[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԹԵ՜ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՎ, ԹԵ՜ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Այս տարի արցախյան և երևանյան բուհեր ընդունվելու համար Շահումյանի շրջանի տարբեր համայքների դպրոցներից միասնական քննություններին մասնակցելու համար հայտավորված է եղել 12 շրջանավարտ։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը, ընդգծելով, որ տոկոսային առումով սա բարձր ցուցանիշ է, քանի որ շրջանն այս ուսումնական տարում ունեցել է 28 շրջանավարտ։ 

ՙՆրանցից 3-ը հետագայում ինչ-ինչ պատճառներով (հիմնականում՝ այլ բուհեր ընդունվելու նպատակով) փոխեցին իրենց որոշումն ու չմասնակցեցին միասնական քննություններին։ Նրանք ընդունելության քննություններ կհանձնեն իրենց նախընտրած բուհերում՚,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Մյուս ինը շրջանավարտներից երկուսը միասնական քննություններ հանձնելիս ստացել են անբավարար միավորներ, իսկ մնացած յոթը հաջողությամբ հաղթահարել է քննությունների նվազագույն շեմը, և ըստ հավաքած միավորների կընդունվի բուհերի տարբեր բաժիններ։ 

Երևանյան և արցախյան բուհեր դիմած շրջանավարտների թվի վիճակագրություն առայժմ չկա, սակայն, ընդհանուր առմամբ, շրջանից ավելի շատ դիմում են արցախյան բուհեր։ Ըստ Խորեն Վարդանյանի՝ շրջանավարտները դիմում են հիմնականում հումանիտար բաժիններում սովորելու համար։

Կրթության բաժնի վարիչը վստահ է՝ սեպտեմբերին ավելի մեծ թվով ուսանողներ ենք ունենալու, քան այս պահին միասնական քննություններ հանձնած ուսանողներն են: ՙՀամոզված եմ, որ հեռակա ուսուցման ընդունելությանը կմասնակցեն ավելի շատ շրջանավարտներ, և սեպտեմբերին մեր շրջանից կունենանք ավելի մեծ թվով ուսանողներ, որ կսովորեն տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում՚։

Համեմատելով այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ անցած ուսումնական տարում միասնական քննություն հանձնելու համար շրջանից հայտավորված է եղել 6 շրջանավարտ, որոնցից միասնական քննությունների շեմը հաղթահարել է 3-ը։ 

ՙԱյս տարի ունենք զգալի առաջընթաց և՜ դիմորդների թվով, և՜ արձանագրված արդյունքներով։ Սրանք և՜ առանձին աշակերտների բարձր ինտելեկտի, և՜ ուսուցիչների ավելի հետևողական աշխատանքի, և՜ ծնողների՝ միասնական քննությունների հանդեպ առավել ուշադիր վերաբերմունքի համալիր արդյունք են՚,- ամփոփեց Խորեն Վարդանյանը։

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ