[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՍԻՐՈՎ

Հուլիսի 25-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգչուհի Գոհար Խաչատրյանի համերգը։

Աշուղական և ժողովրդական երգարվեստի երկրպագուներին դահլիճ էր բերել նաև այն հանգամանքը, որ երգչուհու հետ հանդես էին գալիս Արամ Մերանգյուլյանի անվան ժողովրդական գործիքների  ճանաչված համույթի երաժիշտները՝ դուդուկահար Արսեն Գրիգորյանը, քանոնահարուհի Փիրուզա Կարապետյանը, քամանչահար Օնիկ Գալստյանը, դհոլահար Հարություն Կարապետյանը։ 

Համերգային ծրագրի սկսելու իրավունքը վերապահվել էր երաժիշտներին, ովքեր կատարեցին ՙԿովկասյան պար՚ ստեղծագործույթունը, ապա` ՙՀարսանեկան պարը՚։ ՙԷշխեմեն՚ ստեղծագործությունը Սայաթ-Նովայի  տառին ու ոգուն համապատասխան քանոնի վրա կատարեց Փիրուզա Կարապետյանը։ 

Գ. խաչատրյանը դահլիճին ներկայացրեց Ալեքսեյ  Հեքիմյանի (ՙԱնուշ Հայաստան՚, ՙԾաղկիր ինձ համար՚), Գուսան Աշոտի (ՙՕջախում՚, ՙԱխ, այս գիշեր՚), Խաչատուր Ներսիսյանի (ՙԵկել է գարուն՚), Սայաթ-Նովայի (ՙԹամամ աշխարհ՚), Միսկի Բուրջիի (ՙԳարունքներս՚) երգերը։

Երեկոն վարում էր Ժասմեն Գևորգյանը, ով իր հիանալի ասմունքով  գերեց  դահլիճը (Չարենց՝ ՙԷլի գարուն կգա՚, ՙԱմեն տեսակ երգ երգեցի՚, ՙԿուզեմ հիմի  փչե զուռնեն՚ և այլն)։

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել նաև Գեղարքունիքի մարզկենտրոնի ՙԲագրևանդ՚ մշակութային կենտրոնի սաները, թերևս մի քիչ անփորձ, բայց ազգային երգարվեստի  հանդեպ սիրով ու նվիրումով։ Երաժիշտները հատկապես առանձին ջերմությամբ էին նվագակցում սաներին, ովքեր կատարեցին Ջիվանիի ՙՀայրենիքի ջուրը՚, Գուսան Աշոտի ՙՂարաբաղի  գարուն՚, ՙՍարի սիրուն յար՚, ժողովրդական այլ երգեր։ Հեքիմյանի ՙՍիրո ամառ՚ երգը սաները կատարեցին Գ. Խաչատրյանի մենակատարությամբ։ Համերգն ավարտվեց ժողովրդական երգերի  շարանով։

Համերգի ավարտից  հետո զրույցում  Գ. Խաչատրյանն ասաց, որ ինքը երկու տասնամյակից էլ ավել իրեն  նվիրել է հայ աշուղական և ժողովրդական երգարվեստի քարոզմանը, և իրեն նվագակցել են նշանավոր երաժիշտներ՝ Հրաչյա Մուրադյան, Սերգեյ Կարապետյան, Ալվարդ Միրզոյան, Ռաֆայել Վարդանյան, Գեորգի Մինասով և այլն։ Սկզբում աշխատել է որպես քանոնահարուհի, բայց երգը նրան ձգեց-տարավ, ու շարունակեց երգչուհի մոր  գործը։ Առաջին քայլերն արել է Թովմաս Պողոսյանի ՙՍայաթ-Նովա՚ աշուղական համույթում։  ՙՄենք ունենք հարուստ երաժշտական գանձանակ։ Կոմիտասն  ինձ համար սրբության սրբոց է, նաև պատարագներ եմ երգում,- ասաց  երգչուհին: -Մեծն Ջիվանին այսպիսի տողեր ունի՝ ՙՄշակույթի  մշակ համարվում է այն մարդը, ով կկարողանա ամենածանր պայմանները հաղթահարել՚։ 

Երգչուհին սկսել է համերգային ծրագրեր կազմել և հանդես  գալ 1995-ից, երբ ծանր տարիներ էին։ Իր երգացանկում ունի  հազարից ավելի գործեր, այդ թվում` բարդ ստեղծագործություններ։ 

Պաշտում է Սայաթ-Նովային, կատարում է  Շերամի, Շահենի, Բագրատի, Սմբատի, Իգիթի, Սաթունցի, Հեքիմյանի, Խաչատուր Ներսիսյանի և այլոց երգերը։ Մշտապես ձգտում է նորության՝ երգացանկային առումով, որը հաճելի կլինի  և իրեն, և ունկնդրին։ ՙԱրվեստի համար հիմա էլ դժվար տարիներ են,- ասաց,- չի կարելի աղավաղել մեր նախնիներից եկած մաքրամաքուր երգը։ Չի կարելի արվեստը բիզնեսի վերածել՚։ Երգչուհին հանդես է եկել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնության հայաբնակ վայրերում: Արցախում վեցերորդ անգամն է։ Երազել է ստեղծել մշակութային կենտրոն մարզերում, և այն իրականություն դառավ 2017-ին Գեղարքունիքի մարզում։ Այժմ այդ կենտրոնում ընդգրկված են 40 սաներ։ Կենտրոնում սովորում են  ոչ միայն երգ, այլև պար, ասմունք, բեմական խոսք... 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ