ԱՐՑԱԽԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՖՈՒՏԲՈԼԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ ՙԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ՚ ԹԻՄՆ Է

Ֆուտբոլային կյանքն Արցախում ակտիվացնելու և մարզաձևը նաև շրջաններում զարգացնելու նպատակով վերջերս ստեղծվել է ՙԱրցախի ֆուտբոլի լիգա՚ հասարակական կազմակերպությունը, որի ջանքերով Ստեփանակերտում կայացել է լիգայի գավաթի առաջին խաղարկությունը։

Խաղարկությանը մասնակցել է ութ թիմ, որից վեցը՝ հանրապետության շրջաններից։ 

Այսպիսով, Արցախի նորաստեղծ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցել են մայրաքաղաքը ներկայացնող ՙԼեռնային Արցախ՚ և ՙԵրազանք՚, Ասկերանի ՙԲերդ՚, Շուշիի ՙՔիրս՚, Մարտունու ՙԱվո՚, Մարտակերտի ՙՋրաբերդ՚, Ճարտարի ՙԲերդ՚ և  Վանքի ՙԳանձասար՚ թիմերը։ Լիգայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում ընկած է արցախյան ֆուտբոլի զարգացմանը խթանելու գաղափարը։ Թիմերի մասնակցությունն ու աշխարհագրությունն արդեն փաստում են, որ գավաթի խաղարկության կազմակերպիչները հասել են իրենց նպատակին. ՙԱրցախի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությամբ մեծ աշխուժություն նկատեցինք թե՜ մայրաքաղաքի և թե՜ շրջանների ֆուտբոլասերների մոտ։ Թիմերը հաճելի աշխուժությամբ պատրաստվում էին հանդիպումներին։ Հատկանշական է, որ լիգայի գործունեությունը հասցրել է հետաքրքրել նաև մանկապատանեկան խմբերին։ Այսինքն, աճող սերնդի ֆուտբոլիստներն էլ շահագրգռված են, որ առաջիկա տարիներին լավ խաղ ցուցադրեն լիգայի գավաթի խաղարկություններում՚,-ասում է Մ. Ավանեսյանը։

Սեպտեմբերի 1-ին Արցախի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում հանդիպել են Ստեփանակերտի ՙԼեռնային Արցախ՚ և Ասկերանի ՙԲերդ՚ թիմերը։ Հանդիպման առաջին րոպեներից մայրաքաղաքը ներկայացնող թիմի խաղային առավելությունն ակնհայտ էր, ինչն էլ աչքի ընկավ հաշվի մեջ փոփոխությամբ։ Մինչև առաջին խաղակեսի ավարտը ՙԼեռնային Արցախն՚ իրացնում է ևս երկու գնդակ, ու թիմերն ընդմիջման են գնում 3։0 հաշվով։ Ըստ ՙԼեռնային Արցախի՚ անդամ Կարեն Կարապետյանի՝ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությանը պատրատվել են պատշաճ մակարդակով. ՙՄենք քրտնաջան պարապում ենք, և ասեմ, որ թույլ թիմեր չկային, բոլորն էլ շատ գեղեցիկ խաղ են ցուցադրել, բայց մեզ հաջողվեց ավելի լավ դրսևորել մեր կարողությունները։ Կարծում եմ` սա թիմի և, իհարկե, մարզչի քրտնաջան աշխատանքի արդյունքն է՚։ 

Երկրորդ խաղակեսում ՙԼեռնային Արցախ՚-ը շարունակում է գրոհը, իսկ Ասկերանի ՙԲերդի՚ հակագրոհներն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չեն մտցնում։ Արցախի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման երկրորդ խաղակեսն ավելի գոլառատ էր. հանդիպումն ավարտվել է 8։0 հաշվով՝ հօգուտ Ստեփանակերտի թիմի։ Մարզիչ Սլավա Գաբրիելյանին թիմի ցուցադրած խաղը գոհացնում է. ՙԱյսօր ես գոհ եմ և՜ թիմի խաղի որակից և՜ խփած գոլերից։ Տղաները շատ մոբիլ էին, շատ հետաքրքիր կոմբինացիաներ արեցին՝ զուգահեռ հուսալի խաղ ցուցադրելով նաև հետևի գծում՚։ 

 Կարո՞ղ է, արդյոք, ֆուտբոլի լիգայի գործունեությունն անկյունաքարային լինել Արցախի ֆուտբոլի զարգացման համար հարցին վաստակավոր մարզիչը չի շտապում դրական պատասխան տալ։ Սլավա Գաբրիելյանի համոզմամբ, մարզաձևը մեր երկրում առայժմ չի տեղափոխվել պրոֆեսիոնալ մակարդակ, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ են հետաքրքրություն և ներդրումներ, որոնց առկայությամբ արցախյան ֆուտբոլը կարող է նաև եկամուտներ ապահովել: ՙԿարծում եմ` մենք կզարգանանք միայն այն դեպքում, երբ բոլոր թիմերն ունենան մարզադաշտ, նոր մարզման պայմաններ և վարձատրվեն` ինչպես հարկն է։ Ներկայումս կիսապրոֆեսիոնալ վիճակում են թիմերը։ Եթե մյուս թիմերն էլ հովանավորներ ունենան, արագ կզարգանան՚։

Արցախի ֆուտբոլի լիգայի ներկայացուցիչները գավաթի առաջին խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակիցները հանձնել են դիպլոմներ, հաղթող թիմին՝ Ստեփանակերտի ՙԼեռնային Արցախին՚ նաև դրամական պարգևներ և, իհարկե, գավաթը։ Լիգայի պատասխանատուների խոսքերով՝ 2019 թվականին գավաթի խաղարկությունն անցկացնելու են արդեն տասը թիմի մասնակցությամբ։

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ