[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑ ՙՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ՚ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Հոկտեմբերի 12-13-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՙՄշակութային խաչմերուկ՚ 5-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը:

Հիշեցնենք, այս մրցույթն Արցախում կազմակերպվում է  2012 թվականից ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ: Մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին ներկայացել է  54 գյուղական, 9 քաղաքային համայնք` 448 մասնակցով:

ՙՄշակութային խաչմերուկ՚-ն ընդգրկված է նախարարության այն ծրագրային քաղաքականության մեջ, որը նպատակ է հետապնդում աշխուժացնել մշակութային կյանքը հանրապետությունում, մասնավորապես` գյուղական համայնքներում: 

Անշուշտ, նախարարության կողմից մշակված այս քաղաքականությունը տարեցտարի հասնում է իր նպատակին, այն է` ամրապնդել ազգային ավանդույթներն ու սովորույթները, պահպանել և տարածել լեզվական առանձնահատկությունները: Սակայն թե՜ կազմակերպիչները, թե՜ հանձնախմբի անդամները համոզված են, որ անելիքները դեռևս շատ են: Հատկապես զգացվում է պրոֆեսիոնալների նվազ ներգրավվածությունը ծրագրերի նախապատրաստման փուլին, ինչն էլ, բնականաբար, անդրադառնում է դրանց որակներին: Պետք է հնարավորինս լուծել այդ կարևոր խնդիրը, որպեսզի հաջորդ մրցույթ-փառատոնին գյուղական համայնքներն ունենան  լուրջ առաջխաղացում:

Նշենք, որ կազմակերպիչները մրցույթ-փառատոնը գրավիչ դարձնելու նպատակով ամեն տարի կանոնակարգում մտցնում են նոր անվանակարգեր` հարստացնելով մրցույթի հնարավորությունները, ինչն էլ թույլ է տալիս զարգացնել մշակույթի տարբեր ոլորտները, բացահայտել եղած ողջ ներուժը, տվյալ համայնքի առանձնահատկությունները: Հինգերորդ մրցույթ-փատատոնի կանոնակարգում ընդգրկված էին հետևյալ անվանակարգերը` ՙԻնքնադիմանկար՚, ՙԲեմադրություն՚, ՙԲանահավաքչություն՚, ՙԷպոսասացություն՚, ՙԹումանյանական հանգով՚, ՙՄեկ հայտի հնարավորություն՚: Հոկտեմբերի 12-ին փառատոնն անցավ գյուղական համայնքների միջև: Առաջին` ընտրական փուլում ներգրավված էր 106 գյուղական համայնք, որոնցից հանրապետական փուլ է անցել 54-ը: ՙՀամայնքների կատարած աշխատանքը զգալիորեն մեծ է,- ամփոփում է մրցույթ-փառատոնի աշխատանքը ՄԵՀԶ մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը: -Համայնքները միջոցառմանը պատրաստվում են ամբողջ տարին, և դա նկատելի է՚:

Հանձնաժողովի անդամները կարևորեցին գյուղական համայնքներում տարած աշխատանքը: Մարդիկ աշխատում են ինքնաբուխ, տրամադրում շատ ժամանակ, ջանքեր, ինչն, ի վերջո, բերում է որոշ դրական արդյունքների, մասնագետները գնահատում են գյուղերի մասնակիցների աշխատանքը: Դրա հետ մեկտեղ` արհեստավարժների աշխատանքի բացակայությունը ևս էապես զգացվում է, փաստում են նրանք: Կան օժտված երեխաներ, որոնք մեծ ընդունակություններ ունեն, արդարացիորեն նկատում են նրանք, բայց այդ երեխաների հետ պետք է մրցույթից մրցույթ կենտրոնացված աշխատանք տանել, կատարելագործել նրանց ընդունակությունները, հմտությունները: Միայն այդ դեպքում արդյունքները շոշափելի կդառնան, համոզված են նրանք, մրցույթն էլ իր նպատակներով առավելագույնի կհասնի:

Հոկտեմբերի 13-ին էլ մրցույթ-փառատոնը տեղի ունեցավ Արցախի քաղաքների միջև: Մասնակցել է 9 քաղաք` Ասկերան, Կովսական, Քարվաճառ, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Բերձոր, Մարտակերտ, Շուշի` 150 մասնակցով: Ըստ Երազիկ Դանիելյանի` քաղաքային համայնքները, գյուղականների համեմատ, շատ ավելի ակտիվ էին, ինչն ունի իր բացատրությունը. քաղաքում երեխաների հետ աշխատում են արհեստավարժներ: Սա ևս մի ապացույց է, եզրակացնում է նա, թե որ ուղղությամբ պետք է աշխատանք տանել գյուղական համայնքներում:

Ամփոփենք ՙՄշակութային խաչմերուկ՚ 5-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլի արդյունքները: ՙԲեմադրություն՚ անվանակարգում առաջին մրցանակային տեղ են գրավել Շուշիի, երկրորդը` Ասկերանի և երրորդը` Մարտակերտի թիմերը, ՙԷպոսասացություն՚ անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հադրութը, երկրորդը` Մարտակերտը, երրորդը` Շուշին, ՙԻնքնադիմանկար՚ անվանակարգում առաջինը` Մարտունին, երկրորդը` Մարտակերտը, երրորդը` Ճարտարը, ՙԹումանյանական հանգով՚ անվանակարգում առաջինը` Մարտունին, երկրորդը` Ասկերանը, երրորդ մրցանակային տեղը կիսել են Ճարտարն ու Մարտակերտը: ՙՄեկ հայտի հնարավորություն՚ անվանակարգում առաջին տեղը գրավել են Բերձորն ու Հադրութը, երկրորդը` Կովսականը, իսկ երրորդը` Շուշին: Ասկերանի թիմին հանձնվել է նաև խրախուսական մրցանակ:

Գյուղական համայնքների միջև մրցանակայն տեղերը բաշխվել են հետևյալ կերպ: ՙԲեմադրություն՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղը գրավել է Տողի համայնքը, 2-րդը` Հաթերքը, 3-րդը` Սոս գյուղը: ՙԷպոսասացություն՚ անվանակարգում 1-ին  տեղին արժանացել են Հերհերի համայնքը, 2-րդ` Տողի, 3-րդ` Խաչենի համայնքները: ՙԻնքնադիմանկար՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղը գրավել է Ուխտաձորը, 2-րդը` Տումին, 3-րդը բաշխվել է Սարուշեն, Շոշ, Սոս գյուղական համայնքների միջև: ՙԹումանյանական հանգով՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղը գրավել է  Պառավաթումբի համայնքը, 2-րդը` Տողի, 3-րդը` Խնուշինակ համայնքները: ՙՄեկ հայտի հնարավորություն՚ անվանակարգում 1-ին հորիզոնականը կիսեր են Հերհերի (երգ, Բ կարգ). Տոնաշենի (գործիքային կատարում, Ա կարգ), Վերին Հոռաթաղի (երգ, Ա կարգ) համայնքները, 2-րդը բաշխվել է Նորշենի (պար, Բ կարգ), Նորագյուղի (պար, Բ կարգ) համայնքների միջև, 3-րդը` Տումիի (ասմունք, Բ կարգ), Նոր Բրաջուրի (պար, Բ կարգ) համայնքների միջև:

Ըստ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի տեղեկության` ՙԲանահավաքչություն՚ անվանակարգում ներկայացրած նյութերը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն, ուստի և վերջնական արդյունքներն ամփոփված չեն: Այդ մասին կտեղեկացվեն առաջիկայում:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ