[ARM]     [RUS]     [ENG]

ՙԹԵՎԱՆԻԿ՚ ԻՐԱՆԱՀԱՅ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Օգոստոսի 20-22-ը ՙԹևանիկ՚ իրանահայ բարեսիրական խմբի հինգ անդամներ Ստեփանակերտի ՙՍոսե՚ մանկապարտեզի ընդարձակ սրահում անցկացրին ձեռքի աշխատանքների, կարուձևի ուսուցման պրակտիկ պարապմունքներ:

Խմբի համակարգող Ալինա Գասպարյանի հետ մեր զրույցն այցի նպատակների, այսօրվա և գալիք ծրագրերի մասին է:

Հիշեցնենք, որ ՙԹևանիկը՚ համագործակցում է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի միավորի հետ, որը տեղում կատարում է կազմակերպական աշխատանքները: Այս անգամ խումբը ժամանել է օգոստոսի 18-ին, որպեսզի հօմուհիների հետ մեկտեղ նախապատրաստի գործընթացը:

Ալինա Գասպարյանի տեղեկատվությամբ՝ դասերը կանցկացվեն Ստեփանակերտում և Շուշիում ինչպես տեղաբնակների, այնպես էլ շրջանների բնակիչների համար: Բացառություն կկազմեն կարուձևի դասերը, որոնք կանցկացվեն միայն Ստեփանակերտում, քանի որ անգամ այդ 6 օրը բավարար չէ լիարժեք յուրացնելու պրակտիկ դասերը, որոնք սկսվում էին 10.00-ից և ավարտվում 16.00-ին: Ալինան տեղեկացրեց, որ սահուն գործընթացի ապահովման համար խմբի անդամներն իրենց հետ բերել են անհրաժեշտ բոլոր պարագաները, այդ թվում նաև կարի մեքենաներ, կտորներ, թելեր: Հօմուհիներն ապահովել են շենքային, աշխատանքային պայմանները, հավաքագրել  ցանկացողներին, հատկապես շրջաններից եկողներին (փոխհատուցվել է տրանսպորտի դիմաց վճարը), ինչպես և հոգացել են երկանգամյա սննդի հարցերը:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, պարապմունքներին Ստեփանակերտում մասնակցելու համար գրանցվել էին 55-60 կանայք և աղջիկներ, իսկ ընթացքում այդ թիվն ավելանում էր: Հիմնականում ցանկություն էին հայտնում մասնակցելու կարուձևի դասերին, այն էլ՝ մեծամասամբ բարձր դասարանների աղջիկները, ովքեր շատ արագ յուրացնում էին դասը և անցնում պրակտիկ գործին՝ կարում էին շրջազգեստներ, տաբատներ, վերնաշապիկներ: Ըստ կազմակերպիչների` բերած կարի մեքենաները կմնան Ստեփանակերտում` հօմուհիների պատասխանատվության տակ:

Շուշիում այդ պարապմունքներին մասնակցեցին մոտ 40 կանայք և աղջիկներ:  Անցյալ տարվա կազմից մասնակցեցին շատ քիչ մարդիկ, այս տարի հիմնական խումբը կազմեցին երիտասարդները: Ըստ Ալինա Գասպարյանի` պատրաստի արտադրանքի մի մասը վաճառքի հանեցին իրանահայ համայնքում և հասույթն ուղարկեցին դրանք պատրաստողներին: Նա նշեց, որ համագործակցում են նաև մեղվաբույծների հետ, որոնք շուկա են հանում անարատ մեղր` այդ ապրանքն արդեն 4 տարի է իրացնում են իրանական շուկայում:

 Տեղեկացանք նաև նոր ծրագրերի մասին. դրանք ընթացքի մեջ են: Երկու ամիս առաջ ուղարկել են 5 համակարգիչ, տպիչ սարք, որոնք բաշխվել են Արցախի գյուղական դպրոցներին: Նախատեսվում է մինչև տարեվերջ ուղարկել ևս մոտ 100 համակարգիչ, տպիչ սարքեր գյուղական դպրոցների համար. առաջնահերթությունը կտրվի սահմանամերձ բնակավայրերին: Նշված ծրագրերին իրենց անմիջական աջակցությունն են ցուցաբերում Ռայա  Լարյանսը (հելյունագործություն), Նվարդ Քեշիշյանը (ասեղնագործություն), Անի Զաքարյանը (ձեռքի աշխատանք) և Անահիտ Թորոսյանը (կարուձև):

Քանի որ մեծ էր հետաքրքրությունը կարուձևի նկատմամբ, զրուցեցինք այդ երիտասարդ աղջիկների հետ, որոնք հիմնականում սովորում էին ավագ դպրոցում: Բոլորիս ուրախացրին երիտասարդների նման ձգտումները: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ