[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻՈՒՄ

Հուլիսի 16-23-ը Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ՙԱրցախի բալիկներ՚ երգի-պարի ինքնագործ համույթը Պարի միջազգային փառատոնի շրջանակում ելույթներով հանդես եկավ Սոչիում:

Շրջագայությունը կազմակերպել էր Շ. Ազնավուրի կենտրոնը (տնօրեն` Արմեն Հովսեփյան) Երևանի ՙԱրմԱրթ՚ պրոդյուսերական կենտրոնի (ղեկ.` Արսեն Ավետիսյան) հետ համատեղ: Մշակութային այս երկու կենտրոնների համագործակցությունը գործնականում անցյալ տարվա վերջերին է սկզբնավորվել, երբ հայաստանյան մանկական մի շարք համույթներ շրջագայեցին Արցախում` տեղի երեխաների հետ զորամասերում, մշակույթի օջախներում հանդես գալով համատեղ համերգներով: 

Սոչիում ՙԱրցախի բալիկներ՚-ը հանդես են եկել ինչպես տեղի հայկական, այնպես էլ ռուսական համույթների և երգիչների հետ` յուրատեսակ վարպետության դասեր առնելով միմյանցից, մեզ հետ զրույցում շրջագայության որոշ մանրամասներ ներկայացրեց Շ. Ազնավուրի անվան կենտրոնի տնօրեն, արցախյան խմբի ղեկավար Ա. Հովսեփյանը:    

Ռուսական համույթի հետ համատեղ մեծ համերգ են ունեցել Լազարևսկի շրջանի Լոոի միկրոշրջանում, որտեղ էլ արցախցի պատանի արտիստները հանգրվանել էին Մելիք և Սուսաննա Ծերմությանների ՙ1000 ՐՏջ. Հազարավարդ՚ ծովափնյա հյուրատանը: Համերգին ներկա էին  հայ և ռուս հանդիսատեսներ: ՙՀայաստան ջան՚, ՙՆախշուն բաջի՚, ՙՀայ, հայ՚, ՙՀայոց բանակ՚, ՙՀայ զինվոր՚, ՙԻմ Արցախում՚ երգերը, ՙՏավիղ՚, ՙԷնզելի՚, ՙՄարտիկի պար՚, ՙԴինո՚  պարերը ջերմորեն  են ընդունվել հանդիսատեսների կողմից: ՙՄեզ համար առանձնապես անակնկալ էր ռուս հանդիսատեսի կողմից ֆիդայական երգերի ու պարերի շատ լավ ընկալումը՚,-ասաց Ա. Հովսեփյանը: Արցախցի երեխաները նաև ռուսական պարեր են ներկայացրել` ի նշան բարեկամության: Համերգին ներկա էր Լազարևսկի շրջանի Կրիկոր Սահակի Մազլումյանի անվան ազգային մշակութային կենտրոնի տնօրեն Տատյանա Քոնդակչյանը, որը, ելույթ ունենալով, բարձր է գնահատել արցախցի երեխաների արվեստը, պատճառած ստեղծագործական մթնոլորտը, կատարման վարպետությունը  և  Լոոի գյուղական օկրուգի վարչակազմի ղեկավար Ա. Դեմիրճյանի կողմից շնորհակալագիր հանձնել համույթին, նրա ղեկավարությանը` ժողովրդական ավանդույթների պահպանման և փոխանցման գործում ունեցած ներդրումի համար: Ա. Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ տիկին Քոնդակչյանի հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել  Սոչիում հետագա համերգաշար կազմակերպելու համար: 

Համերգներ տալուց բացի հետաքրիր են անցել արցախցիների նաև ժամանցային ծրագրերը, այցելությունները հայկական վայրեր: Նրանց վրա մեծ տպավորություն է թողել Ադլերի հայկական սուրբ Սարգիս եկեղեցին և ծանոթությունը նրա քահանայի հետ, որը մեկն է այն 12 հայ հոգևորականներից, որոնք քահանա օծվելիս վերցրել են Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների անուննները: Ադլերի քահանան կրում է Նաիրի անունը: Նա անվանապես օրհնել է խմբի բոլոր անդամներին, իսկ նրանցից Էլեն Հովհաննիսյանը կատարել է հոգևոր երգ: 

Լազարևսկում երեխաներին մեծ բավականություն են պատճառել այցելությունները  դելֆինարիում և պինգվինարիում: Իսկ ամենամեծ հաճույքը նրանք ստացել են ծովափին հանգստանալու ժամանակ:

Նշենք, որ երեխաներին Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենի հետ միասին ուղեկցել են պարուսույց  Անահիտ Մելքումյանը,  մեթոդիստ Կարինե Մեսրոպյանը, ծնողներ: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ