[ARM]     [RUS]     [ENG]

ՑՏԵՍՈՒԹՅՈՒ՛Ն, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՈՂՋՈՒ՛ՅՆ, ԴՊՐՈՑ

Օրերս ՀՕՄ-ի Շուշիի ՙՍոսե՚ մանկապարտեզում տոնական և աշխույժ  տրմադրություն էր տիրում։

Մանկապարտեզի խառը խմբից ութ սանիկների (որոնց թվում իմ ծոռնուհի Օլեսյայի) հրաժեշտի հանդեսն էր։

 Մանկապարտեզի շենքը տիպային չէ, անհատական առանձնատուն էր, որը գնվել է հովանավորներ Էդվարդ և Վերժինե Մսրլյանների կողմից, հարմարեցվել մանկապարտեզի պայմանների (ննջարաններ, խաղասենյակ, փոքրիկ խաղահրապարակ, խոհանոց և այլն), վերանորոգվել ու 2004թ. սեպտեմբերի 29-ից երկու խմբով (կրտսեր և խառը), 11 աշխատակիցներով գործում է ցայսօր։

40 փոքրիկ է ընդգրկված մանկապարտեզում՝ անվճար հիմունքներով։ Եվ այսօր ութ երջանիկներ, որ ճաշակել են մանկապարտեզի հեքիաթային կյանքը, մեծացել, դպրոցական հասակի են հասել ու մանկապարտեզի շրջանավարտներ են կոչվում։ Մանկապարտեզի փոքր, բայց տարողունակ դահլիճը գեղեցիկ կահավորված էր երեխաների առօրյան  ներկայացնող նկարազարդ վահանակներով, Արցախի Հանրապետության խորհրդանիշները բովանդակող անկյունով: Առանձնապես զարդարված էր դահլիճի ճակատային պատը, որտեղ ծաղիկներով ու փուչիկներով պարուրված էր ՙՀրաժեշտ մանկապարտեզին՚  խոշորատառ  գրությունը։ Դահլիճը լեփ-լեցուն էր, բացի ծնողներից, եկել էին նաև հարազատներ։ 

Ողջունելով  հյուրերին, պապիկներին, տատիկներին, ծնողներին ու փոքրիկներին` մանկապարտեզի  տնօրեն տիկին Աննան շնորհավորեց նրանց հրաժեշտի հանդեսի կապակցությամբ` նշելով, որ չնայած մանկապարտեզը չունի ավագ խումբ, բայց խառը խմբի դաստիարակչուհին իր օգնական  դաստիարակի հետ  ամեն ինչ արել է, օգտագործել տարբեր մեթոդներ ու միջոցներ, որպեսզի այս խմբում գտնվող ութնյակը (չորս աղջիկ, չորս տղա) դառնա տառաճանաչ, նրանց զինել են համապատասխան գիտելիքներով և նախապատրաստել դպրոց հաճախելուն։ Մանկապարտեզի տնօրենը` մաղթելով ամենայն բարիք,  հաջողություններ նոր օջախում՝ դպրոցում, խաղաղ երկինք և կանաչ ճանապարհ դեպի կյանքի նոր փուլ, բեմահարթակը զիջեց օրվա հերոսներին, որոնք դաստիարակի և երաժշտավարի ղեկավարությամբ  սկսեցին մանկապարտեզն ավարտելու և դպրոց մուտք գործելու իրենց առաջին քննությունը, ինչու չէ, նաև հաշվետվությունը ներկաներին։ Երեխաները հպարտությամբ ներկայացրին իրենց ով լինելը և, թե ինչ են երազում դառնալ։ 

Անչափ տպավորիչ ու հուզիչ էր յուրաքանչյուրի  վստահ ձայնով  արտահայտած երազանքը։

ՙՈւզում եմ բժշկուհի  դառնալ՚,-ասում է Օլեսյան, իսկ Դավիթը` հոր պես ոստիկան: Մյուս Դավիթը հպարտությամբ ասում է` երբ մեծանամ, մեր բանակի զինվոր կդառնամ։ Եվան ինքնավստահ ասում է. ՙԻնչ հարց էլ տաք, ճիշտ պատասխան կստանաք՚, Սենորան որոշել է դպրոցում գերազանց սովորել ու ոսկե մեդալով ավարտել, Սյուզին պարելն է գերադասում, Գագիկը դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն ընտրել, իսկ Մայքը հեքիաթների աշխարհով է տարված, նմանակում է տարբեր հերոսների։

 Լավ է, որ մանկապարտեզից է սկսվում մասնագիտության ընտրությունը, մանկապարտեզն է հայրենասիրության ու մարդասիրության դաստիարակության երկրորդ տունը, եթե ընդունենք, որ առաջինն ընտանիքն է։ Այստեղ է, որ թոթովախոս մանուկները ՙլեզու՚ են առնում, ընկերներ են գտնում, կոլեկտիվում գործել սովորում, նախադպրոցականին չափորոշող գիտելիքներ, ունակություններ ձեռք բերում: Դրանում համոզվեցինք, երբ տեսանք  հանդեսը։ Երեխաների գեղեցիկ ասմունքը, երգն ու պարը նվիրված էին հայրենիքին, ազատ ու անկախ Արցախին, մանկապարտեզի տնօրենին, դաստիարակներին և բոլոր աշխատակիցներին ու հովանավորներին։ Երեխաների կատարմամբ հայրենասիրական երգերի շարանը, հայոց տառերին, հայոց լեզվին նվիրված ձոները, ազգային պարերը շիկացրել էին դահլիճի մթնոլորտը։

Վերջում կրկին ելույթ ունեցավ մանկապարտեզի տնօրեն  տիկին Աննան` շնորհակալություն հայտնելով հովանավորներ Էդվարդ և Վերժինե  ամուսիններին, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ, հեքիաթներ ամփոփող նկարազարդ  գրքեր նվիրեց մանկապարտեզի շրջանավարտներին` նշելով նաև այն, որ մանկապարտեզի խառը խմբի երեխաները, որոնց թվում այսօրվա հերոսները, հունիսի 1-ին հանդիսավոր կերպով կնքվել են Ղազանչեցոց եկեղեցում։ Երեխաների կնքահայրը նրանց սիրելի Լևոն Գաբրիելյանն է: Ես էլ մեծ պապիկի իրավունքով  ու հանդեսից ստացած հրճվանքից ելնելով` խորին շնորհակալություն հայտնեցի երեխաներին, մանկապարտեզի կուռ կոլեկտիվին` հուզիչ ու բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ հաջորդ այցելության ժամանակ կլինեմ լավ վերանորոգված շենքում (վերանորոգման 15մլն դոլարի նախահաշիվը կազմված է ու սպասում է...), և մանկապարտեզ կգամ ոչ թե այս անշուք,  խորդուբորդ, այլ քաղաքապետարանի կամ որևէ գթասիրտ անհատի կողմից ասֆալտապատված կամ թեկուզ խճապատված ճանապարհով։ Կրկին  շնորհակալություն եմ հայտնում  տնօրենին և ծոռնուհուս դաստիարակին, որը և՜ հոգեբանի  դեր է կատարել,  և՜ ֆիզհրահանգչի, և՜ պարուսույցի, և՜ այս փոքրիկ հոդվածն ուզում եմ ավարտել նրա կողմից ձոնված և երեխաների շուրթերով արտահայտված տողերով. ՙՄնա՛ս բարով, մանկապարտեզ, մեր ցանկության շքեղ պարտեզ՚։

Մառլեն ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Մշակույթի վաստակավոր աշխատող, 

ԼՂՀ 20-րդ դարի լավագույն մանկավարժ