Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Այս տարի բոլորեց Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 80 տարին: Մեր հանրապետության պատմության մեջ կրթօջախն այդ միակն է, որ ունի նման երկար ու հարուստ ճանապարհ:

 Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին և ի սկզբանե անվանվել  ի պատիվ հայ մեծ երգահան, ազգագրագետ, երաժշտաբան, խմբավար, մանկավարժ, հայ ազգային երաժշտության հիմնադիր Կոմիտասի: Տարիների ընթացքում դպրոցը ղեկավարել են առաջատար երաժիշտներ, որոնց հաջողվել է հիմնել բարի ավանդույթներ, ձևավորել արժանի սերունդներ: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային-հարվածային, ժողգործիքային, տեսական և վոկալ-երգչախմբային բաժիններ: Երրորդ տարին է, ինչ այն տեղափոխվել է նորակառույց շենք և գործում է հոյակապ պայմաններում: Աշխատում է 120-ից ավելի ուսուցիչ, սովորում շուրջ 550 աշակերտ:

2017թ. սեպտեմբերի 1-ից դպրոցի տնօրեն է նշանակվել քաղաքում հայտնի երաժիշտ Արթուր Պետրոսյանը: Ի՞նչ խնդիրներ են դրված հաստատության առջև և ի՞նչ հեռանկարներ ունի: Այս և այլ հարցեր են արծարծվել Արթուր ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցում:

-Պարոն Պետրոսյան, Դուք արդեն գիտեք, թե ինչ խնդիրներ ունի կրթօջախը: Ո՞րն եք համարում ամենակարևորը, հրատապը:

-Այո, խնդիրներ, ինչպես ցանկացած կրթօջախում, կան: Որոշ խնդիրներ սեփական ուժերով ենք կարողանում լուծել, որոշներին աջակցում են ՄԵՀԶ նախարարությունը, բարերարները: Բայց դրանցից ամենակարևորը համարում եմ մեր աշակերտների կատարողական վարպետության մակարդակի բարձրացումը:

-Ինչպե՞ս եք տեսնում նման լուրջ հարցի լուծումը:

-Կարծում եմ` առաջին հերթին, երաժշտական քոլեջի դասատուների, ուսանողների հետ շփումը պետք է ընդլայնվի, սերտացվի, երկրորդ` կապ հաստատվի նաև երևանյան նմանատիպ դպրոցների հետ: Ինչքան շատ շփում, համագործակցություն` այնքան ավելի շատ նախադրյալներ   լավ սովորելու համար: Պետք է ավելի հաճախ կազմակերպել վարպետության դասեր: Այո, Երևանի կոնսերվատորիայի մեթոդկաբինետի կողմից ամեն ուսումնական տարի կազմակերպվում են վարպետության դասեր: Բայց դրանք անց են կացվում ընդամենը մեկ կամ երկու օր, իսկ դա շատ քիչ է ինչ-որ շոշափելի արդյունքների հասնելու համար: Ցանկալի է գոնե մեկ շաբաթով դա կազմակերպել, գոնե 3-4 օր: Ընդհանրապես, փորձի փոխանակումը շատ օգտակար է թե՜ ուսուցչի, թե՜ աշակերտի համար: Համագործակցությունն այն ուղին է, որը նպաստում է առավելագույն արդյունքների հասնելուն: 

-Գործիքների խնդրում ի՞նչ իրավիճակ է:

-Այդ հարցում գրեթե խնդիր չունենք: ՄԵՀԶ նախարարությունը մեծապես օգնեց, ինչպես և տարբեր երկրներից բարերարներ աջակցեցին: Միայն ակորդեոնների խնդիրն է մնում չլուծված, եղածը հին գործիքներ են: Եվ ցանկալի է, որ մեկ համերգային քանոնի փոխարեն ունենանք երկուսը: Նաև կադրային հարցում չունենք խնդիր: Ունենք և՜ փորձառու, և՜ երիտասարդ մասնագետներ: Անշուշտ, պետք է ինքնակատարելագործմամբ էլ բարձրացնել մասնագիտական մակարդակը: Եվ դա վերաբերում է բոլորին:

-Դպրոցն ու՞նի մասնաճյուղեր մերձակա գյուղերում:

-Չունի, որովհետև ֆինանսավորումը քաղաքապետարանից է իրականացվում: Դրա կարիքն էլ չկա, քանի որ քաղաքի արվարձաններից` Արմենավան, Արեշ, Աջափյակ թաղամասերից, անգամ քաղաքին հարող Քռասնի, Խնածախ գյուղերից են երեխաներ հաճախում մեր դպրոցը: Եվ, պատկերացրեք, նրանք մեր ամենալավ աշակերտներից են:

-Ձեր դպրոցն ի սզբանե կրում էր մեծն Կոմիտասի անունը: Արդյո՞ք դպրոցի աշակերտները քաջատեղյակ են Կոմիտասի ժառանգությանը, նրա արվեստի կրողներն են: 

-Ծրագրում միշտ էլ Կոմիտասի ստեղծագործություններից ներգրավված են: Անցած տարի դպրոցը մեծ համերգ է կազմակերպել, որի ծրագիրը կազմված էր զուտ Կոմիտասից: Համաձայն եմ, դա քիչ է: Ճիշտն ասած, մենք չենք էլ բավարարվում համերգներով: Երաժշտական գրականություն առարկայի ծրագրում ավելի խորացված են ուսումնասիրում Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին: Հաջորդ տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Պատրաստվում ենք դպրոցի աշակերտների և ուսուցիչների ուժերով մեծ համերգ կազմակերպել: Հավաստիացնում եմ` չկա այնպիսի ուսուցիչ, ով չհանձնարարի իր աշակերտներին Կոմիտասի որևէ ստեղծագործություն: Եվ դա պարտադիր է բոլոր բաժինների համար:

-Դպրոցի վարած քաղաքականության ո՞ր ուղղությունն եք համարում ամենակարևորը:

-Կարծում եմ, դպրոցի ժողգործիքների բաժինն է, որ այսօր կարիք ունի հատուկ ուշադրության և աջակցության: Այս բաժնում քանոնի դասարանն է շատ աշխույժ վիճակում: Շվի- դուդուկի դասարանն էլ բավականին հագեցած է թե՜ աշակերտներով, թե՜ գործիքներով: Սակայն այլ ազգային գործիքների` թառի, քամանչայի, էլ չեմ ասում բլուլի, պարկապզուկի, սրինգի դասավանդման հարցում կան խնդիրներ: Խնդիրը ոչ այնքան գործիքների ձեռքբերման, որքան երեխաների կողմից ցանկություն չունենալու մեջ է: Նշված հանգամանքներից ելնելով` որոշել ենք հատուկ միջոցներ ձեռնարկել` փոխելու իրավիճակը: Երևանից հրավիրված քամանչայի մասնագետ ունենք, բայց այդ դասարան հաճախող աշակերտներ չկան: Սակայն նրան խնդրեցի դպրոցում եղած ուժերով հավաքել ժողգործիքների փոքրիկ նվագախումբ, թեկուզ և առանց որոշ կարևոր գործիքների: Երբ նվագախումբը ծրագիր կպատրաստի, կշրջենք հանրակրթական դպրոցներով: Կարծում եմ` դպրոցականները, ունկնդրելով կենդանի կատարումները, կհրապուրվեն: Իսկ փողային բաժնում բարեփոխումներ կատարել ենք: Այն դարձրել ենք փողային-հարվածային բաժին, հրավիրել ենք բարձրպրոֆեսիոնալ մասնագետի, դասարանը լրացրել նոր հարվածային գործիքներով: Հարվածային գործիքների ուսուցանումը լավ հիմք կհանդիսանա զանազան միավորումներ ձևավորելու, անսամբլներ ստեղծելու համար: Դա սկսնակ երաժիշտներին հնարավորություն է տալիս ավելի ներդաշնակ կատարել տվյալ ստեղծագործությունը:

-Ավարտելով զրույցը` ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

-Կոմիտասի անվան երաժշտական դպրոցով անցել են մեր քաղաքի  շատ սերունդներ: Նրանցից շատերն այսօր աշխատում են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, շրջանների արվեստի դպրոցներում: Նաև այլ մասնագիտության տեր մարդկանց համար այս կրթօջախը յուրատեսակ դարբնոց է ծառայել, բարձր ճաշակ ձևավորել: Այս առումով հոբելյանական համերգը, որ հանդիսավորությամբ կայացավ Մշակույթի՝ և երիտասարդության պալատում դպրոցի ներկա և շրջանավարտների մի քանի սերունդների համատեղ ուժերով, խորհրդանշական իրադարձություն էր, քանի որ խտացված ձևով արտացոլեց այն առաքելությունը, որ ութ տասնամյակ առաջ իր վրա է վերցրել և շարունակում է տանել դպրոցը: 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ