ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՕՋԱԽՆԵՐԻՑ
Ասկերանում պատմաերկրագիտական թանգարանը գործում է 1996 թվականից և տեղակայված է շրջվարչակազմի շենքում։
Թանգարանային ֆոնդի համալրման հիմնական աղբյուրները հավաքագրման աշխատանքներն են, նվիրատվությունները։ Ֆոնդի հարստացման, թանգարանի գործունեությանը ծանոթանալու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք տնօրեն Վիգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ։
-Պարոն Գաբրիելյան, ընդհանուր գծերով ներկայացրեք, խնդրեմ, թանգարանի գործունեությունը։
-Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը մեր երկրի պատմության, մշակույթի, հնագիտության և ազգագրության կարևոր օջախներից է։ Այստեղ են պահվում հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական և հոգևոր-մշակութային բազմաթիվ արժեքներ։ Հավաքագրման աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել և խնամքով պահվում են զգալի քանակությամբ թանգարանագիտական արժեքներ։
Հիմնականում աշխատանքներ են ընթացել Հայրենական մեծ պատերազմն ու Արցախյան ազատամարտն արտացոլող նյութերի հավաքագրման, ձևավորման և լուսաբանման ուղղությամբ. վիճակագրական տվյալներ, ֆոտոալբոմներ, որոնք ըստ շրջանի գյուղերի պարունակում են երկու պատերազմների մասնակիցների և զոհվածների մասին լուսանկարներ, կենսագրականներ, մարտական դրվագներ։ Կարողացել ենք ձեռք բերել գյուղերի պատմաաշխարհագրական բնութագրերը, վաստակաշատ մանկավարժների, անվանի շրջանավարտների, պետական, հասարակական ակնառու գործիչների անձնական գործերը, երկրագիտական և ազգագրական նյութեր Արցախի պատմության վերաբերյալ։
-Ի՞նչ արժեքներ, գտածոներ կան թանգարանում։
-Թանգարանում պահվում են նաև կենցաղային բնույթի ցուցանմուշներ, որոնք պատկանում են 18-20-րդ դարերին։ Դրանք օգտագործվել են գյուղատնտեսության մեջ՝ գյուղմթերքների մշակման, պահպանման, կենցաղային իրերի պատրաստման, սպասարկման և այլ նպատակներով։ Այդ իրերը ձեռք ենք բերել Ասկերան քաղաքի և շրջանի բնակավայրերից։ Թվով 424 ցուցանմուշ գտնվում է բավարար վիճակում։
Ձեռք ենք բերել ազգագրական 11 ցուցանմուշներ՝ 1 գորգ, 1 գոտու ճարմանդ, 2 կարպետ, 3 խուրջին, 4 ձեռագործ։ Ունենք խորհրդային ժամանակաշրջանի դրամներ և թղթադրամներ, գեղանկարչական լուսանկարներ, նատյուրմորտներ։
Թանգարանում պատվավոր տեղ են զբաղեցնում հայ մշակույթի, Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան շարժման և Ազատամարտի բազմաթիվ լուսանկարներ։
-Քանի՞ բաժին ունի թանգարանը։
-Ունենք երկու բաժին։ Ռազմարվեստի բաժնում տեղադրված են ցուցադրությունների, ցուցահանդեսների համար համապատասխան ցուցանմուշներ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վերաբերյալ գիտական աշխատություններ, գրքեր, լուսանկարներ, զոհված ազատամարտիկների և ռազմագործողությունների ակտիվ մասնակիցների անձնական իրեր։
Հնագիտության և ազգագրության բաժնում տեղադրված են երկրագիտական և ազգագրական բնույթի նյութեր, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների և գյուղերի լուսանկարներ, Հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերյալ գրքեր, լուսանկարներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, ակնարկներ, հուշագրություններ մեր ազգային-ազատագրական պայքարի պատմության մասին։
Տարվա հիշարժան պատմական օրերին կազմակերպվում և անց են կացվում ցուցահանդեսներ, դասախոսություններ։
Թանգարանային արժեքները հանրությանը ներկայացնելու համար հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, պարբերաբար տարվում են քարոզչական, բացատրական-պարզաբանական աշխատանքներ։ Մեր պատմամշակութային արժեքներն ավելի հասանելի դարձնելու համար տարվա հիշարժան, պատմական օրերին կազմակերպվում և անց են կացվում ցուցահանդեսներ։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի ցանկացած այցելու, առանձնապես հյուրը, օբյեկտիվ պատկերացում կազմի, վառ տպավորություն ստանա Արցախի պատմությունից, մշակույթից։ Թանգարանը համարում եմ քարոզչության կարևոր միջոցներից մեկը Արցախի միջազգային հեղինակության բարձրացման և ճանաչման գործում։ Մանավանդ որ մեր երկիր են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ:
-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք` կապված թանգարանի վաղվա օրվա հետ։
-Հարկ է նշել, որ շրջվարչակազմի շենքում տեղակայված թանգարանը չի համապատասխանում արդի պահանջներին։ Նկատի ունեմ ցուցասրահների, պատկերասրահների, ֆոնդի պահպանման համար փոքր և ոչ բարեկարգ վիճակում գտնվող սենյակները։ Անհրաժեշտ եմ համարում մեր պատմական անցյալը հավաքագրելու, պահպանելու և զարգացնելու համար նոր շենքի կառուցումը՝ համապատասխան ցուցասրահներով ու պատկերասրահներով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան