[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 8-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունեց ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ կրթական հիմնադրամի պատվիրակությանը` նրա հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպման հիմնական նպատակը  փոխըմբռնման հուշագրի վերաստորագրումն էր:

 Ինչպես հայտնի է, ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրի նպատակն է համալրել հեռավոր գյուղերի դպրոցների ուսուցիչների թափուր տեղերը: Արդեն երկրորդ տարին է` այս ծրագիրը գործում է նաև Արցախում: 

Ողջունելով հյուրերին` ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանն ասաց, որ հուշագրի ստորագրումով կողմերը կհաստատեն իրենց պատրաստակամությունն  ավելի ակտիվացնելու ջանքերն Արցախի դպրոցներում ուսուցիչների համալրման ուղղությամբ: Եթե մինչև այս ուսումնականը ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրով Արցախում աշխատում էր 4 ուսուցիչ, ապա  այս տարի նրանց միացել է ևս 13 -ը: Նրանցից 10-ը համալրել են Քաշաթաղի շրջանի դպրոցները: Ն. Աղաբալյանը տեղեկացրեց, որ ընդհանրապես շատ լուրջ խնդիր է Արցախում, հատկապես գյուղական փոքր, համակազմ դասարաններ ունեցող դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերը համալրելը: Այս տարի շուրջ 500 թափուր տեղերի համար մրցույթ էր հայտարարվել, որից 250-ից ավելին` հենց Քաշաթաղի շրջանում: Դրանցից գոնե 10-ը համալրվեց  ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրով: Ըստ նախարարի`  ծրագրի շրջանակում պատրաստակամություն կա ավելի շատ ուսուցիչներ ներգրավել, պարզապես  պետք է նաև համայնքները շահագրգռվածություն ցուցաբերեն գործուղված ուսուցիչների համար կենցաղային  պայմաններ ստեղծելու համար: Եվ թերևս  հուշագրի ստորագրումով նախարարությունը նույնպես պարտավորվում է ստեղծել որոշակի  պայմաններ և անչափ շահագրգռված է, որ Արցախի դպրոցներում թափուր տեղերը համալրվեն այս ծրագրով, քանի որ, ինչպես կարծում է նախարարը, ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրով այստեղ եկած ուսուցիչները որակական փոփոխություն են մտցնում  դասավանդման ոլորտում`  իրենց հետ բերելով նոր մեթոդներ, ստեղծագործական մոտեցում, ինչը շատ կարևոր է նոր սերնդի կրթության ապահովման համար: Նախարարը շեշտեց, որ  այն ուսուցիչները, ովքեր աշխատում են այս ծրագրով, որակական փոփոխություններ են մտցրել ոչ միայն դպրոցի, այլև համայնքի կյանքում: Ն. Աղաբալյանը շնորհակալություն հայտնեց արդեն իսկ ձևավորված համագործակցության համար և  հույս հայտնեց, որ այն առաջիկա տարիներին ավելի կակտիվանա, և  հնարավորություն կլինի այս ծրագրով Արցախի  շրջաններ ուղեգրել նոր սերնդի ուսուցիչների: 

ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն ասաց, որ այս ծրագրով նպատակ ունեն ոչ միայն լրացնել ուսուցիչների պակասը, այլև ստեղծել նոր նախագծեր, որոնք կբարձրացնեն  կրթության մակարդակը: 

ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն Թենի Ավագյանն էլ հավելեց, որ մասնագետներն ընդգրկվում են առաջնորդության զարգացման ծրագրում, ձեռք բերում  շատ հմտություններ, որոնք իրենց պետք են ոչ միայն դպրոցում դասավանդելու, այլ նաև իրենց հետագա կարիերայի համար:  Նրա տեղեկացմամբ` ամեն ամիս հանդիպում են ծրագրի մասնակիցների հետ, ունենում սեմինարներ, հրավիրում հյուրերի, որպեսզի նրանց հետ աշխատեն և յուրաքանչյուր մասնակցի կցում են անձ, որն անհատապես աշխատում է նրանց հետ, որպեսզի նրանք ոչ միայն  կարողանան հաջողության հասնել դասարանում, այլև համայնքի զարգացման գործում: 

Հիմնադրամի Արցախի տարածաշրջանային ղեկավար Արմեն Հովհաննիսյանի խոսքով` եթե նախորդ տարում գործուղված 4 ուսուցիչներն աշխատել են անմիջական 70 աշակերտի հետ, ապա այս տարվա  ուսուցիչները` շուրջ 780:

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից հուշագիրը ստորագրեց Նարինե Աղաբալյանը, ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ կրթական հիմնադրամի կողմից` նրա ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը:

Հուշագիրը սահմանում է կողմերի գործընկերության բովանդակությունն ու շրջանակն առաջիկա տասը տարիների համար:

Հուշագրի ստորագրումից հետո համատեղ քննարկում ծավալվեց Արցախի դպրոցներում ներառական կրթության խնդիրների շուրջ: 

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ