Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՍՏ ՀԻՆ ՉԻՆԱՑԻՆԵՐԻ

ՙՈգի-Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնը (ղեկավարությամբ բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի) 2018-ի թարգմանական գրականության շրջանակում լույս է ընծայել ՙՉինական մտքի և մշակույթի հիմնական հասկացություններ՚ գրքի (նախագծի) վերջին` 5-րդ հատորը, որն  անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։

Գրքի հրատարակությունն իրականացվել է ՙՕտար լեզուների ուսուցման և հետազոտությունների հրատարակչության՚ (Պեկին, Չինաստան) աջակցությամբ։ 

Հանրագիտարանի այս հատորում ևս հայ ընթերցողը բացահայտում է չինական ժառանգության  նշանակությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ 

Ըստ հին չինացիների` այլոց հանդեպ սիրալիր լինելն ու հոգատարությունը շատ կարևոր բաներ են։ Ինչ վերաբերում է երկիրը կառավարելուն, կառավարչի առաջնային խնդիրը պիտի լինի սիրով վերաբերվել ժողովրդին, մշտապես հեշտացնել նրա կյանքը, կատարել ժողովրդի կամքը, հաշվի առնել շահը։  Մարդկանց համար հոգ տանելը երկրի կառավարման կարևորագույն գործոններից էր։  Այս դրույթների վրա հին Չինաստանում մշակվում էին քաղաքականություն և օրենքներ։  

Ի՞նչ վերաբերում է բարոյական սկզբունքներին, բարձր բարոյական չափանիշներով առաջնորդվողները երբեք չեն ձգտում հարստության ու փառքի, հատկապես արդարության հաշվին։ Ուժի վրա հույս դնելն ու սեփական գերազանցությունը ցուցադրելը հանգեցնում են կործանման։  Պետություն կառավարելիս պետք չէ չափից դուրս համառ լինել և հալածել թույլերին։ Անհնազանդին պետք է նվաճել մեղմորեն, բայց մեղմ ուժը գործածել ներողամտությամբ և միայն այդ դեպքում կարելի է հասնել կայունության ու ներդաշնակության։ Լավ կառավարման համար առանցքային նշանակություն ունի աղքատների տառապանքը թեթևացնելը, ենթականերին բարեհաճ վերաբերվելը, մարդկանց կարիքներին արձագանքելն ու նրանց օգուտ բերելը։ Սրանք անտիկ չինացի փիլիսոփայի հասկացություններից են։

Հարստությունը ժողովրդի ձեռքում պահելու գաղափարը երկար ժամանակ եղել է չինական քաղաքական տնտեսության մաս։ Ենթադրվում է, որ կառավարիչը պիտի լինի տնտեսող, չհափշտակի ժողովրդի հարստությունը, չէ՞ որ հարուստ հասարակությունն ու հարուստ պետությունը միևնույն բանն են։ Հարուստ ժողովուրդը պետության հարստության  հիմքն է։ Այս գաղափարն արդի քաղաքակրթության  բնորոշ գծերից է։ 

Ըստ հին չինացիների` լավ պետական կառավարիչը թույլ կտա, որ հարստությունը մնա ժողովրդի  ձեռքում, կհարստացնի ժողովրդին։ Պաշտոնատար անձը պետք է ամբարի ժողովրդի գաղափարներն ու իմաստությունը, օգտվի  մտածված ու օգտակար սկզբունքներից։ Քանի որ ամեն ինչ շարունակ փոխվում ու զարգանում է, օրենքներն ու ծեսերը համապատասխանաբար պետք է փոխվեն, խրախուսվում է նորարարությունը, ընդունվում այն սկզբունքը, որ երկիրը  պիտի կառավարվի ժողովրդին համապատասխան և արձագանքի ժողովրդի կամքին։ 

Հավատարիմ լինելու  և երկրին ծառայելու հասկացությունը չինացիների մոտ ի  հայտ է եկել երկու հազար  տարի առաջ։ 

Հին Չինաստանում առաքինի մարդ ի սկզբանե կոչում էին կառավարության կամ ազնվականության ներկայացուցիչներին։ Հետագայում այն ստացավ այլ նշանակություն՝ կրթված, ուղղամիտ մարդ, ով հավատարիմ է մնում սեփական  գաղափարներին ու արժեքներին նույնիսկ դժվարությունների դեպքում։ Հին ժամանակներում մարդիկ հավատացած էին, որ հուսահատությունը փորձություն է առաքինի մարդկանց համար, որ նրանք չհայտնվեն կյանքի հատակում։ Տեսակետն ամփոփում են ղեկավարելու ձիրքի, պատասխանատվության արժեքները, որ քաղաքական ու մշակութային վերնախավը պիտի պահպանի փորձությունների  ժամանակ։ 

 Գրքի մի այլ հատվածում քննադատվում է բիրտ կառավարումը։ Կոնֆուցիականությունը կառավարիչներին հորդորում է կրճատել հարկերն ու հարկադիր աշխատանքը, ենթականերին վերաբերվել կարեկցանքով։ Կոնֆուցիոսն ասում է.ՙՀիշի՜ր, երիտասարդ, բիրտ ու բռնապետական օրենքներն ավելի վատ են, քան կատաղի վագրը՚։ 

Գրքում արծարծվում են նաև գրականությանը, նկարչությանը և երաժշտությանը վերաբերող խնդիրներ, օրենքներ, հասկացություններ:

                                                                                         ՙԱԱ՚