[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի ընթերցասրահում սեպտեմբերի 20-ին կազմակերպված միջոցառումը նվիրված էր հանրապետության մայրաքաղաքի վերանվանման 95-ամյակին։

Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը` ներկայացնելով քաղաքի պատմությունը, որի արմատները հասնում են մինչև բրոնզե դար։ 

Քաղաքի հազարամյա պատմության մասին են վկայում տարածքում կատարված հնօրյա և նորօրյա պեղումները, որի գտածոները  գտնվում են Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում։ Մ. Խաչատրյանը հիշեցրեց բանաստեղծ, հրապարակախոս Հրաչյա Բեգլարյանի գրքերից մեկում զետեղված այն պատմությունը, որ հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆին երկու հարյուր տարի առաջ լինելով Արցախում, նաև այս հինավուրց բնակավայրում, զրուցել է բնակիչների հետ, և առայսօր Ստեփանակերտում գտնվող վայրը կոչվում է ՙՐաֆֆու ձոր՚։ Տնօրենն անդրադարձավ նաև 1840-1850-ական թվականներին այստեղ ռուսական կայազորի տեղակայման փաստին։ Ստեփանակերտ անունն աշխարհով մեկ հնչել է 1988-ի Ղարաբաղյան շարժման զարթոնքի ժամանակներից։ Քաղաքը տեսել է պատերազմ, նաև` հաղթանակներ։ Այսօր մայրաքաղաք այցելած հյուրերը հիանում են այստեղ ապրող մարդկանց հյուրասիրությամբ, աշխատասիրությամբ։ 

Քաղաքը հայտնի է իր անվանի մարդկանցով, որոնցից մեկը՝ թոշակառու մանկավարժ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Սվետլանա Դավթյանը, հրավիրվել էր միջոցառմանը։ Վաստակաշատ ուսուցչի մասին պատմեց թոշակառու մանկավարժ, նախկին գործընկեր Ռոմելա Թովմասյանը, ընդգծելով ուսուցչուհու նվիրվածությունը, տարիների վաստակը։

Հանդես եկավ նաև  Ս. Դավթյանը, ասելով, որ քաղաքը բոլորիս հպարտությունն է, կենսագրությունն է, ուր էլ գնանք, մեզ տուն կանչող գողտրիկ, չքնաղ օջախն է, որը պիտի պահենք, պահպանենք, շենացնենք, հզորացնենք։ 

Գրադարանի ակտիվ ընթերցողներն արտասանեցին Արցախին ու Ստեփանակերտին նվիրված ստեղծագործություններ։

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ