Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿՈՐԾԵՍ ԹԵ ՊԵՏՔ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՍ՚

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ։ Ավելի քան երեք տասնամյակ զբաղվել է լրագրությամբ, գրական, հասարակական-քաղաքական գործունեությամբ։

 Ութ գեղարվեստական գրքի, ՙԱրցախյան օրագիր՚ վավերագրական ժողովածուի, բազմաթիվ հոդվածների, ակնարկների ու վերլուծությունների հեղինակ է։ Վիպակներն ու պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով։ Այս տարի լույս է տեսել հեղինակի թվով 9-րդ գիրքը, որը վիպակների և պատմվածքների ժողովածու է։ 

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Ա. Բեգլարյանի հետ։ 

-Աշոտ Էռնեստի, Ձեր լրագրողական և գրողական սկիզբը, նաև ինչպես կատարվեց անցումը լրագրությունից գեղարվեստական գործերի։ 

-Եթե անկեղծ, ապա, երբ սովորում էի դպրոցում, երազում էի ժուռնալիստ դառնալ։ Այդ կրակն իմ մեջ վառվել  է, երբ կենտրոնական հեռուստատեսությամբ դիտել եմ հետաքրքիր հաղորդումներ, ռեպորտաժներ։ 9-10-րդ դասարաններում գրեցի մի փոքրիկ պոեմ, բայց շատ շուտ հասկացա, որ չափածոն իմ ճանապարհը չէ, չնայած իմ հայրն իրեն գտել է բանաստեղծության մեջ։ Արագ կողմնորոշվեցի և անցա արձակի։ Երբ սովորում էի Երևանի պետական համալսարանի 1-ին կուրսում, սկսեցի գրել։ Իմ առաջին փորձերը՝ փոքրիկ ակնարկներ, տպագրվեցին ՙՀամալսարան՚ թերթում։ Հետո` երկու տարի ծառայություն  խորհրդային բանակում, թղթակցություններ բանակային թերթերին, և այսպես սկսվեց ու շարունակվեց լրագրողական իմ ճանապարհը։ 1989-1990-ականներին, երբ 4-րդ կուրսում էի, կցվեցի ՙԳոլոս Արմենիի՚-ին։ 

1992-ին, երբ սկսվեցին  մարտական գործողությունները, ես ավարտել էի ուսումս, չէի կարող չվերադառնալ Արցախ, որտեղ իմ ծնողները, իմ ընկերներն էին։ Բայց ես համաձայնեցի աշխատել ՙԳոլոս...՚-ում` որպես սեփական թղթակից, և այս աշխատանքը տևեց 8 տարի։ Պատերազմի տարիներին իմ թղթակցությունները կրում էին ռազմաճակատային ժուռնալիստիկայի կնիքը, բայց հիմնականում ես գրիչը փոխարինել էի զենքով։ Ես իմ պարտքն էի կատարում որպես զինվոր։ Մասնակցել եմ Դրմբոնի ուղղությամբ մարտական գործողություններին։ Երեք անգամ վիրավորվել եմ։ Այն դժվարին պահերին ձեռքիս ինքնաձիգն էր, բայց ամեն ինչ գրվում էր...իմ հիշողության մեջ։ 

-Գուցե անդրադառնա՞նք պատերազմական թեմային...

-Վերջերս լույս տեսած գրքում, որտեղ տեղ են գտել իմ 50 պատմվածքները, և որը կրում է ՙԴիմակայում՚ վերնագիրը, ես  նկատի ունեի իմ ապրած կյանքը, երբ ստիպված ես լինում հաղթահարել դժվարությունները, տագնապի զգացումը, տարբեր գայթակղություններ... Կյանքը մշտական պայքար է, և մարդ մնալու ճանապարհին կարծես թե պետք է ինչ-որ բան հաղթահարես։ Քանի՛ անգամ եմ հայտնվել կյանքի ու մահվան սահմանագծում։ 

-Ձեր պատմվածքների հերոսները կարծես թե գտնվում են ծայրահեղ իրավիճակում։ 

-Այո, նրանք հայտնվում են սահմանային կետում և ստիպված են լինում դիմակայել, հաղթահարել մահը, պայքարել իրենց ճակատագրի համար։ Իսկ եթե մարդ պայքարում է կյանքի համար, Աստված կարծես թե նրան է մեկնում իր ձեռքը։ Սա դիմակայում է։  

-Պարոն Բեգլարյան, շրջանառվում է այն կարծիքը, որ լրագրությունը խանգարում է գեղարվեստին։ 

-Ես այլ կարծիքի եմ։ Ընդհակառակը` օգնում է։ Լրագրությունը կյանքի մեծ փորձ է տալիս, որը, ստանում ես տեղեկատվության տեսքով։ Լրագրությունը նաև գրչին վարպետություն է բերում։ Իհարկե, խոստովանեմ, ինչ-որ կետում, կարծես թե, իրար խանգարում են, բայց ես հեշտությամբ հաղթահարում եմ այդ պահերը։ Ես կարողանում եմ լրագրությունից սահուն կերպով անցնել գեղարվեստին։ Իմ թղթակցությունների մեջ հենց ՙէն գլխից՚ գեղարվեստական տարրեր կային։ Ես իմ կոչումն ավելի շատ տեսնում եմ, այսպես ասած` գրողության, քան լրագրության մեջ։ 

-Երեք տասնամյակից ավելի Դուք ստեղծագործում եք։ Տարին էլ Ձեզ համար հոբելյանական է...

-30, 40, 50,-տարիքն ընդամենը մի ակնթարթ է, երբ հետադարձ հայացք ես ձգում։ Անցածը պահ է թվում, բայց յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ակնթարթ բերում է իր փորձը։  50-ը սոլիդ տարիք է։ 

- Ինչի՞ց եք ամենից շատ ոգեշնչվում։

-Երբ զգում ես մարդու հոգին, ջերմությունը, անկեղծությունը։ Ոգևորիչ է նաև մերձավորին օգնելու և օգնություն ստանալու ձգտումը։  Ոգեշնչվում եմ հավատից։ 

Կրակահերթը զարկեց ձախ թևին՝ ասես ծանր մուրճով ետ մղելով նրան։ Առաջին փամփուշտից ստացած ցավն այնքան ուժեղ էր, որ մյուս երկու վերքերը՝ դաստակից քիչ վերև և թևատակին, նա գրեթե չզգաց։ Ավելի ճիշտ, չհասցրեց զգալ ամեն վերքն առանձին. ամենը  միախառնվեցին մեկ հուժկու հարվածի մեջ, որը, ինչպես թվաց առաջին պահին, պոկեց և տարավ ձեռքը։

Ցնցումը շուտ անցավ, ավելի ճիշտ՝  վիրավորը սեփական ջանքերով հաղթահարեց այն։ Երկու կոտրվածքներով ձեռքը միանգամից այտուցվեց՝ քարանալով անբնական վիճակում՝ ծալված  արմունկով և բացված ափով, ուղղված դեպի վեր։ Ավտոմատը բաց չթողնելով՝ առողջ թևով Արմենը փորձեց ձախ ձեռքի դաստակը դնել ՈՒչՈվՍՈ-ի բացված կրծքի վրա։ Սակայն մի քանի քայլից ձեռքը դուրս եկավ տակից և ազատություն զգալով՝ ուժեղ տեղաշարժվեց դեպի ձախ՝ մինչև վերջ, բութ, սրտխառնիչ ցավ պատճառելով, և դեռ երկար անհանգստացնում էր՝ անհեթեթ ողջույնի շարժումով, դողալով ուղիղ աչքերի առջև։ Այն ընդհանրապես չէր ենթարկվում, ինչ-որ ինքնուրույն և օտարածին բան էր թվում։

 Հանկարծ սաստիկ խղճաց ինքն իրեն և այլանդակված ձեռքը, բայց կարողացավ  հաղթահարել այդ զգացողությունը։ ՙԴեռ ամեն ինչ ավարտված չէ, կգնամ այնքան, ինչքան կկարողանամ՚,-կարծես երկատվելով՝ ներշնչում էր իր ներքին ՙես՚-ին վիրավորը, և նույնիսկ ժպտաց նրան, երբ հասավ ընկերներին։ Նրանք ոտքի վրա կապկպեցին վերքերը։ Վիրակապերը վայրկենապես ծանրացան արյունից, որի թթված հոտին նա ոչ մի կերպ չէր կարողանում սովորել։

Հակառակորդը հետապնդում էր շրջափակումից դուրս պրծածներին։ Ընդհարումներից մեկի ժամանակ խումբն ակամայից մասնատվեց։ Հիմա նրանք չորսով մնացին. Արմենն անձայն էր քայլում՝ վերաիմաստավորելով կատարվածը…

Հակառակորդը, որը բավականին անհաջող գրոհում էր փոքր լեռնային լճի մոտ գտնվող ռազմավարական կարևոր բարձրությունը, երրորդ օրը գործեց խորամանկաբար. թիկունքից մտնելով աննկատ՝ նա կիսալուսնաձև շրջափակեց փոքր ջոկատը։

Երկար դիմադրությունն սպառնում էր գերությամբ. պարզապես  չէր բավականացնի զինամթերքը։ Նահանջելու տեղ չկար. ներքևում ՝ սառը ծփանքի մեջ, շողշողում էին լճի ջրերը, և եթե առաջ այն հակառակորդի համար լուրջ խոչընդոտ էր հանդիսանում, ապա հիմա ակամայից դարձել էր թշնամու շղթայի շրջափակման շարունակությունը… Իրավիճակն արագ գնահատելով՝ մարտիկները գնացին ուղղակի, թշնամու գծի ճեղքվածքի վրա՝ դեպի միակ ազատ ուղին՝ ձախ կողմից դեպի սարը բարձրացող արահետը։

Ջարդված ըԾկ -ի մոտ թեժ մարտ սկսվեց։ Կողքին ընկնում էին ընկերները։ Նրանցից մեկի ճակատը խոցված էր դիպուկահարի փամփուշտից, և արյունը ցայեց Արմենի դեմքին։ Եթե չհաջողվեր հավաստանշել խնամքով քողարկված գնդացրորդին, որը թաքնվել էր թփերում՝ օգոստոսյան խունացած խոտերի ու տերևների մեջ, ապա կզոհվեին բոլորն էլ։ 

Երբ Արմենը փորձեց կրակով փակել վերջին հեռացող ընկերոջը, թշնամու կրակահերթը հասավ  նաև իրեն…

Մանկության տարիներին, արդեն հասկանալով, որ մահն անխուսափելի է բոլորի համար, նա, չգիտես ինչու, համոզված էր սեփական անմահության մեջ։ Նրան թվում էր, թե մահն ինչ-որ հրաշքով կշրջանցի իրեն։ Հիշելով դա հիմա՝ մոտավորապես քսան տարի անց, Արմենն ակամայից ժպտաց…

Այնինչ, կյանքը դեռ եռում էր նրա մեջ՝ աշխարհի հետ կապելով հազար անտեսանելի թելերով՝ զգացումներով, մտքերով, հիշողություններով։ Եվ նրան թվում էր` միայն անասելի ցավի միջոցով հնարավոր կլինի միանգամից ընդհատել այդ ամենը, որ միայն ինչ-որ անսովոր բան կկարողանար դադարեցնել այդ զարմանալի վիճակը, որ իր ամբողջությամբ ընծայվել է միմիայն մարդուն։ Բայց որ այսպես. անխոս և լուռ, դուրս հոսող արյան հետ պետք է հեռանար կյանքը, ոչ մի կերպ չէր տեղավորվում գլխում։ Նա չէր կարող, չէր համարձակվում պատկերացնել դա, չէր հավատում, որ ընդամենը մի քանի րոպեից կարող է դառնալ այնքան անշարժ և անկենդան, ինչպես ոչ շատ հեռու ընկած, արկից  արմատախիլ եղած կոճղը։ Նա հրաժարվում էր նաև հասկանալ, որ մարտական ընկերների մեծ մասը, որոնց հետ դեռ վերջերս կիսում էր կերակուրը, քունը և հանգիստը, մահացել էին… Եվ դա նրան ուժ էր տալիս։

Արմենը տանջվում էր ծարավից. և դա`  գրեթե մի ամբողջ օր։ Միշտ ճշտապահ ջրկիրը երեկ, չգիտես ինչու, չէր եկել։ Դիրքերին մոտեցավ միայն  հաջորդ օրվա կեսօրին՝ հենց մարտը սկսվելուց առաջ, երբ բոլորովին անսպասելի հայտնվեց դիտապահակը՝ ամբողջովին քրտինքի մեջ, և հուզմունքից բեկբեկվող ձայնով հայտնեց, որ հակառակորդը շրջափակում է։ Ջուրն արդեն մոռացվեց… Հիմա, մոտավորապես իմանալով աղբյուրի գտնվելու վայրը, նրանք փնտրում էին այն՝ ոլոր-մոլոր ընթանալով ամռան տապից տաքացած լեռնային անտառով։

Չնայած բոլոր ջանքերին՝ արյունահոսությունը կանգնեցնել չհաջողվեց։ Վիրավորը նկատելիորեն թուլանում էր։ Նա զրահաբաճկոնի գրպաններից հանեց և ընկերներին փոխանցեց նռնակները  և պահեստատուփերը։ Որոշ ժամանակ անց մարտիկները, փորձելով նոր ցավ չպատճառել վիրավորին, կտրեցին ամբողջովին արյունով ներծծված զրահաբաճկոնը և միայն այդ ժամանակ նկատեցին երրորդ վերքը թևատակին՝ վրդովմունքով կշտամբելով նրան այն բանի հանար, որ թաքցրել է…

Շուտով աղբյուրի որոնումները հաջողությամբ պսակվեցին, և կուշտ ջուր խմելու անհաղթահարելի զգացումը տիրեց նրան։ Սակայն  վիրավորին հիասթափություն էր սպասվում. ընկերները կտրականապես արգելեցին նրան խմել. ջուրը, սովորական ջուրն այդ պահին նշանակում էր վերջ և թույնի պես մահ էր բերում։

 Ի վիճակի չլինելով բացել սառած փրփուրից ծեփված բերանը՝ նա շարժումներով ցույց տվեց, որ պատրաստվում է միայն թրջել բերանը և փորձեց անել դա։ Բայց արդեն մի րոպեից նրան՝ ամբողջ մարմնով գետնին խոնարհված և  մոլեգին ագահությամբ սառնորակ ջուրը ներծծող, ասես, հենց կյանքը՝ իր թարմությամբ և ուժով, ստիպված էին ուժով կտրել կենսուրախ, կարկաչուն առվակից։

Իսկ մի որոշ ժամանակ անց Արմենը, մի քանի քայլ անելով, անսպասելիորեն անտանելի ծանրություն զգաց ոտքերի մեջ և նստեց՝ խնդրելով ընկերներին, որոնց այդքան թեթևամտորեն չլսեց, թողնել իրեն՝ խոստանալով, որ մթնշաղի մոտենալուն պես ինքնուրույն կհասնի դիրքեր։ Բայց երբ նրան կանչեցին, և նա դժվարությամբ անջատեց ծանրացած կոպերը, հասկացավ, որ ուժերը վերջնականապես լքում են իրեն։

- Գնացե՛ք,- մեքենայաբար պնդում էր նա՝ ինքն իր բառերին սակայն չհավատալով։ - Գիշերն ինքս կհասնեմ։

Հանկարծ աչքերի մեջ կայծակի արագությամբ պտտվեցին հսկա ծառերի սաղարթները, և ցերեկային թույլ լույսը, որը բարակ շիթով ճեղքում էր փարթամ տերևները, անհետացավ։

Հանկարծ հեռու և աղոտ աչքին երևաց մայրը, որը մահացել էր ուղիղ մեկ ամիս առաջ… Այդ պահին նա զգաց ինչ-որ մեկի թեթև և հոգատար հպումը։ ՙՄայրի՛կ՚,-շշնջաց վիրավորը և փորձեց բացել աչքերը, բայց չկարողացավ։ Նա արդեն չէր լսում, թե ինչպես էին ընկերներն իրեն կանչում։

Վիրավորն անվրդով դրության մեջ հայտնվեց, որը լինում է երևի միայն այն ժամանակ, երբ ընդհուպ մոտենում ես վերջին սահմանին՝ լիովին և անտրտունջ տրվելով  վրա հասած լիարժեք, զարհուրելի ազատության զգացմանը։ Թվում էր, ողջ աշխարհը դանդաղ շրջվում էր, իսկ նա ամենևին չէր դիմադրում, նույնիսկ չէր փորձում պահել այն։ Ինքն իրեն ավելորդ, օտար և ջնջված էր զգում։ Նույնիսկ ամենամոտ, հարազատ մարդկանց մասին մտածելու ուժ չուներ։ Նրանք, որքան էլ դա սարսափելի էր, օտար և անիրական էին թվում… 

Ավտոմատների ծանրությունից կորացած, նրա մարմնի արյունից ուռած բաճկոնի ծանրության տակ, լեռնային լանդշաֆտի ութ-տասը կիլոմետրերը հաղթահարելուց հյուծված՝ ընկերները քարշ էին տալիս վիրավորին…

 Զինվորական հոսպիտալում բժիշկներն Արմենին հարազատի պես էին գրկում, իսկ բուժքույրերը ոչ մի անգամ չմերժեցին ջուր բերել, որը նա գրեթե յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ խնդրում էր …

Կյանքը՝ լուսափայլ և ուրախալի, դանդաղ, բայց հաստատակամ վերադառնում էր՝ յուրաքանչյուր բջիջը լցնելով իրենով։

 

1993 թ. 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ