[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ

alt ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում  ամփոփվեցին 2011-2012 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները: 

Նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանի ներկայացրած վերլուծությամբ՝. ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են: Նախ, ավելացել է հանրապետական փուլ անցած մասնակիցների թիվը` կազմելով 315, որը 52-ով ավել է նախորդ տարվանից: Աճել է նաև մրցանակակիրների թիվը: Վերջին երեք տարվա արդյունքներով մրցանակային տեղերի քանակն այսպիսին է` 33/40/49: Աճի շարժընթացն ակնհայտ է: Այս տարի մրցանակային տեղերի մեծ մասը բաժին հասավ պատմություն (8), օտար լեզու (7) և հայ գրականություն (6) առարկաներին: Նախորդ տարվա համեմատ մրցանակային տեղերն աճել են Ստեփանակերտում, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Մրցանակային առաջին տեղը գրավել է չորս աշակերտ, երկուսը` անգլերենից (Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոց), մեկական` պատմությունից (Ասկերանի շրջանի Խաչմաչի միջն. դպրոց) և աշխարհագրությունից (Մարտունու շրջանի Հերհերի միջն. դպրոց), երկրորդ տեղը՝ 16 և երրորդ տեղը՝ 29 դպրոցական։ 

Մարտի 30-ին նախարարությունում տեղի ունեցավ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման արարողություն: Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված մասնակիցներին շնորհվեցին ԼՂՀ  ԿԳ նախարարության համապատասխան կարգի դիպլոմներ և դրամական պարգևներ` 30, 25 և 20-հազարական դրամ։ Առաջին և երկրորդ կարգի դիպլոմակիրները 20 և 15-հազարական դրամով պարգևատրվեցին նաև Հայ Ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) կողմից։ Պարգևատրումները կատարեցին ԼՂՀ  ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը և ՀԱԸ Արցախի ներկայացուցչության ղեկավար Արսեն Մանասյանը։ Վերջինս 30 հազար դրամ գումարով պարգևատրեց նաև Սանկտ Պետերբուրգում անցկացված` Ռուսաց լեզվի համաշխարհային փառատոնի հաղթող Վալերի Կարապետյանին։   

Նախարարության պատվոգրով և դրամական գումարով պարգևատրվեցին նաև մրցանակային տեղեր գրաված աշակերտների ուսուցիչները։ 

Պարգևատրվածներին շնորհավորանքի և շնորհակալական խոսք ուղղեց կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ ՙԻբրև նախարար` սա ինձ համար ամենից կարևոր միջոցառումներից մեկն է։ Այսօր միասին հավաքված տեսնում եմ հանրապետության լավագույն աշակերտներին և նվիրյալ  ուսուցիչներին։ Սա ինձ համար հպարտանալու պահ էր: Ուրախացա,  երջանկացա, հրճվանք ապրեցի, որ ունենք նման ուսուցիչներ, որոնք իրենց գիտելիքները կաթիլ առ կաթիլ փոխանցում են աշակերտներին և նպաստում մեր ապագա արժանավոր քաղաքացու ձևավորմանը: Ուրախացա, որ ունենք նման երեխաներ, որոնք ձեռք են բերել կայուն գիտելիքներ,  կարողանում են ստեղծագործել, պրպտալ՚,- ասաց նա։ 

ԿԳ նախարարը մրցանակակիրների մեջ տեսնում է վաղվա մրցունակ մասնագետներին, որոնք աշխատելով տնտեսության տարբեր ճյուղերում` կհզորացնեն երկիրը, քանզի ապագան գիտելիքատար տնտեսությանն է:      

Վ. Խաչատրյանը հավաստիացրել է, որ նման երեխաները միշտ էլ կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում, հոգ կտարվի նրանց ապագայի մասին, ճիշտ կուղղորդվեն, նրանց հետ անհատական աշխատանք կտարվի։ ՙԼավ սովորող երեխաների համար բոլոր ճանապարհները բաց են՚,- ասաց նա` տեղեկացնելով, որ պետական մեծ միջոցներ են հատկացված, որպեսզի ՀՀ պետական բուհերում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և արտերկրի առաջատար ուսումնական հաստատություններում խելացի, տաղանդավոր  երեխաներն ուսում ստանան։ Նա վստահեցրեց, որ ժամանակակից տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ կվերանա մարդկային գործոնը, ինչը հնարավորություն կտա հասնել 100%-անոց արդարության: Ամեն ինչ արվում է` անաչառ ընդունելություն կազմակերպելու համար։ Եվ գիտելիք ունեցողն այդ հարցում խնդիրներ չի ունենա։ 

Նախարարն ուսուցիչների ուշադրությունը սևեռեց հետևյալ հանգամանքի վրա. ավագ դպրոցներից օլիմպիադային մասնակցել է 105 աշակերտ, որը կազմում է մասնակիցների ընդհանուր թվի 34%-ը, և նրանց բաժին է հասել մրցանակային տեղերի 45%-ը։ Այստեղ մտցված չեն թիվ 3 միջնակարգ և ֆիզմաթ դպրոցների (որը նույնպես հոսքային է) մրցանակային տեղերը։ Եթե նրանց մրցանակային տեղերը ևս հաշվի առնվեն, ապա կարելի կլիներ ասել, որ մրցանակային տեղերի ավելի քան 60%-ը բաժին է հասել հոսքային դպրոցներին։ ՙՍա վկայում է այն մասին, որ ավագ դպրոցը կայանում է, որ նրա ճանապարհը ճիշտ է ընտրված, և այս ճանապարհով էլ պիտի շարունակենք ընթանալ՚,- ասաց ԿԳ նախարարը:  

Վ. Խաչատրյանը բերեց առաջադիմությունը հավաստող ևս մի քանի տվյալներ։ Եթե 2010թ. հանրապետական փուլին օլիմպիադայի ընդհանուր մասնակիցների 27,7%-ն էր մրցանակներ շահել, ապա այս տարի 315 աշակերտներից մրցանակային տեղեր շահել են 137-ը, որը կազմում է ամբողջի 43%-ը։ Ու նաև բարձրացել է միջին միավորի շեմը։ Նախարարը մեկ այլ դիտարկում ևս արեց. լավագույն արդյունքներ ցուցաբերած այդ 137 հոգուց դահլիճում ներկա էր 49 հոգի` որպես մրցանակակիրներ։ Սակայն մնացած մասն աննշան միավորներով է զիջում մրցանակակիրներին և արժանացել է գովասանագրերի։ Այս տեմպերով աշխատելու դեպքում մրցանակակիրների թիվը հաջորդ տարի ավելի մեծ կլինի։ 

ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց նաև ուսուցիչներին, ովքեր տարիներ  շարունակ  տքնաջան աշխատանքով գիտելիքներ են սերմանել  աշակերտների մեջ` հասնելով ցանկալի արդյունքների, կերտելով հուսալի ապագա։  

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ