ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿՐԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության մշակութային մայրաքաղաքից՝ Գյումրիից Մարտակերտ ժամանեց երիտասարդների խումբ՝ ՙՋՋ՚ տաքսի ընկերության հիմնադիր տնօրեն, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ ղեկավար Արտաշես Թովմասյանի և ՙԷս Սթեյշըն տուր՚ կազմակերպության հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանի գլխավորությամբ։
Խումբն առավոտից եղավ ՙՆ՚ զորամասում, այնուհետև այցելեց Տիգրանակերտ:
ՙԲացահայտիր հայրենիքդ՚ նախաձեռնության շրջանակում երկօրյա այցով Արցախում գտնվող Գյումրիի երիտասարդներն էլ երեկոյան արդեն հյուրընկալվեցին ՙՄանթաշ՚ հյուրանոցային համալիրում, որոնց միացան Մարտակերտ քաղաքից շուրջ քսանհինգ երիտասարդներ։
Հյուրանոցային համալիրի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իրենց մոտ հյուրընկալվելու համար և երիտասարդներին կոչ արեց անկաշկանդ զրույցի։
Իր հերթին Արտաշես Թովմասյանը նշեց, որ իրենք այստեղ են փորձի փոխանակման նպատակով, որ երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է և ապագան, արցախահայության անվտանգության խնդիրը մեծապես պայմանավորված է երիտասարդության ներուժով:
Գյումրիի և Մարտակերտի երիտասարդներն այդ երեկո տարաբնույթ խաղեր կազմակերպեցին, այդ թվում նաև` ինտելեկտուալ բնույթի։
Կարծիքներ հայտնեցին, որ կկազմակերպվի նաև փոխայցելություն։
Հաջորդ օրը Գյումրիի պատվիրակները շարժվեցին դեպի Գանձասար։
Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ք. Մարտակերտ