[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ

Հոկտեմբերի 25-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հրավիրեց մամլո ասուլիս: Նախարարը համառոտ ներկայացրեց պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքը, ոլորտի քաղաքականությունն ու խնդիրները, ինչպես նաև ապագա ծրագրերը: 

 ՙՄեծապես կարևորում եմ մշակութային քաղաքականության գիտականացումը,- շեշտեց Լ. Հովհաննիսյանը,- ինչը ենթադրում է գիտահետազոտական աշխատանքների իրականացում, համագործակցություններ տարբեր գիտահետազոտական և կրթական հաստատությունների հետ՚: Նախարարը համոզված է. որ դա հնարավորություն կտա առավել արդյունավետ մշակութային քաղաքականություն իրականացնել: Վարած մշակութային քաղաքականության մեջ գերատեսչության ղեկավարն առաջնահերթ կարևորություն է տալիս մշակութային կրթության զարգացմանը, մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, շրջաններում մշակույթի համաչափ զարգացմանը, մշակութային արժեքների, նպատակների ու գերակայությունների ճշգրտմանը: Լ. Հովհաննիսյանը նախարարության կարևոր խնդիրներից է համարում նաև մշակութային քաղաքականության մոնիտորինգը, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել անելիքներում և ապագա ծրագրերի մշակման գործընթացում:

Երիտասարդության ոլորտում նախարարը նշեց հետևյալ խնդիրները` երիտասարդների համար ինքնազարգացման, ինքնադրսևորման հնարավորությունների ապահովում, նախաձեռնողականության խթանում, երիտասարդական դաշտի ակտիվացում, արցախցի երիտասարդների մասնակցությունը համահայկական, միջազգային երիտասարդական միջոցառումներին ու ծրագրերին: Գերատեսչության ղեկավարը հակված է ոչ թե քննադատելու երիտասարդներին, այլ թերացումները մատնանշելով` ուղղորդելու նրանց առավել ակտիվ ու կառուցողական գործունեության: 

Նախարարն, անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտում վերջին երեք ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին և մատնանշեց, որ կարևոր ձեռքբերումը. միջազգային հարթակներում Արցախի զբոսաշրջային ոլորտի արդյունքը տարբեր ցուցահանդեսներում ներկայացնելն է: Զբոսաշրջության զարգացման գործում նա մեծ նշանակություն տվեց ՙՏուրիստ Բուս՚ զբոսաշրջային ուղևորությունների նախագծին, որն իրականացվել է արդեն 2-րդ անգամ: Կազմակերպվել են դասընթաց-սեմինարներ հյուրատնային բիզնեսի զարգացման հեռանկարով, իրականացվել է հուշարձանների մոնիտորինգ, մաքրման աշխատանքներ են տարվել մի շարք պատմական հուշարձանների տարածքներում:

ՙՊատմական հուշարձաններին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու,- ասաց Լ. Հովհաննիսյանը:- Պատմական հուշարձանների վերակառուցման, վերականգնման նկատմամբ լուրջ վերահսկողություն ենք սահմանելու` բացառելով պատմական այդ հուշարձանների կամայական վերանորոգումները՚:

Իր ելույթի վերջում գերատեսչության ղեկավարը ներկայացրեց թվեր, որոնք արված աշխատանքի վառ վկայությունն են: Մեջբերենք ամենախոսունը. ՙՎերջին 9 ամսվա ընթացքում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է` հասնելով 24213-ի, ինչը 18%-ով ավել է 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՚:

Նախարարը ելույթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանից Միհրդատ Երրորդ թագավորի պատկերով արծաթե մետաղադրամի գողացման դեպքին, Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տարածքում արդեն տեղադրվել են տեսախցիկներ, որպեսզի վերահսկողությունն էլ ավելի ուժեղացվի: ՙՀարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն այդ ուղղությամբ տանում է աշխատանքներ: Կարծում եմ, շուտով հարցին լուծում կտրվի՚,- հարցի վերաբերյալ տեղեկություններն ամփոփեց նախարարը: 

Անդրադառնալով Ստեփանակերտի մայր-թատրոնի առկա իրավիճակին, նախարարն ասաց. ՙԲնականաբար, ցանկացած երկրի արվեստի կարևորագույն ճյուղերից մեկը թատրոնն է : Ցավոք, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը վաթթար վիճակում է: Ամեն ինչ պետք է անել` շենքը վերականգնելու: Նախարարությունը կարևորում է խնդիրը, ընդգծեց Լ. Հովհաննիսյանը: Նախարարը հաստատեց նաև, որ նորոգման աշխատանքները հիմնված կլինեն ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից արդեն արված նախագծի հիման վրա:

Անցած ամիսների ընթացքում պարբերաբար կազմակերպվել են զանազան մշակութային միջոցառումներ, կայացել համերգներ: Ակտիվ աշխատանք է տարվել Հայ Համազգային կրթամշակութային միության հետ, կազմակերպվել է սփյուռքահայ մշակութային գործիչների այցելությունն Արցախ: Նախարարը մասնավորապես կարևորեց հունիսի 29-ին Ստեփանակերտում տեղի ունեցած սփյուռքահայ դաշնակահար Արմեն Ահարոնյանի մենահամերգը, Արևմտյան Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի ՙՆաիրիե՚ պարախմբի ելույթը, ինչպես նաև  համաշխարհային օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի այցելությունն ու համերգը:

Անդրադառնալով Արցախի զբոսաշրջային ներուժին, Լ. Հովհաննիսյանը թվարկեց ոլորտում արված աշխատանքները: Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնակատարությունների ընթացքում կազմակերպված տոնավաճառին, հոկտեմբերի 6-ից 13-ը Երևանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանի ու Արցախի զբոսաշրջությանը նվիրված տաղավարում: Սեպտեմբերի 14-ից 18-ը կազմակերպվել է հայաստանյան մի շարք զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այցն Արցախ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալ Արցախի զբոսաշրջային ռեսուրսներին: Սեպտեմբերի 16-ին կազմակերպվել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը, որն իր հարկի տակ է ընդունել տասնյակ գինեգործներ Արցախից ու Հայաստանից և ավելի քան 5000 այցելու: Օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը երկրորդ անգամ իրականացվել է ՙՏուրիստ Բուս՚ զբոսաշրջային ուղևորությունների նախագիծը Ստեփանակերտ-Տող, Վանք և Հունոտի կիրճ ուղղություններով: Հոկտեմբերի 17-ից 24-ը կազմակերպվել են դասընթաց-սեմինարներ հյուրատնային բիզնեսի համար: Քարվաճառում դասընթացներն իրականացվել են Շահումյանի շրջանի բնակիչների համար, իսկ Ստեփանակերտում զբոսաշրջության վարչության մասնագետների համար կազմակերպվել էր հատուկ դասընթաց ՙՀյուրատնային բիզնեսի կառավարման դասընթացների վարում՚ թեմայով: Նախարարը տեղեկացրեց, որ պետական բյուջեի նախագծով համապատասխան գումարն արդեն հատկացվել է, որպեսզի Գտչավանքի ներքին հարդարման և եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար. Անդրադառնալով Արցախի տարածքում առկա մի շարք այլ պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցին` նախարարը նշեց, որ անցած ժամանակահատվածում կազմակերպվել է հուշարձանների մոնիթորինգ, ստուգվել է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների մի շարք հուշարձանների պահպանման վիճակը: Այդ գործընթացի արդյունքում ի հայտ են բերվել բազմաթիվ նոր հուշարձաններ: Կազմվել է սխեմատիկ նախագիծ առաջիկայում ամրակայման ու վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով: Բացի այդ, ընթացքավորվել են Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի եկեղեցու վերականգնման աշխատանքները: Կատարվել են բարեկարգման աշխատանքների իրականացման հաշվարկներ Տիգրանակերտում և Շուշիում: Քննարկվել են Դադիվանքի մոմատան վերականգնման, Դադիի եկեղեցու ծածկի տեղադրման, օժանդակ ավտոճանապարհի կառուցման և տարածքի բարեկարգման, Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տանիքի նորոգման, ինչպես նաև Հադրութի շրջանի Տող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնման նախագծերը, Հունոտի կիրճ արգելոցի տարածքում գտնվող պատմական կամրջի էսքիզային նախագիծը: 

Շուշիի պատմամշակութային տեսքի վերակագնմանն ի՞նչ աշխատանք է տարվում հարցին, նախարարը խոստովանեց, որ խնդիրները շատ են և դժվար լուծելի: Դրանք կառավարության ուշադրության ներքո են, և թեկուզ կապված են մեծ ֆինանսների հետ, որոշ քայլեր արվում են: Գերատեսչությունն արդյունավետ աշխատում է ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի հետ: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ