Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ՝ ՑԱՎԻՑ ԾՆՎԱԾ ԼՈՒՅՍ

altԵրգ երգոցը՚ Արցախում
Մայրության և գեղեցկության տոնի նախօրյակին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրաշալի նվեր մատուցեց արվեստասեր հասարակությանը: Հիրավի, իրադարձային էր օրը` ապրիլի 4-ը:
Անթաքույց  ուրախությամբ ու հպարտությամբ եմ գրում, որ լուրն այդ հրաշալի նվերի մասին ուղղակի ալեկոծեց Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությանը և ազգային երգարվեստի երկրպագուներին ուղղորդեց դեպի Մշակույթի և երիտասարդության պալատ: Լուսավորված դեմքեր, ժպիտներ, բարձր տրամադրություն... Այս ի՞նչ հրաշք է կատարվում, ասում էին մարդիկ, ՙԵրգ երգոց՚  անչափ սիրված հաղորդաշարն Արցախում է` իր առաջին արցախյան հաղորդումն անցկացնելու նպատակով:alt
Հրավիրատոմսերը վաղուց սպառված էին, բայց հուշ-երեկոյին ներկա լինել ցանկացողների թիվը չէր նվազում։ Ուստի կազմակերպիչներն իմաստուն որոշում կայացրին. նույն երգիչների կազմով ուշ երեկոյան տալ ևս մեկ համերգ (թեկուզ ոչ անվճար) այն մարդկանց համար, ովքեր չեն կարողացել ներկա լինել առաջինին: Այդ օրվա երկու համերգների երախտապարտ ունկնդիրները դեռ շատ երկար կխոսեն իրենց տպավորությունների, անմոռանալի պահերի մասին, որ անջնջելի հետք  են թողել նրանց սրտերում:
Եվ այսպես, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճի բեմում սիրված հաղորդաշարի սիրված հաղորդավար Խորեն Լևոնյանն է: Հայաստանի ՙՀ1՚ հանրային հեռուստաընկերության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ սկիզբ դրվեց պատմական մի ավանդույթի` ՙԵրգ երգոցի՚ արցախյան հաղորդաշարի՚: Առավել խորհրդավոր էր այն, քանզի առաջին հաղորդումը նվիրված էր Արցախի տաղանդավոր զավակ, մանկագիր, բանաստեղծ, երգահան Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 85-ամյակին: Պատվավոր հյուրերի շարքում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի գրողների միության անդամները` Միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, Գ. Գաբրիելյանի ընտանիքի անդամները, արվեստասեր հասարակայնության ակնառու ներկայացուցիչներ:
Խորեն Լևոնյանը ճշմարտացիորեն նկատում է. ՙՄենք նորից անառիկ ամրոցում ենք` Արցախ աշխարհում, նրա սրտում` Ստեփանակերտում: Եվ այստեղ ենք եկել ոչ թե հյուրերի, այլ կարոտած որդիների պես: Եվ առաջին արցախյան հանդիպումը նվիրելու ենք Արցախի պայծառ երգիչ, բանաստեղծ, մանկագիր և երգահան Գուրգեն Գաբրիելյանի երգերին` որպես խոնարհում իսկական մտավորականի հիշատակին և նրա ստեղծագործությանը՚: 
ՙԵթերում ՙԵրգ երգոց՚-ն է` Գուրգեն Գաբրիելյանի երգերով՚,¬ ազդարարում է Խորեն Լևոնյանը, և որ հատկապես ուրախալի է` ոչ միայն երևանյան, այլև արցախյան երգիչների կատարմամբ: Ո՞ր մի հայ չգիտի Կոմիտասի ՙՀորովելը՚, այն գիտի և արցախցին, նկատում է հաղորդավարը, բայց գիտի նաև մեկ ուրիշ ՙՀորովել՚` իր ՙՀորովելը՚, որը ժողովրդի ընկալմամբ ոչ թե մեկ անհատի, այլ իր` ժողովրդի ստեղծածն է, և դա, անշուշտ, այս երգին և հեղինակին տված բարձր գնահատականն է: Հեղինակը կարողացել է մի փոքրիկ երգի շրջանակներում ներկայացնել մի ամբողջ ժողովրդի պատմություն, ասում է սիրված դերասանը, նրա ցավը, ուրախությունը, նրա սերն իր հայրենի հողի ու մարդու նկատմամբ: Եվ, կարծում եմ, ներկաներն ինձ հետ համամիտ կլինեն, եթե ասեմ, որ այդ սերը, ուրախությունը, ցավը հիանալի  արտացոլեց արցախցի սիրված երգիչ, ՙԵրգ երգոց՚ հաղորդումներում հնչող երգերի հրաշալի կատարող Վարդան Բադալյանը: Աննման կատարում, որ պարգևեց մեծ բավականություն և արժանացավ բուռն ծափահարությունների, ՙբրավո՚ բացականչությունների: 
Սկիզբը հրաշալի էր: Ճիշտն ասած, մտավախություն ունեի, որ այս բարձր նիշը դժվար թե հավասար ու մինչև վերջ պահվի: Բայց, հուրախություն մեզ, բոլոր կատարումները հիմնականում չէին զիջում առաջինին... Կուզենայինք հատուկ ջերմությամբ նշել Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Մկրտիչ Մկրտչյանի ՙԳանձասար՚ և Դավիթ Ամալյանի ՙԴադիվանք՚ երգերի սքանչելի կատարումները։ Կարծում ենք, երեկոյին հանդես եկած բոլոր երգիչներն արժանի են, որ մեկ առ մեկ հնչեն իրենց անունները. Արցախի ՙՄենք ենք, մեր սարերը՚ պետական ազգագրական երգի-պարի համույթի մենակատարներ Մարինե Ղահրամանյան (ՙԽնեցու երգը՚), Վիտալի Ղազարյան (ՙԿալին՚), Քրիստինե Բաբայան (Վ. Ղազարյանի հետ զուգերգ՝ ՙՉոբան յար՚), մեր հայրենակից ու սիրված երգիչ Ռազմիկ Ամյան (ՙՀընգեր, հընգեր՚), Լեյլա Սարիբեկյան (ՙԿարոտի երգ՚), Սեդա Նահապետյան (ՙԽաղողենի՚)։ Նշենք նաև Երևանի Երգի թատրոնի մեներգիչների ՙՋաղացի՚ երգի բավականին հետաքրքիր կատարումը` Արթուր Գրիգորյանի մշակմամբ։ 
Ինչպես գիտենք, ՙԵրգ երգոցի՚ ձևաչափը  հրավիրված արվեստաբաններին հնարավորություն է տալիս արտահայտել իրենց կարծիքը երգերի, հեղինակի, երևույթների մասին։ Նշենք, որ Գուրգեն Գաբրիելյան երգչի, երգահանի, բանաստեղծի մասին իրենց կարծիքն արտահայտեցին, ինչպես և հուշեր պատմեցին գրչընկերներ Վարդան Հակոբյանը, Սոկրատ  Խանյանը, կրտսեր գրչընկերներ Դավիթ Միքայելյանը, Համլետ Մարտիրոսյանը։ Իրենց ընկերոջ մասին բավականին հետաքրքիր խոսեցին Արցախի  հայտնի բժիշկ Փարավոն Ադամյանը, գրականագետ Լենա Գրիգորյանը, հոգեբան Արզիկ Մխիթարյանը, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը։ Սրտառուչ և շատ հուզիչ խոսքեր ասացին բանաստեղծի այրի Նունիկ մայրիկը, որդիներ Սամվել և Լևոն Գաբրիելյանները, հարս Անժելա Գաբրիելյանը։ Անկեղծ ասենք, բոլորն էլ շատ հետաքրքիր էին խոսում նրա մասին՝ լուսավորելով ու ընդգծելով  բանաստեղծի  բնավորության, ստեղծագործության բնորոշ կողմերը։ Հատուկ չենք անդրադառնում նրանց՝ թողնելով ունկնդրին ևս մեկ անգամ վայելելու այդ պահերը՝ ՙԵրգ երգոց՚ հաղորդման ժամանակ։ Սակայն կուզենայինք մեջբերում անել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի և ստեղծագործության բաժնի պետ  Լյուդմիլա Սարգսյանի խոսքից, քանզի շատ դիպուկ և խորիմաստ բնորոշում է Գուրգեն Գաբրիելյան երևույթը։ ՙԲնությունը զարմանալիորեն շռայլ է եղել Գուրգեն Գաբրիելյանի հանդեպ. մի մարդու մեջ խտացրել է այդքանը՝ Գուրգեն Գաբրիելյան բանաստեղծ, մանկագիր, երգահան, երգիչ, գուսան։ Գուրգեն Գաբրիելյանն Արցախի արվեստի պատմության մեջ բացառիկ անհատականություն է։ Նրա երգերը մտել են ժողովրդի սիրտը, քանզի նա վերցրել է ժողովրդից, մշակել և անմնացորդ նվիրել ժողովրդին։ Եվ եթե Գուրգեն Գաբրիելյանը համարձակություն է ունեցել Կոմիտասի ՙՀորովելից՚ հետո ինքը մշակել երկրորդ ՙՀորովելը՚, ապա մենք չէ, որ պիտի գնահատենք այսօր Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործությունները։ Նրանք անկրկնելի են։ Վստահ կարող եմ ասել, եթե նա ներկա լիներ այս միջոցառմանը,   կհնչեցներ ՙՂարաբաղ՚ բանաստեղծությունը, քանի որ նա խենթի պես  սիրահարված է եղել իր բնաշխարհին ու ժողովրդին՚։
Հոդվածն ավարտենք Խորեն Լևոնյանի եզրափակիչ խոսքով, որն այդ երեկոյի ողջ ընթացքում հնչածի խտացումն էր.  ՙ... Նա գրեց առանց կուրծք ծեծելու, առանց ուրիշներին իր ցավն ի ցույց դնելու, գրեց ճշմարիտ մտավորականի պես, ճշմարիտ հայրենասերի պես, մարդկանց տալով ոչ թե ցավը, այլ ցավից ծնված լույսը։ Մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը հայ մանուկի բարեկամն ու ծով բարություն սփռող ուսուցիչն է։ Գուրգեն Գաբրիելյանի ամեն մի երգը մի Արցախ է, պարզ՝ իր հայրենիքի մարդկանց պես, բաց ու ազնիվ Արցախ է։ Արվեստագետն իր ամբողջ կյանքով ու ստեղծագործությամբ որոնեց իր երազած Արցախը, կանգնեց Արցախյան շարժման շարքերում, իր ազնիվ ձայնը միացնելով բազմահազար հայրենակիցների ձայնին։  Այսօր տարիների հեռվից նրան ճանաչողները կարող են ասել, որ նա ինքը հենց Արցախն է, որ կա նրա նվիրյալ երգիչը, համեստ մշակն ու ոգեղեն ջահը։ Ջահ, որի լույսը ծագել է իր հայրենի Արցախ աշխարհից, և շատ կուզենայինք, որ այսօր հասներ բոլոր հայ մարդկանց սրտերին՚։         
Խորին երախտագիտություն հայտնենք կազմակերպիչներին` այս սքանչելի միջոցառման համար: Միջոցառում, որը տեղի չէր ունենա, եթե մի խումբ մտավորականներ, մտահոգված լինելով ազգային, ժողովրդական երգի ճակատագրով, որն արդի ժամանակներում ինչ-ինչ պատճառներով հայտնվել է ճամփեզրին, կյանքի չկոչեին ՙԵրգ երգոց՚ հաղորդաշարը` սփռված հայության հոգու լույսը: Հույս պահենք, ինչպես խոստովանեցին կազմակերպիչները, որ սա առաջին, բայց վերջին հանդիպումը չէ ՙԵրգ երգոցի՚ հետ արցախյան հողում...            
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ