[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԱՔՈՒՐ ՏԱՐԱԾՔԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՔՈՒՐ ՄՇԱԿՈՒՅԹ...՚

Վերջերս Արցախում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ  գիտաշխատող, Հրատարակչական գործի գործակալության հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը։

 Արմեն Ավանեսյանն ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն  ու ասպիրանտուրան։ 2006թ.-ից աշխատում է ՙՆարցիս՚ գրական-գեղարվեստական մշակութային հանդեսում՝ որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ։ Արմեն Ավանեսյանի հեղինակությամբ լույս են տեսել երեք տասնյակից ավելի գրաքննադատական հոդվածներ  հայաստանյան և սփյուռքի  գրական մամուլում՝ գրականության և թատրոնի վերաբերյալ։

Հայ գրականության  արդի գործընթացներին քաջատեղյակ Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ մեր զրույցի  առանցքն Արցախում ստեղծվող գրականության  առանձնահատկություններն ու դերակաատարությունն են՝ համահայկական գրականության համատեքստում, ինչպես նաև արդի հայ գրականության ընթացքն ու խնդիրները։

-Պարոն Ավանեսյան, տարիներ շարունակ Արցախում ստեղծվող գրականությունը դիտարկում էին համահայկական գրական գործընթացներից դուրս։ Ունե՞ք խնդրի առնչությամբ Ձեր մոտեցումները։

-Ես վստահ եմ, որ հայ գրականությունը` ներառյալ սփյուռքահայ հատվածը, արդեն իսկ անկախությունից սկսած, հատկապես՝ Ղարաբաղյան շարժումից սկսած, միասնական դաշտում է։ Արցախը՝ լինելով, այսպես ասած՝ այլ աշխարհաքաղաքական իրավիճակներում, չնայած մայր հայրենիքի հետ մշտական  երկխոսության մեջ է, որոշակիորեն դուրս էր մնում բուն հայկական  գրական գործընթացից։ Խորհրդային  Հայաստանի սահմանները փակ էին նաև սփյուռքի  գրականության համար, որն ինքն իր մեջ էր ձևավորվում։ Այսօր, բաց սահմանների պայմաններում երկխոսությունն ակտիվացել է, դիտարկելի է մեկ ընդհանուր համակարգում։ Այդ առումով Արցախի գրողներն ակտիվ են, և նրանք, որպես կանոն, մեծամասամբ  նաև Հայաստանի գրողների միության անդամ են։ Սա շատ կարևոր է։ Այսինքն՝ մեկ ընտանիք է ձևավորվել, և թե՜ արցախցի գրողը,  թե՜ Հայաստանի որևէ մարզում, բնակավայրում բնակվող գրողը, լծված են նույն սրբազան  գործին՝ Հայոց մշակութային կյանքի զարգացմանը։

-Ի՞նչն է առավել անընդունելի ժամանակակից գրական գործընթացներում ու միտումներում։

-Վստահ եմ, որ գրականությունը հանձնառություն ունի յուրաքանչյուր ժամանակի կարևոր և խնդրահարույց հարցերը շրջանառելու։ Լավագույն գրականությունը՝ որպես ազգի գաղափարախոսության կրող, պետք է պետական քաղաքականության կարևորագույն մարտահրավերներից մեկը լինի։ Այսօրվա գրականությունը շատ բազմաբղետ է ու տարաբնույթ ընկալումներ է բերում։ Ինձ համար, որպես քննադատի, անընդունելի է ամենաթողությունը, որովհետև շատ գրողներ ստեղծագործության մեջ տուրք են տալիս  ամենախոսությանը, չհասկանալով, որ գործածելով գռեհիկ բառեր, հայհոյախոսություններ, դրանով դիմացինի բարոյական սահմանն են հատում։ Կյանքից եկող յուրաքանչյուր երևույթ հնարավոր է գեղարվեստորեն պատկերել։ Նույն այդ հայհոյանքը գրողն այնպես վարպետորեն պետք է ներկայացնի, որպեսզի ընթերցողը նողկանքով չընկալի։ Տարօրինակ է նաև այն, որ շատ գրողներ ձգտում են ամեն ինչ միանգամից ասած լինել, իսկ այդ միտման  առկայության  դեպքում գրողն  իրականում ոչինչ չի ասում, որովհետև կորցնում է  բուն միտքը։

Իմ կողմից շատ քննադատելի է կենսականության պակասը գրականության մեջ, որովհետև այսօր, երբ վիրտուալ  իրականությունն ավելի շատ է նստած մարդու մեջ, առանց կյանքը  ճանաչելու, կյանքը չիմանալով հաճախ սկսում են փիլիսոփայել, ուղղորդել, ճանապարհ ցույց տալ՝ առանց այդ կենսափորձն ունենալու։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր գրող, երբ գրիչ է վերցնում, պետք է արդեն իսկ պարտավորվածության զգացողություն ունենա՝ ի մասնավորի կենսափորձի առումով։

-Գրողների, գրականագետների կողմից, ու ոչ միայն, հաճախ է մտահոգություն հնչում հանրության լայն խավերի՝ գրքից հեռանալու վերաբերյալ։ Բացի այդ, կարծիքներ են հնչում, թե ընթերցողին հետաքրքիր չէ ժամանակակից  գրականությունը։ Ի՞նչ եք կարծում, գուցե գրականությունն էլ մարդո՞ւց է հեռացել։

-Գրականությունը որքան էլ հեռանա մարդուց, գոնե դասական արժեքները մնայուն են։ Անշուշտ, գրքի նկատմամբ ուշադրության անկում եղավ հատկապես  90-ականներին՝ պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, դժվար իրավիճակներ, երբ երեխային ցրտահարության  չմատնելը օրախնդիր էր, և մարդիկ ստիպված անգամ գիրք էին վառում։ Հետպատերազմյան տարիներից գրքի հանդեպ հետաքրքրությունը վերածնվեց, սակայն այնուհետև գրքին մարտահրավեր նետեց էլեկտրոնային գրքի ժամանակաշրջանը։ Այդուհանդերձ՝ գիրք կարդալու վայելքն ուրիշ է։

Ժամանակակից գրողին ընթերցելն առավել կարևոր է, քանզի նա այսօրվա, քո կողքին ապրողն է, քո ժամանակի գրողը։ Կար ժամանակ, երբ շատերը գրական հանդեսներում ու թերթերում հայտարարում էին, թե եկել է պոեզիայի և ընդհանրապես գրականության վախճանը։ Գրականությունը չի կարող ավարտ ունենալ, քանի դեռ ազգը կա և շարունակում է ստեղծագործել։

-Ինչպիսի՞ ներուժ ունի մեր մշակույթը՝ Արցախն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու համար։

-Արցախի մշակույթը շատ կարևոր է ու անկրկնելի։ Այստեղ ամեն ինչ կենսամշակույթ է, այգեգործություն, հոգևոր մշակութային արժեքներ, գրականություն, երաժշտություն, որն այսօր հայաստանյան երաժշտության շատ կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում։ Մաքուր տարածքը հնարավորություն է տալիս ստեղծելու մաքուր մշակույթ։  Այս առումով արցախյան մշակույթը  նախանձելի է։ Որքանով հասցնում եմ հետևել՝ Արցախում թատերական կյանքն այնքան էլ ակտիվ չէ։ Կցանկանայի այս ուղղությամբ նույնպես զարգացումներ տեսնել։ Մշակութային երկխոսությունները պիտի զարգանան աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միջև, Երևանի և մարզերի միջև, որպեսզի  հանդիպումներ, հրավերներ շատ լինեն։ Հանրության ուշադրությունը պետք է սևեռել դեպի մշակույթը։

 

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ