[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ

Հոկտեմբերի առաջին կեսերին Մոսկվայում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում անցկացված՝ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի հիշատակին նվիրված  13-րդ փիլիսոփայա-իրավական ընթերցումներին մասնակցել է ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։ 

 ՙԻրավունք և օրենք. տարբերակման և հարաբերակցության խնդիրները՚ թեմայով կոնֆերանսին մասնակցում էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Վոլգոգրադի, Կրասնոյարսկի, Կուրսկի, Բելառուսի և, իհարկե, Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականներ, որոնք քննարկեցին իրավունքի և օրենքի տեսական-մեթոդաբանական և փիլիսոփայա-իրավական խնդիրները իրավունքի և պետության մասին ուսմունքների համատեքստում՝ իրավական կարգավորման մեխանիզմում։

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր իրավաբան Ալեքսանդր Սավենկովը։ 

Լիագումար նիստում Վ. Ներսեսյանցի ազատական-իրավաբանական տեսության առանձնահատկությունների և նրա կողմից մշակված քաղաքակրթության կոնցեպցիայի մասին զեկուցումով հանդես եկավ Իրավունքի, փիլիսոփայության, պատմության, պետության և իրավունքի տեսության բաժանմունքի գլխավոր գիտաշխատող, իրավաբանական գիտությունների դոկտոր Վալենտինա Լապաևան։ 

Պլենար նիստի մասնակիցները քննարկեցին ընթերցումների գլխավոր թեման՝ իրավունքի և օրենքի հարաբերակցության խնդիրը զեկույցներում հնչեցված գաղափարների հիման վրա՝ ժամանակակից իրավական համակարգերի զարգացման համատեքստում։ 

Արցախի ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը հանդես եկավ ՙԻրավունքի և օրենքի արժեքը. ընկալման և իրացման հիմնախնդիրները՚ զեկուցումով։ Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմկոմիտեին՝ նա մասնավորապես ասաց. ՙԵս ներկայացնում եմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, որի մայրաքաղաք Ստեփանակերտում 80 տարի առաջ ծնվել է ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցը։ Մենք հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է և յուրօրինակ կապող օղակ է դարձել ռուսաստանցիների, արցախցիների և ընդհանրապես հայերի միջև՚։

Իր ելույթում Ա. Հարությունյանը հատկանշեց մեր օրերում օրենքի և իրավունքի ընկալման և իրացման խնդրի հրատապությունը, որի փիլիսոփայա-իրավական տեսակների խեղաթյուրման հետևանքով հասարակության շրջանում տարբեր ծավալների համաղետներ (կատակլիզմներ)  են տեղի ունենում։ ՙՉկա կասկած այն պարզ ճշմարտության մեջ, որ իրավունքն ու օրենքը չեն կարող առանձին-առանձին գոյություն ունենալ։ Այսինքն՝ նրանց հարաբերակցությունն անխուսափելի է։ Իրավունքի և օրենքի իրացման կարևոր նախադրյալներից է դրանց ընկալումը, որին նախորդում են իրավունքի և օրենքի տարբերակման ու հարաբերակցության վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքները։ Վերջիններիս խեղաթյուրված ընկալման և ներկայացման դեպքում մենք գործ կունենանք նույնչափ խեղաթյուրված իրավագիտակցությամբ քաղաքացիների հետ, որոնց գործողությունները հղի են բացասական հետևանքներով՚,- ասել է զեկուցողը։ Ա. Հարությունյանի խոսքով՝ իրավունքի և օրենքի հարաբերակցության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները տվել է ակադեմիկոս Ներսեսյանցը՝ իր ՙԻրավունք և օրենք՚ աշխատության մեջ, և իրավաբանների նպատակն է ճիշտ հասկանալ այդ գաղափարը, այն դարձնել հասարակության լայն շերտերի համար հասանելի և իրավագիտակցության մակարդակի բարձրացման միջոցով իրավունքը դարձնել  համընդհանուր նշանակության հարցերի լուծման միջոց։  

Ա. Սավենկովի առաջարկով արցախցի ներկայացուցիչը մնացել և մասնակցել է հետագա օրերին կայացած գիտական միջոցառումներին։ Այդ ընթացքում Ա. Հարությունյանը հանդիպել է ՌԳԱ պետության և իրավունքի ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, քաղաքական գիտությունների դոկտոր Ստանիսլավ Վավիլովի, իրավունքի, փիլիսոփայության, պետության և իրավունքի, պատմության և տեսության բաժանմունքի վարիչ Անտոն Դադիկինի, Ռուսաստանի և Բելառուսի տարբեր քաղաքների ներկայացուցիչների ու ճանաչված գիտնականների հետ։ Նա առանձնակի գոհունակությամբ նշեց Վ. Ներսեսյանցի կնոջ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Լապաևայի հետ հանդիպումը։ Որպես չճանաչված պետության ներկայացուցիչ՝ բոլորի հետ փոխանակվել է մտքերով և տարբեր տվյալներով, պայմանավորվել միմյանց տեղեկացնել  տարաբնույթ գիտական միջոցառումների մասին։ Ա. Հարությունյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ընթերցումների ժամանակ ներկաները բարյացակամ են վերաբերվել արցախցի ներկայացուցչի մասնակցության փաստին, հետաքրքրվել են երկրի ներկայիս իրավիճակով։ ՙԱյն հանգամանքը, որ բացման արարողության ժամանակ ինստիտուտի տնօրենն ընդգծել է ընթերցումներին ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությունը, վկայում է այն մասին, որ գիտությունը պետք է առանձնացնել քաղաքականությունից, այն պետք է ծառայի համամարդկային խնդիրների, այդ թվում նաև Արցախի քաղաքացիների խնդիրների լուծմանը, որոնք հանրապետության չճանաչվածության պատճառով զրկված են մի շարք իրավունքներ իրականացնելու հնարավորությունից՚,- եզրափակեց Ավետիք Հարությունյանը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ