[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՇՈՒՔՈՎ

Հուլիսի 19-ին Ստեփանակերտի ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի մատույցներում տոնական մթնոլորտում` զուռնա-դհոլի նվագակցությամբ, ցուցապաստառներով դիմավորեցին Բրազիլիայում օրերս տեղի ունեցած Սանդա ուշուի պատանիների և երիտասարդների  աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արսեն Բաղրյանին և բրոնզե մեդալակիր Վարդան Աբրահամյանին` մարզիչ Դավիթ Գրիգորյանի հետ:

 Մարզիկներին  ողջունեցին   ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, սպորտվարչության պետ Աշոտ Դանիելյանը: 

Սանդա ուշուի Արցախի հավաքականի և ՙԼՂՀ կամավոր ֆիզկուլտուրային մարզական կենտրոն՚ ՀԿ մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջնությունը բավականին ներկայացուցչական էր. մասնակցում էին աշխարհի 45 երկրների ավելի քան 400 մարզիկներ: 

Հայաստանի կազմում մեր հավաքականն այս առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ: Դա 7-րդ  առաջնությունն էր ըստ Միջազգային ֆեդերացիայի: Եվրոպական ոչ մի երկրի ներկայացուցիչ չի անցել եզրափակիչ փուլ: Ընդհանուր խաղարկվել է 8 ոսկե մեդալ, որից մեկը 45 կգ քաշային կարգում բաժին է հասել  Հայաստանի հավաքականը ներկայացնող  արցախցի Արսեն Բաղրյանին: Իսկ մեր մյուս մարզիկը` Վարդան Աբրահամյանը,  բրոնզե մեդալի է արժանացել 65 կգ քաշային կարգում:

Մարզիչ Դ. Գրիգորյանի  խոսքով` մեր մարզիկները դժվարին պայքարում պատվավոր և վստահ  հաղթանակ տարան: ՙՈրպես հավաքականի  մարզիչ` անչափ  գոհ եմ իմ սաների արդյունքներից, պատրաստվում ենք նոր միջոցառումների՚,-ասաց նա` հավելելով, որ նրանց համար դա վերջին երիտասարդական  մրցաշարն էր, քանի որ  մեկ տարուց հետո նրանք պետք է անցնեն մեծահասակների կարգ: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի մեծ թափով մարզումների համար.  ավելի  շատ դժվարություններ պետք է հաղթահարեն փորձառու մարզիկների հետ մրցապայքարում: 

Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե  մեդալակիր Արսեն Բաղրյանն ասաց, որ անչափ ոգևորված է հայրենիքում նման ընդունելությունից:  Արդեն 10 տարի այս մարզաձևով պարապող պատանու համար սա առաջին հաղթանակը չէ.  2017 և 2018թթ. նա դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Վարդան Աբրահամյանը, որն ընդամենը երկու տարի է, ինչ զբաղվում է այս մարզաձևով, կարճ ժամանակամիջոցում հասել է մեծ հաջողությունների. անցյալ տարի  Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե,  այս տարվա մայիսին` արծաթե մեդալ:  Իսկ Հայաստանում անցկացված միջազգային մրցաշարում այս տարի գրավել է առաջին տեղը: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ