[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՃ, ԲԱՅՑ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿՅԱՆՔ…

Արցախում ճանաչված մտավորական, գիտնական-մանկավարժ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը կդառնար 70 տարեկան։ Թվում է՝ կենդանի լիներ, իրավունք կունենար հպարտանալու իր ապրած տարիների ձեռքբերումներով։ Իր համեստ պահվածքով նա հայի այն տեսակն էր, ով անխոնջ ու լուռ աշխատում էր՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը։ 

 Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում։ Սովորել և արծաթե մեդալով ավարտել է հ.2 միջնակարգ դպրոցը։ Մաթեմատիկայից աչքի ընկնող ընդունակությունների և այդ առարկան դասավանդող ուսուցիչներ Խաչիկ Հարությունյանի ու Լազր Թումանյանի տված հիմնավոր գիտելիքների շնորհիվ 1967-1972թթ. նա փայլուն գնահատականներով սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի նորաստեղծ ՙԿիրառական մաթեմատիկա՚ բաժնում և ավարտելով՝ ստացել կիրառական մաթեմատիկոսի մասնագիտություն։ 1973 թվականից աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում՝ որպես դասախոս։ Մասնագիտական խոր գիտելիքների, մարդկային բարձր արժանիքների, ստանձնած գործի նկատմամբ մեծ պատասխանատվության շնորհիվ կարճ ժամանակում նա դարձավ ոչ միայն ֆիզմաթ ֆակուլտետի, այլև ինստիտուտի առաջատար դասախոսներից մեկը։ 1973-1983թթ. Հ. Խաչատրյանը միաժամանակ սովորել է ասպիրանտուրայում (հեռակա)՝ ՙՄաթեմատիկական անալիզ՚ մասնագիտությամբ և  1987թ., պաշտպանելով  թեկնածուական թեզը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հետագայում՝ 1991թ., նա արդեն Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ էր։

Լինելով Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Գլխավորել է ԼՂՀ ԳԽ մանդատային, պարկեշտության, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների մշտական հանձնաժողովը։ 1992թ. ԼՂՀ ԳԽ պատվիրակության կազմում չորս անգամ մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հռոմում կայացած՝ ԵԱՀԽ խորհրդակցություններին։ Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է նախկին աշխատանքին։ 1996-2000թթ. եղել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ ղեկավարել է 1998-ին իր իսկ հիմնադրած ՙՂարաբաղի ազնվականների և սերունդների իրավունքների վերականգնման կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը։

1998թ. դեկտեմբերի 27-ին ԼՂՀ 2-րդ գումարման ԱԺ լրացուցիչ ընտրություններում Ստեփանակերտի թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Իսկ 2000 թվականից մինչև 2006-ը դարձյալ աշխատել է իր սիրած բուհում՝ որպես ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ. 2006թ. հոկտեմբերի 1-ին ընդհատվեց նրա կյանքի թելը…

Դոցենտ Հ. Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալով։ Հեղինակ է 2 տասնյակից ավելի գիտական և գիտամեթոդական հոդվածների։ Նա հաճախ է մաթեմատիկայի դասավանդման հիմնահարցերին նվիրված զեկուցումներով հանդես եկել հանրապետության գյուղական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների առջև։ Տեղին է նշել, որ նրա գիտական հոդվածների թեմաները մեծամասամբ առաջադրվել են հենց այդ ուսուցիչների կողմից՝ նման հանդիպումների ժամանակ։  

Մարդկային արտաքին ու ներքին վայելչությունը Հ. Խաչատրյանին սիրելի էր դարձրել իր շրջապատում: Նա այն մտավորականներից է, ում անցած ճանապարհը միայն հարգանք, համակրանք և վաստակած ճանաչում են բերել՝  արժևորելով բարեկիրթ ու դաստիարակված մարդու հատկանիշները։ Ապրած կարճ, բայց իմաստալից տարիների ընթացքում նա անցել է նպատակամղված ճանապարհ: 

Բնական է, որ Հ. Խաչատրյանին ուսանողությունն ավելի սիրեց, որովհետև տեսավ, որ լավ գիտնական լինելուց առաջ նա իր երկիրն ու ժողովրդին խորապես սիրող հայ է՝ օժտված մարդկային վեհ ու բարձր հատկանիշներով։ Դրա մասին է վկայում հատկապես ֆիզմաթ ֆակուլտետի 1979թ. շրջանավարտների պատրաստած՝ իրենց սիրելի կուրսղեկին նվիրած հուշ-ալբոմը, որից սեր և ջերմություն է հորդում։ Շրջանավարտները հավաստիացնում են, որ հուր-հավիտյան չեն մոռանա սիրելի դասախոսին։ Ավետարանոց գյուղից Աիդա Պետրոսյանը գրում է. ՙՉգիտեմ՝ մաթեմատիկական անալի՞զն է հեքիաթ, թե՞ Դուք եք այն հեքիաթ դարձնում, որով ես հրապուրվել եմ փոքրիկի նման…Երբեք չի մարի սերը դեպի Ձեր դասավանդած առարկան, չեմ մոռանա Ձեր լսարան մտնելը, մաթանալիզի սկզբունքների մասին համոզիչ շարադրանքը, Ձեր ռոմանտիկ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, որպես հոր, թե՞ ավագ ընկերոջ վերաբերմունքը Ձեր ուսանողների հանդեպ։ Դուք կմնաք մեր ամենասիրելի խորհրդատուն՝  գիտելիքների յուրացման ու դրանց գործնական կիրառման ճանապարհին՚։  

Հ. Խաչատրյանին չեն մոռանում նաև գործընկերները։ Նրա ծննդյան հոբելյանի կապակցությամբ Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը՝ վարիչ Լիանա Աբրահամյանի նախաձեռնությամբ, միջբուհական օլիմպիադա էր կազմակերպել բարձրագույն մաթեմատիկայից։ Իսկ մինչ օլիմպիադայի մեկնարկը  լսարանում  հավաքվել էին Հ. Խաչատրյանի գործընկերներն ու հարազատները, համախոհները… Նրանց այստեղ էր բերել միմյանց հետ շփվելու, հոբելյարի մասին հիշողություններով կիսվելու անկեղծ մղումը։  Ձևավորվել էր մի ջերմ միջավայր, որի ոգին  ու տոն տվողը Հ. Խաչատրյանն էր։ Ու գլորվել է  հուշերի կծիկը՝ երևան հանելով ու ներկայիս սերնդի պատկերացումներում ամբողջացնելով ազնիվ մտավորականի կերպարն ու բազմաբեղուն կյանքը։

 

Լիանա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ.- Անժխտելի է ու փաստ Հ. Խաչատրյանի ավանդը մեր ամբիոնի կայացման գործում։ Նա իր ողջ գիտելիքներն ու եռանդն ի սպաս է դրել մեր համալսարանի գիտակրթական զարգացմանը։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել նրա գործընկերը. պետք է խոստովանեմ, որ նա իր գիտելիքների խոր իմացությամբ ու բարձր ինտելեկտով նպաստել է իմ և շատերի մասնագիտական հասունացմանն ու կայացմանը։ 

 

Ռուդիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ամբիոնի դասախոս.- Մաթեմատիկական անթերի կարողություններին գումարվում էին նրա մեծ նվիրվածությունն առարկային և սերը ուսանողների հանդեպ։ Նրա կարծիքով՝  դասախոսությունն իմաստավորվում է բացառապես այն դեպքում, երբ հաջողվում է ուսանողին հասու դարձնել նյութը և հետաքրքրություն առաջացնել հետագա դասախոսությունների նկատմամբ։ Իսկ դա նրան միշտ էլ հաջողվել է, ինչի վառ ապացույցը ուսանողների անթաքույց սերն էր իր` դասախոսի և անհատի նկատմամբ։

Կարինե ՄԱՐՈՒԹՅԱՆ, ամբիոնի դասախոս.- Հրանտ Խաչատրյանն իր երկրին տվեց այն ամենը, ինչ կարող էր և անգամ չէր կարող, փոխարենը՝ վերցրեց հայրենիքի ցավերը։ Նա գիտեր, թե որն է հայրենիքի դարմանը, բայց, ավաղ, իր համար դարման չեղավ… Սրտի կսկիծով նայում եմ շուրջս և նրան տեսնում մեր բոլորիս մեջ։ Ուրեմն բոլորս պիտի շարունակենք անել այն, ինչ անում էր մեր սիրելի գործընկերը։ Իսկ Հրանտի որդիներին միայն մեկ բան ունեմ ասելու՝ գլուխներդ բարձր, կորստի ցավից առավել թող հպարտությունը ձեր մեջ խոսի, քանզի զավակներն եք արժանավոր հոր։ 

Վոլոդյա ՄԻՐԶՈՅԱՆ, բնագիտական ֆակուլտետի դեկան.- Նա իր երկիրը և իր ժողովրդին սիրող հայ էր։ Թեև նրա մասին անցյալով ենք խոսում, բայց նա չի գնացել, չի հեռացել իր երկրից ու իր ժողովրդից։ Բազմաբեղուն են եղել նրա ապրած տարիները։ Նա հեռու մնաց մեր օրերի ամենատարածված հիվանդություններից մեկից՝ փառասիրությունից, ինչը բնորոշ է միայն բարձր արժանիքներով օժտված անձնավորություններին։ Հպարտ ենք, որ մեզ բախտ է վիճակվել աշխատել, մոտիկից շփվել նրա հետ, ավանդապաշտություն և հայրենասիրություն սովորել։ Եվ քանի որ նա միշտ մեզ հետ է՝ ուրեմն ասենք՝ շնորհավոր հոբելյանդ, Հրանտ Խորենի…

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ