Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ` ՙԱՐՑԱԽԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚

Արցախի մարզական կյանքում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  հանդիսավոր պայմաններում ազդարարվեց նոր կառույցի` ՙԱրցախի մարզիկների միություն՚ (ԱՄՄ) հասարակական կազմակերպության հիմնադրումը: Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 

 Թե ինչ  գործառույթներ  և խնդիրներ է իրականացնելու մարզական նոր կառույցը, ներկայացրեց նրա նախագահ, աշխարհի կրկնակի  չեմպիոն,  Եվրոպայի չեմպիոն,  սպորտի  վաստակավոր մարզիչ Աշոտ Դանիելյանը: 

 ԱՄՄ-ն, համագործակցելով ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության,  մարզական, ստեղծագործական, հումանիտար, բարեգործական և այլ  կազմակերպությունների, մարզական և հասարակական գործիչների հետ,  առավելագույնս նպաստելու է մեր հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի զարգացմանը: Դրանով զբաղվող  քաղաքացիներին և կազմակերպություններին օժանդակելը, մարզիկների, մարզիչների  և  մրցավարների իրավունքների պաշտպանությունը միության գլխավոր նպատակներից են: Կազմակերպության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ  է հատկացվելու վետերան մարզիկների սոցիալական պաշտպանությանը, առողջ ապրելակերպի  և օլիմպիական իդեալների  քարոզչությանը:  ՙԱրցախի մարզիկների  միություն՚ ՀԿ-ն հնարավորություն է տալիս վետերաններին փոխանցել իրենց փորձն ու գիտելիքները, ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական   կյանքում: 

ԱՄՄ նախագահը ներկայացրեց վերջին յոթ տարում  մարզական Արցախի հաջողությունները: Մեր մարզիկները 150 անգամ մրցանակային  տեղեր են գրավել  աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: 7 հոգի դարձել է աշխարհի, 14-ը`  Եվրոպայի, 331 անգամ տարբեր մարզաձևերից ՀՀ  չեմպիոն: Ունեցանք նաև շախմատի գծով միջազգային կարգի 2 գրոսմայստեր: Մեր պետությունը բարձր է գնահատել Արցախի մարզիկների, մարզիչների  համառ ու տքնաջան աշխատանքը, վաստակը: Պարգևատրվողների  թվաճը դարձյալ արտացոլում է մարզական հաջողությունների շարժընթացը: Այսպես, ԱՀ կառավարության  կողմից պարգևատրվել են. 2011 թվականին` 22 հոգի, 2012թ.` 78, 2013-ին` 81, 2014-ին` 87, 2015-ին` 132, 2016-ին` 94 հոգի, 2017-ին` 126 , ընդհանուր  առմամբ` 210 մարզիկ`  590  անգամ: 

ԱՀ պատվավոր կոչումների են արժանացել. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  վաստակավոր գործչի` 9 հոգի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի` 10 հոգի, վաստակավոր մարզչի`  9 հոգի: 

Թվերի հետևում մարզիչների տքնաջան աշխատանքն է, մարզիկների կամքն ու տոկունությունը և, իհարկե, պետական աջակցությունը, որի շնորհիվ ամեն տարի  և տարին մի քանի  անգամ Ստեփանակերտի մատույցներում  դիմավորում ենք  մեր չեմպիոններին: Թարմ օրինակն օրերս էր: 

Արցախի սպորտային կառույցն իրենից մեծ ուժ է ներկայացնում: Արցախում այժմ գործում են 24  մարզական ֆեդերացիա, Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում` 11 մանկապատանեկան դպրոց, որտեղ 20 մարզաձևից առկա է 267 մարզախումբ`  շուրջ 5000 պարապողներով:  Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով  զբաղվում է ավելի քան 15  հազար մարդ: 

ԱՄՄ նախագահը ձեռքբերումների կողքին նշեց նաև  անելիքները: Ապրում ենք անկայուն  ու պայթյունավտանգ տարածաշրջանում, և  խնդիր է դրված կարճ  ժամանակահատվածում  յուրաքանչյուր քաղաք, գյուղ, բնակավայր, փողոց  դարձնել անխոցելի, ամրոց, ինչպես Հին Սպարտայում`   անպարտելի պետք է դարձնել  յուրաքանչյուր քաղաքացու: Դրա համար էլ ամբողջ երկսեռ բնակչությունը` մեծից  փոքր,  պետք է  մշտապես, սիստեմատիկաբար   զբաղվի սպորտով և ֆիզկուլտուրայով, յուրաքանչյուր հայ պետք է ֆիզիկապես առողջ,  ամուր  և պատրաստ լինի ցանկացած պահի  զենք  վերցնել ու հակահարված  տալ թշնամուն: Մեր պետության առջև  ծառացած օրակարգի կարևորագույն խնդիրներից  է  տնտեսական բնագավառը,  ուր պետք է գրանցել  հաջողություններ, և  այստեղ էլ անհրաժեշտ է ունենալ  առողջ ու կոփված քաղաքացիներ:

 Միության նախագահը թվարկեց նաև  հրատապ  լուծում պահանջող խնդիրները,  որոնց լուծման դեպքում կունենանք ավելի  մեծ հաջողություններ: Դեռևս  թույլ է մարզանյութական բազան, այն չի համապատասխանում  միջազգային չափանիշներին: Չեն հերքիում  խաղահրապարակներն ու  մարզադաշտերը: Ակտիվ սպորտը թողնելուց հետո մարզիկների մի մասը  չի  կարողանում ինտեգրվել հասարակությանը: Նրանց  հարուստ փորձը, ինչպես հարկն է, չի օգտագործվում, չի փոխանցվում մատաղ սերնդին: Նրանք կարիք  ունեն ավելի մեծ ուշադրության: 

Սպորտի դերը մեծ է նաև երկրի ճանաչման առումով: Դիվանագետներից ոչ պակաս հաջողությամբ այսօր Արցախն  աշխարհին ներկայացնում են մեր մարզիկները, ովքեր,  հանդես գալով հայկական եռագույնի ներքո, փաստացի  ներկայացնում են և Հայաստանի Հանրապետությունը, և Արցախը:  

ԱՄՄ-ի ստեղծումը ողջունեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը,  որի  գնահատմամբ, նախաձեռնության հիմքում ձեռքբերումներն ու հաղթանակները ամրագրելու և շարունակական դարձնելու, արցախյան  մարզական  միասնական ընտանիքի գաղափարն է: ՙԱյո, ՙԱրցախի մարզիկների միությունը՚  կարող է  դառնալ մեր հավաքական ուժի դրսևրումներից  մեկը,-ասաց նա:- Մեր երկրում վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է տարվել սպորտի մասսայականացման ուղղությամբ. նոր մարզադաշտերի, մարզադահլիճների, մարզադպրոցների, հրապարակների  կառուցումն ու հիմնանորոգումը, տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված  քայլերը, հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելը սեփական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորություն են  ընձեռել հազարավոր երեխաների: Դրա լավագույն վկայությունն են ամեն  տարի աշխարհի ամենատարբեր հարթակներում  մեր  մարզիկների   արձանագրած հաջողությունները, որոնք, անկասկած,  նաև  ճանաչում են բերում մեր երկրին,  խոսում են մեր կենսակերպի,  դավանած արժեքների,  ձգտումների ու նպատակների մասին: Վստահ եմ,  ԱՄՄ նորաստեղծ միությունը անկասելի կդարձնի  այս  սպորտային շարժումը  և կնպաստի նոր հաղթանակների  արձանագրմանը՚: 

Այս  օրերին հպարտանալու հերթական առիթը տվեցին  մեր  ուշուիստները, որոնք աշխարհի առաջնությունից վերադարձան հաղթանակներով: Միջոցառմանը Ն. Աղաբալյանը շնորհավորեց և նվերներ հանձնեց ոսկե մեդալ նվաճած Արսեն Բաղրյանին, բրոնզե մեդալակիր Վարդան Աբրահամյանին և  մարզիչ Դավիթ Գրիգորյանին: 

Վերջինս իր ուրախությունը հայտնեց մարզական նոր կառույցի ստեղծման կապակցությամբ` նկատելով, որ այն  կդառնա կարևորագույն  հարթակ առողջ և արդյունավետ քննարկումների համար: ՙՄիությունը կդառնա  այն խթանիչ  մարմիններից  մեկը, որը մեզ կտանի դեպի ավելի զարգացած ու զորացած պետություն, որում ապրում է առողջ ու կոփված սերունդ՚,-ասաց նա: 

ԱՄՄ ՀԿ-ի ստեղծումը ողջունել են նաև նրանք, ովքեր  մեծ ավանդ ունեն հանրապետությունում  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման  ու տարածման, մարզիկների կրթության ու դաստիարակության գործում: Այդ կապակցությամբ ելույթ ունեցավ վաստակաշատ մարզիկ Վագիֆ Իշխանյանը:

Մարզական  միության ստեղծումը գեղարվեստական ելույթներով ողջունեցին մայրաքաղաքի մշակույթի օջախների ներկայացուցիչները: 

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ