[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏԻ ՇԱՎԻՂՆԵՐՈՎ

Ստեփանակերտի պատկերասրահը գործում է 1982 թվականից։ Ղարաբաղյան պատերազմով պայմանավորված՝ 1992 թվականին դադարեց պատկերասրահի գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո միայն՝  2001 թվականին, պատկերասրահը վերսկսեց իր գործունեությունը Ստեփանակերտի քաղաքապետարանի դահլիճում՝ 1-ին հարկում։

 2013 թվականի սեպտեմբերին պատկերասրահին հատկացվեց 400 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր տարածք՝ կազմված երկու հարկերից (երկու պատկերասրահներից)։ Պատկերասրահի տարածքում են գտնվում  նկարչության և քանդակագործության արվեստանոցները, Արցախի նկարիչների միությունը։ 

2013 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ պատկերասրահի նոր շենքի պաշտոնական բացումը։ Վերաբացումից ի վեր` շուրջ 18 տարի, Ստեփանակերտի պատկերասրահն ապրում է աշխատանքային բեղուն կյանքով։ 

Այսօր պատկերասրահում կազմակերպվում են նկարների ու քանդակների, կիրառական արվեստի, լուսանկարների տարբեր ցուցահանդեսներ, սեմինար-դասախոսություններ, վարպետաց դասեր, հաղորդաշարի նկարահանումներ և այլն։ 

Ստեփանակերտի պատկերասրահը համագործակցում է Հայաստանի և Արցախի նկարիչների միությունների հետ, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հետ։ Կազմակերպվում են ՀՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ երկրներից և արտերկրից նկարիչների ցուցահանդեսներ, ինչպես նաև պատկերասրահի ֆոնդի նկարների և քանդակների ցուցադրություններ։ Ֆոնդը կազմված է ավելի քան 400 նկարներից ու քանդակներից։ Տարեկան կտրվածքով պատկերասրահում կազմակերպվում է 15-20 ցուցահանդես։ 

Կերպարով ու ողջ էությամբ իր աշխատանքային բնույթին հարիր պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը մեծ նվիրվածությամբ ու ջանասիրությամբ ձեռնամուխ եղավ պատկերասրահի գիտական ու ցուցահանդեսային գործունեության ակտիվացմանը։ 

Մեզ հետ զրույցում Ե. Դադայանը  նախ իր խորին երախտագիտությունը հայտնեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանին` պատկերասրահում կազմակերպվող ու իրականացվող նախագծերին մշտապես աջակցելու, ուշադիր վերաբերմունքի համար։ 

 

Մեր ճեպազրույցը:

-Եվ այսպես, տիկին Դադայան, ովքե՞ր են  այսօր պատկերասրահի այցելուները։ 

-Սովորաբար պատկերասրահ հաճախում են ամենատարբեր մարդիկ՝ տարբեր տարիքային խմբերի ընդգրկմամբ՝ սկսած դպրոցականներից մինչև թոշակառուներ։ Հատկապես ուրախալի է, երբ պատկերասրահ են այցելում թոշակառուները. դա նրանց համար հանգստի յուրօրինակ ձև է։ Արվեստի սիրահարները, որպես կանոն, միևնույն ցուցահանդեսն այցելում են մի քանի անգամ։ Երիտասարդները ևս ակտիվություն են ցուցաբերում` հատկապես ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողները։ Ինստիտուտի տնօրեն  Յու. Հովհաննիսյանն այս առումով շատ ուշադիր է, շահագրգռված, որ իր ուսանողները պարտադիր մասնակցեն պատկերասրահում կազմակերպվող միջոցառումներին, անգամ տեղում վարպետության դասեր է նախաձեռնում ուսանողների համար։ 

Զբոսաշրջիկների հոսքի հետ կապված` ամռանն այցելուներ շատ ենք ունենում։ Եղանակն էլ է ինչ-որ տեղ տրամադրություն ստեղծում։ 

-Պատկերասրահում ցուցադրվում են բազմաթիվ վաստակավոր արվեստագետների աշխատանքներ։ Գեղագիտական ի՞նչ ոճ են այցելուներն այսօր նախընտրում։ 

-Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր նախընտրած ոճը, բայց հիմնականում, ի տարբերություն աբստրակտցիոնիզմի կամ ավանգարդ ոճի, մարդկանց համար առավել ընկալելի է ռեալիզմը՝ բնանկարներ և այլն... Ինքս նախընտրում եմ եռածալ կտավները (տրիպտիխ)։ 

-Արտասահմանաբնակ հայ արվեստագետները ցուցահանդեսներ ունենում են արտերկրում։ Սակայն հայրենիքում ցուցահանդես ներկայացնելը, կարծում եմ, այլ զգացողություն է։ Արտահայտվո՞ւմ  է նրանց ներքին ոգևորությունն Արցախում կազմակերպվող ցուցահանդեսներում։ 

-Միանշանակ, այո՜։ Անգամ այն արվեստագետները, ովքեր արմատներով  Ղարաբաղից չեն, մի տեսակ պատիվ են համարում հենց Արցախից սկսել իրենց ցուցահանդեսների շարքը՝ համակվելով հպարտության ու ազգային ինքնագիտակցության զգացումով։ Վերջին ժամանակներում այս միտումն առավել ակնհայտ է դառնում։ Շատ արվեստագետների հենց Արցախն է ձգում։ 

Լուսինե ՇԱԴՅԱՆ