[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ

Հոկտեմբերի 25-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հրավիրեց մամլո ասուլիս: Նախարարը համառոտ ներկայացրեց պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքը, ոլորտի քաղաքականությունն ու խնդիրները, ինչպես և ապագա ծրագրերը: 

 ՙՄեծապես կարևորում եմ մշակութային քաղաքականության գիտականացումը,- շեշտեց Լ. Հովհաննիսյանը,- ինչը ենթադրում է գիտահետազոտական աշխատանքների իրականացում, համագործակցություններ տարբեր գիտահետազոտական և կրթական հաստատությունների հետ՚: Նախարարը համոզված է. որ դա հնարավորություն կտա առավել արդյունավետ մշակութային քաղաքականություն իրականացնել: Վարած մշակութային քաղաքականության մեջ գերատեսչության ղեկավարն առաջնահերթ կարևորություն է տալիս մշակութային կրթության զարգացմանը, մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, շրջաններում մշակույթի համաչափ զարգացմանը, մշակութային արժեքների, նպատակների ու գերակայությունների ճշգրտմանը: Լ. Հովհաննիսյանը նախարարության կարևոր խնդիրներից է համարում նաև մշակութային քաղաքականության մոնիտորինգը, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել անելիքներում և ապագա ծրագրերի մշակման գործընթացում:

Երիտասարդության ոլորտում նախարարը նշեց հետևյալ խնդիրները` երիտասարդների համար ինքնազարգացման, ինքնադրսևորման հնարավորությունների ապահովում, նախաձեռնողականության խթանում, երիտասարդական դաշտի ակտիվացում, արցախցի երիտասարդների մասնակցությունը համահայկական, միջազգային երիտասարդական միջոցառումներին ու ծրագրերին: Գերատեսչության ղեկավարը հակված է ոչ թե քննադատելու երիտասարդներին, այլ թերացումները մատնանշելով` ուղղորդելու նրանց առավել ակտիվ ու կառուցողական գործունեությանը: 

Նախարարն, անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտում վերջին երեք ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին և մատնանշեց, որ կարևոր ձեռքբերումը. միջազգային հարթակներում Արցախի զբոսաշրջային ոլորտի արդյունքը տարբեր ցուցահանդեսներում ներկայացնելն է: Զբոսաշրջության զարգացման գործում նա մեծ նշանակություն տվեց ՙՏուրիստ Բուս՚ զբոսաշրջային ուղևորությունների նախագծին, որն իրականացվել է արդեն 2-րդ անգամ: Կազմակերպվել են դասընթաց-սեմինարներ հյուրատնային բիզնեսի զարգացման հեռանկարով, իրականացվել է հուշարձանների մոնիտորինգ, մաքրման աշխատանքներ են տարվել մի շարք պատմական հուշարձանների տարածքներում:

ՙՊատմական հուշարձաններին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու,- ասաց Լ. Հովհաննիսյանը:- Պատմական հուշարձանների վերակառուցման, վերականգնման նկատմամբ լուրջ վերահսկողություն ենք սահմանելու` բացառելով պատմական այդ հուշարձանների կամայական վերանորոգումները՚:

Իր ելույթի վերջում գերատեսչության ղեկավարը ներկայացրեց թվեր, որոնք արված աշխատանքի վառ վկայությունն են: Մեջբերենք ամենախոսունը. ՙՎերջին 9 ամսվա ընթացքում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է` հասնելով 24213-ի, ինչը 18%-ով ավել է 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՚:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի առաջիկա համարներից մեկում: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ