[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՀՈԳԻՆ ՀԻՄԱ ԿԱՊՎԱԾ Է ՁԵԶ ՀԵՏ՚

Հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր  Նունե Սարգսյանը, որն ամուսնու հետ երկօրյա այցով Արցախում էր, ԱՀ նախագահի տիկին Անահիտ Սահակյանի ու կրթության, գիտության և սպորտի նախարար  Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղավ մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հ. 1 և Ե. Չարենցի անվան հ. 7 հիմնական դպրոցներում  ու ՀՕՄ-ի Ստեփանակերտի ՙՍոսե՚ մանկապարտեզում:

Նա տնօրենների հետ շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել դրանց պայմաններին, մտերմիկ զրույց ունեցել սաների և ուսուցիչների հետ:

ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը,  աշակերտներին ծանոթացնելով Նունե Սարգսյանի հետ,  նշել է, որ նա երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նրա գրքերը լույս են տեսել նաև Հայաստանի տարբեր մարզերի բարբառներով, իսկ 2016թ.` ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարության նախաձեռնությամբ` նաև Արցախի բարբառով: 

Աշակերտների հետ հանդիպմանը Նունե Սարգսյանը նրանց խորհուրդ տվեց լավ սովորել, ժամանակն իզուր չվատնել, մասնագիտություն ընտրելիս անսալ սրտի ձայնին ու խելքին և  նաև հաշվի առնել Արցախի պահանջարկը: Նա ասաց, որ առաջին անգամ է Արցախում և հիացած է նրա գեղեցկությամբ ու ժողովրդով: Եղել է Դադիվանքում, որն իսկապես հրաշք է: Գոհ մնաց աշակերտների պատասխաններից: ՙՀիշեք,  դուք հատուկ եք, դուք հայ եք` արցախցի հայ, և հատուկ առաքելություն ունեք այս երկրի հադեպ՚,-դիմելով աշակերտներին` ասաց նա:

Ն. Սարգսյանը նաև ներկա եղավ հ. 1 դպրոցի դահլիճում ընթացող ազգային երգ-պար դասընթացին, որտեղ այդ պահին երեխաներն իրենց ուսուցչուհու հետ ազգային պար էին սովորում: Ինքն էլ միացավ շուրջպարին: Ներկա եղավ կրթօջախի նախադպրոցական խմբի պարապմունքին: Նրանց հետ էլ երկխոսության մեջ մտավ, ծանոթացրեց հետը բերած իր գրքերին` համառոտ ներկայացնելով դրանց բովանդակությունը: Նա երեխաներին խորհուրդ տվեց փոքրիկ պատմություններ հորինել և խնդրել իրենց ծնողներին գրի առնել դրանք, իսկ երբ  մեծանան, ինքները կգրեն, ինչպես ժամանակին ինքն էր արել: Խոստացավ շատ շուտով այցելել նրանց և ծանոթանալ նրանց հորինած պատմություններին: 

ՀՀ նախագահի տիկինը Արցախի պատվարժան տիկնանց հետ այնուհետև այցելեց ՙՍոսե՚ մանկապարտեզ: Այստեղ աղուհացով նրանց դիմավորեց արցախյան տարազով մանկապարտեզի սանուհին: Ն. Սարգսյանը հետաքրքրվեց նախակրթարանի պատմությամբ և, առհասարակ, Արցախում նախադպրոցական հաստատությունների վիճակով: Նախարար Ն. Աղաբալյանը հակիրճ ներկայացրեց դրանք: Ն. Սարգսյանը շրջեց մանկապարտեզով և իր գոհունակությունը հայտնեց տեսածից:

Մանկապարտեզի դահլիճում փոքրիկ հանդիսականների և դաստիարակների հետ հյուրերը դիտեցին Ն. Սարգսյանի ՙՔաչալ ոզնին՚ հեքիաթի արցախյան բարբառով տարբերակի ներկայացումը (բեմադրությունը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի թատերական ստուդիայի, գեղ. ղեկավար` Նարինե Քոչարյան): Այդտեղ ներկա  հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն ասաց, որ ներկայացումը շրջել է Արցախի գյուղերով և լավ ընդունելություն գտել:

Ն. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի կոլեկտիվին, բեմադրության հեղինակներին ու դերասաններին և գրքեր նվիրեց հաստատությանն`ասելով, որ դարձյալ կայցելի նրանց:

Հանդիպումներից հետո լրագրողներին տված ճեպազրույցում Նունե Սարգսյանն ասաց.

-Ճանաչողական այցով եմ Արցախում, հիացած եմ ամեն ինչով` բնությամբ, մարդկանցով, երեխաներով: Իմ առաջին այցն է, բայց վերջինը չի լինի, իմ հոգին հիմա կապված է ձեզ հետ:

Մեր այն հարցին, թե  ի՞նչ ստեղագործության վրա է հիմա աշխատում, Ն. Սարգսյանը պատասխանեց, որ վեցամյա թոռնուհու հետ հորինել  է մի պատմություն կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին, որը շուտով լույս կտեսնի գրքով, և հույս հայտնեց, որ դա էլ կփոխադրվի արցախյան բարբառով: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ