ՀԻՇԱՏԱԿԻ ԲՈՂԲՈՋՆԵՐ
Կենդանության օրոք հրատարակած վերջին գիրքը կոչել էր ՙՀերսոտած տապը՚: Անվանի մանկագիրը ժամանակի շնչառության մեջ բացեց ևս մի պատուհան, որն իր միջով պիտի անցկացնի ծիածանի գույները և հյուսի նոր աշխարհ:
ՙՀերսոտած՚ բառը բանաստեղծի հոգու պատկերն է, որ արտացոլվում է տապի հայելում: Գրքի կազմի դեղինն ամռան թարմ շունչն է խառնում արշալույսով բաբախող տողերին: Գուրգեն Գաբրիելյան… Ապրող իրականություն… Գրական շարժում:
Վերջին օրերի նկարը ես տեսա որդու՝ նկարիչ Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում: Պատից նայում է օրերի երթին և իր երգը խառնում առօրյա կյանքի համանվագին:
ՙԳիտե՞ս,- ասաց նկարիչը՝ նայելով հոր լուսանկարին,-անընդհատ զրուցում է ինձ հետ: Երբեք չի ընդհատվում մեր հաղորդակցությունը: Նկարում եմ, նայում դեմքին և լսում հայրական կարծիքը: Նա զգում է գույնը, վրձնի խայտանքն իմ ձեռքերի միջոցով: Այ՜ս աշխարհից է հայրս զրուցում ինձ հետ: Եվ դա նրա անմահության պարզ արձագանքն է: Այսօր Արցախում և Արցախից դուրս հնչում են գաբրիելյանական երգերը՝ ՙՀորովելը՚, ՙԴադիվանքը՚, ՙԿալին երգը՚, աշակերտների շուրթերից հնչում են նրա բանաստեղծությունները, մշակույթի օջախները մարմնավորում են հորովելված ու ամարասված ոգին՚:
Բացում եմ ՙՀերսոտած տապը՚ և կարդում… տարածությունը… Բացում եմ էջը` ինչպես տան դուռը, և մտնում ներս՝ զվարթ գույների աշխարհը: Հերսոտած տապ է բանաստեղծի կանչը: Գաբրիելյանական թևածող ոգին դառնում է բառ, շունչ, կարոտանք, սեր: Դառնում է օր:
Այսքան գույն-գույն
Թև թռչունի
Ծիածանը
Անգամ չունի:
Տապի պատրաստած գորգը, ասես, հյուսված է հիշողության բազմագույն թերթերից, որոնցով հոսում են հողի տեսիլները և մարմնավորվում Գաբո Ապոր երգերը: Սարի եղեգը դառնում է սրինգ: Ծիրանին ճյուղերով օդում նկարում է ՙխնդության՚ էսքիզներ և ծաղիկ-ծաղիկ նվաճում գարնան աստվածային հայացքը: Անձրևը զբոսնում է փողոցներում և իր քայլերի կաթիլներով լցնում տարածության ճեղքերը՝ դառնալով սփոփանք, տարերք, խնդություն: Իսկ փոքրիկը զարմանում է, թե հավքերը ՙոնց են ապրում առանց անուն՚: Երկնքի արցունքը զուգում է խոտերի գլխիկները և երփներանգում տարածությունը: ՙԾտի բույնը մի շերեփ է կամ մի բուռ է գորովալից…՚
Ծտի բույնը
Տիեզերք է,
Ծտօրորան,
Հայրենիք է:
Բնությունը Գ.Գաբրիելյանի գրչի շնչառության տակ դառնում է հայացք, երազանք, կարոտ: Խնձորները դառնում են ժպիտ և ճյուղերը պատում կանաչ հրճվանքով: ՙԻսկ հոնը բնության տոնն է, մայր հողի նվերն ու ձոնն է՚:
Արտը ոսկե
Շորեր հագավ
Մի տուտից տուտ,
Մի տուտից տուտ,
Արտի վրա
Կաթուկ տվեց
Մի ժիր արտույտ:
Գիրքը խմբագրելիս մի քանի անգամ հանդիպել եմ մանկագրի հետ: Եվ ամեն անգամ նրա ձեռքը սեղմելիս զգացել եմ, թե ինչ մեծ կամք ու զորություն է պահպանվում նրա ջերմ ու պրպտուն հայացքում: Այդ հայացքն է նժարում բառը՝ որպես հոգևոր հաց: Այդպես էլ գրեցի առաջաբանիս վերնագիրը՝ ՙՀոգևոր հացի կշիռը՚:
Հայրենիք, օջախ, ընտանիք: Այս թեման բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի համար հավատարիմ խորան էր: Բառն աղոթք է ու երգ, կյանքը ճանաչելու և հաղթահարելու հնարավորություն: Արցախի բարբառից բանաստեղծը հանել է ոգու գույներ և դրանց անդրադարձները թողել իր երկնած երգերի զվարթ հերկերում: Զոհված զինվորի հիշատակի ճառագայթներով է լցրել սենյակը: Ազատագրելով հայրենիքը՝ զինվորն ազատագրել է, նախ և առաջ, իր ոգին ստրկության մղձավանջներից: Ազատագրել է ապագան կասկածներից և պատրանքներից: Հիշատակը վառվող մոմ է, որի դիմաց աղոթում են սպասումի և հույսի ճանապարհները:
Տիրուհին ինչքան
Սիրտ է տալիս…
Սենյակի աչքին
Քուն չի գալիս:
Գուրգեն Գաբրիելյանի ՙՀերսոտած տապը՚ ոգու անդրադարձն է ժամանակի տաք հերկերում: Խոսքն այս մի ճանապարհ է, որը բացահայտում է գրողի կենսագրության ևս մի էջը, առնչում այն արվեստի հավերժական եռքին, ինքնամոտեցման սրբագործող լույսին:
;