ճամբարականներին մաղթելով հաճելի հանգիստ, բովանդակալից առօրյա։

ՙՇատ կարևոր է այս ճամբարի գործունեությունը երիտասարդական դաշտի համար, և ուրախալի է, որ մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդության խնդիրները դիտարկելու մեկ միասնական համահայկական դաշտում՚,-ողջույնի խոսքում նշել է ՄԵՀԶ նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ճամբարականներին ողջույնի խոսք ասացին և Արցախի մասին իրենց տպավորությունները կիսեցին արտասահմանցի մասնագետներ Էյվրի Քաչկան և Մեթյու Սթաութը, ովքեր հանդես կգան դասախոսություններով։

ՙԵս սիրում եմ Արցախը, արցախցիներին, նրանց ավանդույթներն ու արժեքները։ Կարծում եմ, որ արցախցիները նման են ամերիկացիներին, որովհետև նրանք պաշտպանում են այն, ինչին հավատում են՚,- ասել է Էյվրի Քաչկան՝ շնորհակալություն հայտնելով ճամբարին մասնակցելու համար։

ՙԻմ բուհը՚ խորագրով ելույթներով հանդես եկան ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ԱրՊՀ-ն, մի շարք այլ բուհեր ներկայացնող ուսանողները՝ հակիրճ պատմելով իրենց բուհերի ուսանողական գործունեության մասին։ 

Միջոցառման ավարտին ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությամբ կայացավ տոնական համերգ:

Հավելենք, որ ճամբարը կազմակերպվում է վրանային պայմաններում, 3 փուլով՝ հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը։ Ճամբարին մասնակցում են ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։

Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան նաև  մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների։ Կլինեն  բանախոսներ նաև արտերկրից, ովքեր հանդես կգան հետաքրքիր դասախոսություններով։

Ճամբարի նպատակն է ուրախ և հետաքրքիր հանգիստ կազմակերպել ուսանողների համար, իսկ հայաստանյան և արտերկրի ուսանողների համար սա  նաև Արցախը ճանաչելու հրաշալի առիթ է։ 

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ