[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՚

Գրական հասարակայնությունը օրինական հպարտությամբ շարունակում է նշել ժամանակակից հայ պոեզիայի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակը։

Հաճելի է ընդգծել, որ վերջերս Հայաստանի գրողների միությունը մեծ շուքով Երևանում նշեց տաղանդավոր բանաստեղծի հոբելյանը, իսկ ՙԳրական թերթ՚-ը գրեթե մի ամբողջ համար նվիրեց չճանաչված հանրապետության ճանաչված բանաստեղծի բարձրարվեստ ստեղծագործությանը: Ակնառու գրականագետների ու գրողների ելույթներում կրկին ու կրկին բարձրաձայնվեց երջանկահիշատակ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի կարծիքն այն մասին, որ Վարդան Հակոբյանի մուտքը հայ պոեզիա աստվածաշնորհ հայտնություն է։ Եվ պատահական չէ, որ տարիների ընթացքում տաղանդաշատ գրողի ստեղծագործությունները գտնվել են հայ և օտար մամուլի ուշադրության կենտրոնում` ստեղծելով հակոբյանագիտության խոսուն փունջ։Երևույթի վառ վկայություններից է բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի դոցենտ Զուխրա Երվանդյանի ՙԱզգային ոգու արտացոլումը Վարդան Հակոբյանի ստեղծագործություններում՚ գիրքը, որը լուրջ խոսք է գրողի պոեզիայի և արձակի մասին։

Կարևոր ենք համարում նշել, որ հարյուրից անցնում են Վ. Հակոբյանի ժողովածուների վերաբերյալ տպագրված գիտական ուսումնասիրությունները։ Բարձր որակ են կազմում Հակոբյանի պոեզիայի գաղափարահուզական և գեղարվեստական խորքը բացահայտող հետազոտական աշխատանքները` տպագրված բուհերի գիտական տեղեկագրերում։ Գրական հասարակայնությանը հայտնի են ակադեմիկոս Ս. Սարինյանի ՙԲանաստեղծի հայտնությունը՚ (1998), ՙՀայտնության խորհուրդը, կամ բանաստեղծության փիլիսոփայությունը՚ (2016), տողերիս հեղինակի ՙՑավի և սիրո պոեզիան՚ (1991), ՙՎարդան Հակոբյանի ստեղծագործությունը՚ (գրական դիմանկար)` զետեղված ՙՄարտնչող գրականություն՚ ժողովածուում (2012), Տ. Սողոմոնյանի ՙՏաճարի ճանապարհին, կամ մենարանի ուխտավորը՚ (2007), ՙՎարդան Հակոբյանի գեղագիտական համակարգը՚ (2011) գրքերը։ Տաղանդավոր գրողի պոեզիայի մոտիվների ընդգրկմամբ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները գրում են ավարտական աշխատանքներ, պաշտպանում գիտական թեզեր։ 

Ինչ վերաբերում է Զուխրա Երվանդյանի հետազոտությանը, համարձակորեն կարող ենք նշել, որ այն հիրավի նոր խոսք է հակոբյանագիտության մեջ։ Գրքի հեղինակը գրողի երկերը վերլուծում ու գնահատում է գրականագիտության և լեզվաբանության ժամանակակից չափանիշներով` հայ և համաշխարհային գրականության համապատկերին։ 

Զ. Երվանդյանը Վ. Հակոբյանի ստեղծագործությունը վերլուծում և գնահատում է համահայկական պոեզիայի տեսադաշտում։ Դա նրան հնարավորություն է ընձեռում  ըստ էության գնահատելու Արցախում ստեղծվող գրականության գաղափարն ու արվեստը։ Այսպես, աշխատության առաջին գլխում հեղինակը լուրջ ուշադրություն է դարձնում բանաստեղծի կողմից ինքնակերպարավորման, գեղարվեստական ժամանակի ու տարածության ընկալման առանձնահատկություններին։ 

Գրականագետն իր ընդհանրացումները կատարում է ժամանակների ընթացքում ստեղծված մշակութային արժեքների հիման վրա։ Այստեղից էլ հենց ժողովրդի բարոյահոգեբանական բազմապիսի դրսևորումները։ Անդրադառնալով հայոց խռովքոտ ժամանակների բռնկումներին` գրքի հեղինակը Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների հիման վրա ապացուցում է մշակույթի, առանձնապես գեղարվեստական գրականության դերը։ Նա հաստատում է, որ ժամանակները ծնում են իրենց կերտող-կերպարավորողներին` նրանցից վերուստ տրված առաքելությամբ առանձնացնելով շնորհյալ մեծատաղանդներին, որոնց շնորհիվ և որոնց միջոցով էլ հնարավորություն են ստանում չորուցամաք ժամանակացույց-պատմագրերից դուրս մի ուրիշ կյանքով, ուրիշ չափումներով գոյավորվելու և գնահատվելու։ Այս մտորումների տարածքի վրա նա վերլուծում ու գնահատում է Վարդան Հակոբյանի ՙՊոեմ իմ մասին, կամ` 24-ն անց 81 րոպե՚ ստեղծագործությունը` ընդգծելով, որ այն օրինաչափորեն արժանացել է բարձր գնահատականի։ 

Արժևորելով Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտը` Զ. Երվանդյանը վստահորեն ընդգծում է. ՙԿարող ենք ասել, որ հակոբյանական բանատողերում եղած պոետական նյարդերի գերլարումները, ըմբոստացումներն ու խռովքներն արդյունք են ինչպես ոչ սովորական ժամանակներում ապրած իր կյանքի, այնպես էլ չարախոհ մարդկանցից ստացած դառնությունների՚։ 

Վ. Հակոբյանի հաջողությունների գրավականը գրականագետը տեսնում է նաև նրանում, որ բանաստեղծը հաճախակի է օգտվում գեղարվեստական պայմանականության ձևերից` այլաբանությունից, չափազանցությունից, խորհրդանիշներից, փոխաբերությունից և այլն։ 

Ուսումնասիրության հեղինակն առաջին գլխում գալիս է հետևյալ եզրակացության. ՙՎարդան Հակոբյանի դավանած բարոյականները (հայրենասիրություն, ազատասիրություն, մարդասիրություն, ազնվություն, խիղճ, անկեղծություն, պատվախնդրություն, արժանապատվություն) ոչ միայն նրա ներքին համակառույցի անփոփոխ հիմքն են, այլ նաև ազգի, հասարակության և ընդհանրապես մարդկության պատմության մեջ մարդկանց վարքի կարգավորման, սերնդակերտման, տեսակապահպանման գործառույթներ իրականացնող թելադրականներ են՚։ 

Աշխատության երկրորդ գլխում Զ. Երվանդյանը քննարկում է արցախյան բնավորության կերպավորման ու բանաստեղծականացման հիմնախնդիրը Վ. Հակոբյանի պոեզիայում։ Այստեղ համոզիչ դիտարկումով հեղինակը նշում է, որ հայրենի Արցախի նկատմամբ տածած խորունկ սերը, նրա հող ու ջրով, ծառ ու ծաղկով, լեռ ու քերծով անսահման հիացումը, ինչպես և նրա  ոգեպինդ զավակների հանդեպ ունեցած հպարտության զգացումը միշտ աներեր են պահել Վարդան Հակոբյանի հավատն ու պոետական ոգին։ Ահա թե ինչու բանաստեղծն ինքնահատուկ ներքնատեսությամբ է ընկալում կենսականն ու հոգևորը։ Գրականագետը խոսուն օրինակներով հաստատում է, որ հայի ենթագիտակցական ոլորտում արցախահայության ընդհանրացված կերպարն անդրադարձվում է որպես հերոսականության խորհրդանիշ։ 

Ինչպես հայտնի է, Վ. Հակոբյանը հանդես է եկել նաև ՙԶատիկը ջրավազանի հատակին՚ պատմական վեպով։ Վերլուծելով դարակազմիկ այս ստեղծագործությունը` Զ. Երվանդյանը մատնանշում է վեպում ներկայացված իրականությունը և մաքառման փիլիսոփայությունը։ Այստեղ ուշագրավն այն է, որ գրականագետը ցույց է տալիս վեպի լեզվաոճական առանձնահատկությունները, ինքնատիպ արտահայտչամիջոցները, հերոսների տիպականացման գործում անգնահատելի, անհատականացված գեղարվեստական պատկերները։ 

Ուսումնասիրության չորրորդ գլուխը նվիրված է Վարդան Հակոբյանի պոետիկային, որտեղ ընդգծվում են Հակոբյանի բանաստեղծական ժողովածուներում ոճական և ձևաբանական բազմաբնույթ անդրադարձումները։ 

Ուսումնասիրության հեղինակը նկատում է Վ. Հակոբյանի պոեզիայի հիմնական հատկությունները։ Դրանք են` հայրենիք, հայրենի Արցախ, Հայաստան, հայրենյաց ճակատագիր-գոյամարտ-բնաշխարհ-Ես-ի որոնումների ու հաստատումների տարակերպ երկունքներ։

Գրքի ՙՇրջանակից դուրս՚ բաժնում Զ. Երվանդյանը զետեղել է Վ. Հակոբյանի երկերից հմտորեն քաղված` 140-ի հասնող իմաստախոսություններ` հաստատելով բանաստեղծի պատկերավոր և բանաձևային մտածողության յուրահատուկ կողմերն ու փիլիսոփայությունը։

Գիրքն ավարվտվում է ՙԱմփոփում՚ մասով` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այստեղ նա եզրակացնում է, որ Վարդան Հակոբյանի պոետիկան երկնաշնորհ է… Նրա գեղագիտական աշխարհում ներդաշնակորեն գործակցում են իրենից դուրս գտնվող մեծ աշխարհն իր բազմաբարդությամբ և արցախական ոգին։ 

Վ. Հակոբյանի պոեզիան խոշոր ներդրում է հայոց հարուստ գրականության գանձարանում։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր