[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հոկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ԱրՊՀ խորհրդի դռնփակ նիստ, որը վարում էր Խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթով քվեարկություն անցկացնելն էր բուհի պրոֆեսորադասախոսական  կազմից, ուսանողներից, հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի անդամների կողմից:

28 անդամից  ներկա էր 27-ը: 

Ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին  հայտ էր ներկայացրել երեք հոգի` Արտյոմ Աբրահամյանը` քիմիական գիտությունների թեկնածու, Արցախի պետհամալսարանի բնագիտական ֆակուլտետի կողմից,  Կամո Աթայանը` մանկավարժական գիտությունների դոկտոր (ինքնառաջադրում), Արմեն Սարգսյանը` բանասիրական գիտությունների թեկնածու, (ինքնառաջադրում):  Թեկնածուները խորհրդի անդամների քննարկմանն են  ներկայացրել  համալսարանի զարգացման իրենց ծրագրի դրույթները: Խորհրդի անդամների կողմից հարցեր առաջադրվեցին թեկնածուներին, որից հետո տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն: Խորհրդի անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ ԱրՊՀ ռեկտոր ընտրվեց Արմեն  Սարգսյանը:

Ընտրությունից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ԱրՊՀ նորընտիր ռեկտոր Արմեն Սարգսյանը,  ներկայացնելով համալսարանի զարգացման իր տեսլականը, ասաց.

- Ներկայացրել եմ իրատեսական ծրագիր: Նրանում ներառել եմ 10 ուղղություն. սկսել եմ ընդունելության կառավարումից,  վերջացրել   հավատարմագրման գործընթացով: Յուրաքանչյուր ուղղության գծով շարադրել եմ  այն հիմնական դրույթները, որոնց գծով պետք է տարվեն  աշխատանքները, օպտիմալացվի ընդունելության չափաքանակը` այն համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, առաջին հերթին` Արցախի Հանրապետության տարբեր բնագավառների զարգացման  մակարդակին:  Շատ կարևոր եմ համարում ուսանողների հետ տարվող աշխատանքներն ու որակյալ ծառայությունները և ենթակառուցվածքներում տասնյակ կետեր եմ նշել այդ ուղղություններով: Ուսանողը պետք է դիտվի որպես  դասախոսի  կրտսեր գործընկեր, իսկ ուսանողական խորհուրդը` ռեկտորատի և ռեկտորի անմիջական  աջակից գործընկեր, որովհետև միայն  համագործակցությամբ կարելի է հասնել որոշակի հաջողությունների: 

Նորընտիր ռեկտորը նշեց, որ  բոլորը շատ կարևոր ուղղություններ են  և շեշտեց, որ գոյության շուրջ 50 տարվա ընթացքում  և հատկապես վերջին տարիներին  ԱրՊՀ-ում ստեղծվել է այն նորարարական հիմքը, որի վրա հենվելով` հնարավոր կլինի ապահովել բուհի շարունակական զարգացումը: ՙԱրցախի պետական համալսարանը պետք է զարգանա միմիայն համագործակցության շնորհիվ: Նաև մենք` մրցակիցներս, պետք է համագործակցենք  միմյանց հետ, հատկապես բնագիտական մասնագիտությունների երբեմնի փառքը վերականգնելու համար՚,-ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուր մրցակից իր ծրագրում ուներ այնպիսի կետեր, որ ինչ-որ տեղ զղջում ես, որ ինքդ չես ծրագրումդ ներառել դրանք: 

Շնորհավորելով նորընտիր ռեկտորին` ԱրՊՀ խորհրդի նախագահ Գ. Մարտիրոսյանն ասաց.  համոզված է, որ  Արմեն  Սարգսյանին կհաջողվի իրականացնել այն բոլոր  ծրագրերը, որոնք  հավանություն են ստացել քվեարկության արդյունքում, և նաև` որ կառավարությունն աջակցելու է Արցախի պետական համալսարանի բարեփոխումների իրականացմանը` դրանով իսկ  ամրապնդելով ԱրՊՀ-ի` որպես մայր բուհի, կարգավիճակը: 

 

ՙԱԱ՚