[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՚

Այս տարվա ՙՄուրացանյան օրերը՚ հագեցած էին գրական միջոցառումներով, որոնց մեջ առանձնանում է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի դպրոցում համագյուղացիներ Սերգեյ Սարինյանի  և Սևակ Արզումանյանի թանգարանի բացումը։ Դպրոցում հավաքվել էին մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, գյուղի  մեծ թվով բնակիչներ, երկու գիտնականների հարազատներ, բարեկամներ, շրջվարչակազմի կրթության և մշակույթի բաժնի պատասխանատու աշխատողներ։ 

 Նախ ծաղիկներ դրվեցին Ղազարոս Աղայանի ժայռակոփ հուշարձանին, ապա հավաքվածները ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին. լուսանկարներ, գրքեր, որոնք պատմում են երկու մեծերի կյանքի, կենսագրության, գրական-գիտական գործունեության մասին։ 

Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար  Նարինե Աղաբալյանին՝ թանգարանը բացելու առաջարկն ընդունելու, սենյակ տրամադրելու, նորոգելու, կահավորելու համար, ապա համառոտ ներկայացրեց  այս դպրոցն ավարտած նախկին շրջանավարտների անցած գիտական  ճանապարհը: 

Իր հերթին Նարինե Աղաբալյանը ողջույնի խոսքում նշեց, որ Արցախի հողն արգասաբեր է, որ մեր մեծերը վերադառնում են մեզ, որ դպրոցականները մշակույթի այս գողտրիկ  օջախում կծանոթանան անվանի գիտնականների կյանքին ու գործունեությանը, թողած մեծ ժառանգությանը, ականջալուր կլինեն մեծերի դաս ու պատգամներին։ Թանգարանը խորհրդանշական մի վայր է, որտեղ հետաքրքիր հանդիպումներ կկազմակերպվեն,  հիշատակի խոսքեր կհնչեն, իսկ մեծերն ապրելու և  ապրեցնելու հատկություն ունեն։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ այս փոքրիկ գյուղի երկու մեծերը գրականագիտության մեջ իրենց խոսքն են ասել, գիտական մեծ ժառանգություն են թողել։ Սարինյանը բացահայտ մեծություն է, հատկապես գնահատվում են նրա  փիլիսոփայական մոտեցումները գրականությանը համաշխարհային  իրողությունների հեռապատկերի վրա։ Ակադեմիկոսը մեծ գործ է կատարել` առաջ քաշելով բանաստեղծության փիլիսոփայությունը, նա ազգային ինքնության, ազգային  մտածողության, ազգային ոգին ամուր պահելու նպատակով մշտապես տագնապ է հնչեցրել։ Միլիտոնյանը ներկաներին փոխանցեց նաև Ղազարոս Աղայանի (ում անունն էկրում Խաչենի դպրոցը) թոռան՝ Ռուզան Աղայանի շնորհավորանքի խոսքը, ապա հավելեց, որ բոլորս պատասխանատվություն ենք կրում պատվելու մեր մեծերին, և որ բոլորս նույն գրական տարածության մեջ ենք։ 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ Արցախի գյուղերը հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը պիտի փոխանցվի սերունդներին, որպեսզի իմանանք, ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ գաղափարախոսության կրողներ ենք։ Հողը ծնում է տաղանդներ, ովքեր հզորացնում են հայրենիքը։ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Դեմիրճյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իրենց ողջույնի խոսքում նշեցին, որ Արցախը Հայաստանի անառիկ սահմանն է, որ գիտության հզոր մշակներ է տալիս, առանց որոնց անհնար է ուսումնասիրել հայ գրականությունը: Առաջարկ եղավ ստեղծել հուշերի գիրք, որը  կհարստացնի թանգարանի էքսպոզիցիան։ 

ՙՄուրացանյան օրերին՚ ներկայացել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության  ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Մանե Սարինյանը,  ով հոր` Սերգեյ Սարինյանի մահից հետո հասցրել էր հավաքել, կազմել և  հրատարակել նրա ՙՀայոց գրականության երկու դարը՚ գրքի 7-րդ  հատորը: Նա իր ելույթում երախտագիտություն հայտնեց  ԱՀ գրողների միությանը, ԿԳՍ  նախարարությանը, Խաչենի դպրոցի տնօրինությանը՝ այս օրհնյալ հողից  ծնված մեծերի հիշատակը պահելու համար։ 

Խաչենի դպրոցի տնօրեն Համեստ Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց այն միտքը, որ մեծերի ապրած կյանքով, թողած ժառանգությամբ, պատգամներով  է դաստիարակվում մատաղ սերունդը։ 

ՙԱԱ՚