[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱՌԸ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է

Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի  դահլիճում  օրերս նշվեց բանաստեղծ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դասախոս Արկադի Թովմասյանի ծննդյան 70-ամյակը։ 

 Գրական ցերեկույթը բացեց ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, անդրադարձավ տարիներ առաջ  սկսված իրենց մտերմությանը, երբ որոնումների մեջ էին, երբ փորձեր էին անում  ունենալ իրենց ձայնը։ Ա. Թովմասյանը միշտ ունեցել է իր ընթերցողական լսարանը, որի հետ զրուցել է, կիսել  իր խոհերը։ Այն, ինչ ստեղծել է բանաստեղծն ի վերուստ իրեն տրված շնորհքով, բխում է սրտից, խոսում է սրտերի հետ: ՙՍայլակներով պարը՚ ցնցող բանաստեղծություն է, որում հեղինակը կարողացել է հասնել գեղարվեստական ընդհանրացման։ Նրա ձեռագրին հատուկ են ապրումը, քնքշությունը, որոնց նպաստել է բանաստեղծի հոգեբան լինելը, նրա բառը պայքարի մեջ է։

Հոբելյարի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը ներկայացրեց բանաստեղծուհի, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գրականության ամբիոնի վարիչ Ժաննա Բեգլարյանը. Ա. Թովմասյանն իր բանաստեղծություններով ստեղծում է ինքնատիպ մի աշխարհ, որտեղ ժամանակը ելևէջում է իր հանգույն, նա իր հոգու վրա կրում է հայրենի եզերքի ողբերգությունն ու հաղթանակները, իր մեջ կրում և անդրադարձնում  հերոսականն ու ողբերգականը: Չկա մի պահ, որի մեջ չհնչեն նահատակների ձայները. ՙԼսեցե՜ք նրանց՚, ՙՔննություն է, տղե՜րք՚, ՙՀնչում են անունները՚ և այլն։ Բանաստեղծի մոտ մայրերգությունն ինքնատիպ երանգներ է ստանում, նրա համար մանկության կրկնության նախապայմանը մոր ներկայությունն է, իսկ սիրային  բանաստեղծություններում լույս ու հավատ կա, հոգու նվիրում ու հավատարմություն։ Բանաստեղծը մի ձգտում ունի՝ իր ապրած կյանքով հայրենի հողի հավերժությունը գոնե մեկ վայրկյանով երկարաձգել։ ժ. Բեգլարյանը ցանկացավ, որ մարդու տեսակը չխաթարվի, համեստության մեջ մնա խորը, մտերմության մեջ՝ անդավաճան, հարաբերություններում՝ անմիջական ու կարեկից։

ՙՀայրենյաց պաշտպան՚ և ՙՇուշի՚ թերթերի խմբագիր Ռոբերտ Եսայանը նշեց, որ բանաստեղծի հոգեաշխարհից են ալիքվում ցավն ու տառապանքը, երազն ու տենչը։ Թովմասյանի բանաստեղծությունները չեն վհատեցնում, այլ հուսադրում են ընթերցողին։ Որպես հոգեբան-բանաստեղծ` նա կարողանում է թափանցել երևույթների մեջ, լռությունը շոշափում է հոգու լարերով։

Բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն անդրադարձավ Ա. Թովմասյանի պատերազմական թեմայով գրած  ստեղծագործություններին, որոնք իրենց բովանդակային ինքնատիպությամբ, արծարծած խոր հոգեբանական ապրումներով ու իրավիճակներով հոգեցունց ազդեցություն են թողնում ընթերցողի վրա։ Թովմասյանը պատերազմն ատել  տալու իր մոտեցումն ունի, որն անում է առանց ավելորդ ճիգերի, պարզապես վերարտադրելով ժողովրդի ցավը, որը նաև իր ցավն է։  Պատերազմի ողբերգականությունը, դրամատիզմն ամբողջությամբ  տեսանելի է Թովմասյանի բանաստեղծությունում, որտեղ տիրապետողը ցավի սուր զգացողությունն է։ Բանաստեղծը նաև ապրողներին զգոնության կոչ է անում՝ պատգամելով ապրել գիտակցաբար, չմոռանալ նահատակներին, հիշել նրանց սխրանքը, ուշադիր լինել պատերազմի հաշմանդամների, զոհվածների ընտանիքների հանդեպ։ Ելույթ ունեցողն ընդգծեց Թովմասյանի ոճը, որ զուրկ է պաթոսից, ամպագոռգոռ արտահայտություններից, շինծուությունից։ Գրողի պատերազմի մասին պոեզիան զուրկ է ագրեսիայից, այն շաղախված է բարությամբ ու մարդասիրությամբ. ՙՔո վերջին զինվորն եմ ուզում լինել մարտի դաշտից հեռացողը՚,- գրում է բանաստեղծը։

ԱրՊՀ և ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանների դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Կարինե Ավանեսյանը և բանաստեղծ  Դավիթ Միքայելյանն ընդգծեցին հոբելյարի մասնագիտական հմտությունները և մարդկային  հատկանիշները՝ մաքուր հոգի, բարի, սրտակից, զգայուն, կարեկից։ Նա ՙնկարել է՚ իր պատկերացրած Ղարաբաղը խաղաղ և պատերազմական տարիների, նկատում է անտեսանելին, ներկայացնում ընդհանրացրած, գեղարվեստորեն։ Թովմասյանի բանաստեղծություններից շատերը հնչում են բեմերից։

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ուսանողները կարդացին Թովմասյանի ստեղծագործություններից։

ՙԵս իմ բաժին գործն եմ անում՚,-համեստորեն ասաց հոբելյարը՝ երախտագիտություն հայտնելով հնչած ջերմ ու անկեղծ խոսքերի համար։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ