[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ ՈՒՐԻՇ ԱԶԳԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Ռուսական  խոսքի օրերի՚ շրջանակում 
Հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացվող ՙՌուսական խոսքի օրերը՚, որ մեկնարկել է մարտի 26-ից` մայրաքաղաքում, միջոցառումների շարքով շարունակվեց շրջաններում` Ռուսաստանից և Հայաստանից ժամանած հյուրերի` Նիժնի Նովգորոդից բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի, ՀՀ-ում ռուսագիր գրողների պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Շուվաևայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, հանրապետության ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանի, Երևանի ՙՀայկրթություն՚ դպրոցի ուսուցիչ Մելանյա Գեղամյանի, Արցախի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
  Ներկայացնում ենք ռուսական շաբաթի հակիրճ օրագիրը:
Մարտի 27-ին Մարտունում կազմակերպվեց շրջանի ռուսաց լեզվի ուսուցիչների  մեթոդական խորհրդաժողով: Նախքան միջոցառումն սկսելը հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին:
Խորհրդաժողովը բաղկացած էր մի քանի փուլերից, որի սկիզբը շրջվարչակազմի նիստերի դահլիճում էր: Վարչակազմի անունից  այն ողջույնի խոսքով բացեց շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Գեորգի Սևիկյանը` շնորհակալության խոսք ուղղելով միջոցառման նախաձեռնող` ԼՂՀ  ԿԳՆ ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովին, որի մտահղացմամբ նման միջոցառումները բարելավում են ռուսաց լեզվի դրվածքը շրջանում: Իր հերթին ելույթ ունենալով` Ռ. Օսիպովը ներկայացրեց ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանի ուղերձը  ՙՌուսական խոսքի օրերի՚ կապակցությամբ: Նա բարձր գնահատեց ուսուցիչների ներդրումը մայրենիին զուգահեռ ռուսերենի պահպանման ուղղությամբ: Արդեն թվով յոթերորդ անգամ անցկացվող մեթոդական խորհրդաժողովը, գլխավոր մասնագետի գնահատմամբ, դարձել է հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչների հետ տարվող աշխատանքի գլխավոր ձեռքբերումներից մեկը: 
Մասնակիցները լսեցին զեկուցում` ՙՌուսաց լեզվի ժամանակակից դասի կառուցվածքային տարրերը և դրանց զարգացման հնարավորությունները՚ թեմայով, որով հանդես եկավ ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ինգա Հակոբյանը: Այնուհետև մասնակիցները խմբերի բաժանված, միաժամանակյա դասեր լսեցին հինգ դասարաններում` շրջկենտրոնի թիվ 2 հիմնական դպրոցում`ինչպես տեղի, այնպես էլ թիվ 1 հոսքային ուսուցմամբ միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների կազմի ընդգրկմամբ: Բաց դաս ցուցադրող ուսուցիչներին նախապես ամրացված էին ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, որոնք համապատասխան աշխատանք են տարել ուսուցիչների հետ: 
Յուրաքանչյուր խմբում, դասալսումներից հետո, տեղի ունեցավ դասերի վերլուծություն, այնուհետև` դրանց շնորհանդեսային ներկայացում, իսկ վերջում` ընդհանուր քննարկումների և սեմինարի ամփոփում:
Մասնագետների գնահատակնները բարձր էին լսած դասերից. ռուսաց լեզվի ուսուցիչներն իրենց բարձրության վրա են: Առանձնահատուկ շեշտվեց այն հանգամանքը, որ դասավանդող ուսուցիչները հիմնականում հայկական դպրոցի շրջանավարտներ են: 
Հաջորդ հանդիպումը Հադրութում էր` Մ. Մանվելյանի անվան  հոսքային ուսուցմամբ միջնակարգ դպրոցում: Երեք թիմերի` Մեծ Թաղերի, Ազոխի և տեղի միջնակարգ դպրոցների աշակերտների միջև մրցույթ էր ռուս ժողովրդի մշակույթի և ավանդույթների մասին  նրանց ունեցած գիտելիքներից: Ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր երեք դպրոցների աջակից խմբերով` տնօրենների գլխավորությամբ:  Ստուգատեսն սկսվեց պետական կարևորության միջոցառումներին հատուկ արարողակարգով. զինվորական քայլերթով ներս բերվեց Արցախի դրոշը, հնչեցին երկու պետությունների` ՌԴ և ԼՂՀ պետական օրհներգերը: Մեկ րոպե լռությամբ հարգվեց զոհված ազատամարտիկների հիշատակը: Հայ-ռուսական պատմական և մշակութային բարեկամական  դարավոր կապերի վկայակոչումով մասնակիցներին ողջունեց Հադրութի դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը: Մրցույթի պահանջներն էին՝ ողջույնի խոսք, թիմերի ավագների մրցույթ, ռուսական սովորույթներից մեկի ցուցադրում, չաստուշկաների կատարում, ռուսական հեքիաթի բեմականացում: Մեկը մյուսից վառ կոլորիտով թիմերն իրենց գիտելիքները, դերասանական շնորհքը, կատարողական արվեստը վարպետորեն ցուցադրեցին ռուսական ֆոլկլորից: Տոնական տրամադրությամբ համակված էին բոլորը:  Մրցութային հանձնաժողովի համար հեշտ չէր առանձնացնել թիմերից որևէ մեկին, և վերջում արդարացիորեն բոլորին առաջին տեղը տվեց` պարգևատրելով  ԼՂՀ ԿԳ նախարարության պատվոգրերով, իսկ ուսուցիչներին` հուշանվերներով: Ի դեպ, միջոցառման պատասխանատու՝ Հադրութի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Առաքելյանը  2009թ. ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ: Բոլոր դպրոցներին Հայաստանում Ռուսաստանի համագործակցության ներկայացուցչության (նախագահ` Վ. Կրիվոպուսկով) անունից գրքեր հանձնվեցին: 
Շուշիում ՙՌուսական խոսքի օրերն՚ անցկացվեցին ՙՊատերազմի ուղիներով՚ թեմատիկայով` նվիրված մեծ հաղթանակներին` Հայրենական պատերազմում տարած և Շուշիի ազատագրման 20-ամյակին: Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում համատեղ ուժերով գրական-գեղարվեստական ցուցադրություն ներկայացրին այդ և Մուրացանի անվան ավագ և Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցների աշակերտները: Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շրջվարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը, կրթամշակութային օջախների պատասխանատուներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Այստեղ նույնպես պաշտոնական ներկայացմամբ սկսվեց միջոցառումը` երկու պետությունների օրհներգերի հնչեցմամբ: Ցերեկույթը գեղեցիկ կատարումներով բացեց երաժշտական դպրոցի փողային նվագախումբը: Այնուհետև երեխաները ասմունքի և երգի լեզվով ներկայացրին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովրդի մեծ ավանդը և նոր սերնդի հաղթանակը Շուշիում: Հատկանշական է, որ նրանք այդ բոլորը ներկայացրին երկու լեզվով` հայերեն և ռուսերեն, իսկ հայ-ռուսական երաժշտության տակ ՙՔոչարին՚ ուղղակի հետաքրքիր էր մտահղացված: 
Այդ օրը մեկ այլ հետաքրքիր միջոցառում էր սպասվում Արցախի պետական համալսարանում` ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի ստեղծագործական երեկոն`ՙՅոթ հռչակագիր սիրո մասին՚ վերտառությամբ` նկատի ունենալով Հայաստանի մասին տպագրված վեց և Արցախի մասին շուտով տպագրվելիք գրքերը: Դրանք ներկայացրին մայրաքաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները` ռուսաց լեզվի ուսուցչուհի Ստելլա Առաքելյանի ղեկավարությամբ: Ներկա էր ԼՂՀ  ԿԳ նախարարը, համալսարանի ղեկավարությունը:  Հիվանդության պատճառով թեպետ Կիմ Բակշին  ներկա չէր, սակայն  հայ ժողովրդի նկատմամբ սիրով լեցուն նրա ստեղծագործությունների ներկայացումը դահլիճում ստեղծել էր նրա մեծ ներկայությունը: Արցախի պետական համալսարանը  հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր էր նախատեսել Կ. Բակշիի համար, որը նրան  կփոխանցվի  հայրենիքում:    
Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներում իրենց մեծ տպավորությունները հայտնեցին հյուրերը` ամեն անգամ ընդգծելով այն միտքը, որ մեկ ուրիշ ժողովրդի մշակույթը գնահատող ազգը, որպիսին հայ ժողովուրդն է, արտացոլում է իր հոգու գեղեցկությունը, հարստությունը և քաղաքակրթության բարձր աստիճանը: Ե. Շուվաևան և Վ.  Կոնոպլյովը կարդացին Արցախին ու Հայաստանին նվիրված իրենց բանաստեղծությունները: Վերջինիս խոստովանությամբ` Արցախը դարձել է իր երկրորդ հայրենիքը: Արցախում կատարած նրա բոլոր նկարահանումներին շուտով բոլորն ականատես կլինեն համացանցում: ԼՂՀ  ԿԳ նախախարության կողմից նրան հանձնվեց հուշանվեր: 
ՙՌուսական խոսքի օրերը՚, որոնք, իրոք, վերածվեցին տոնի, եզրափակվեցին մարտի 31-ին` Բերձորում: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ