ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ԶԳԱՑՎՈՒՄ Է

Մայրաքաղաք Ստեփանակերտում ամենուրեք զգացվում է ամանորյա տոների շունչը: Ինչպես միշտ, այս տարի ևս Ստեփանակերտի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` պատշաճ մակարդակով անցկացնելու ամանորյա տոները:

Ստեղծված է տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողով, որի նախագահն է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

Ըստ հանձնաժողովի ղեկավարի` միջոցառումների ծրագիրը հաստատված է, մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն էլ` սկսված: Արդեն իսկ Վերածննդի հրապարակը, մի շարք պուրակներ ու փողոցներ ձևավորված են լուսային էֆեկտներով: Քաղաքապետարանը դիմել է բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին, ինչպես և տնտեսվարող սուբյեկտներին` հորդորելով իրենց և հարակից տարածքները պատշաճ կերպով ձևավորել, որպեսզի զգացվի Ամանորի շունչը: Վերածննդի հրապարակում զարդարվում է գլխավոր տոնածառը, որի լույսերի վառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտի մշակույթի տան ուժերով կազմակերպված տոնական հանդեսով: Տոնածառեր կտեղադրվեն և կձևավորվեն նաև մի շարք հրապարակներում, պուրակներում:

Ծրագրի շրջանակներում նախադպրոցական տարիքի երեխաների համար մայրաքաղաքի թիվ 1, 5, 8 և 10 դպրոցներում Ստեփանակերտի մշակույթի տան ուժերով դեկտեմբերի 26-29-ը կկազմակերպվեն Ամանորյա շոու-հանդեսներ, որտեղ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին կմատուցեն անակնկալներ, կբաժանեն նվերներ: Նշենք, որ մանկապարտեզ այցելող երեխաների համար Նոր տարվա հանդեսները կանցնեն մանկապարտեզներում: Իսկ հանդիսություններին մասնակցելու համար Չարենցի անվան թիվ 7 դպրոցում կկատարվի մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ծնվածների և նախադպրոցական տարիքի երեխաների ու նրանց ծնողների փաստաթղթերի գրանցումը, որի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը (բնօրինակը) և ծնողների կամ նրանց փոխարինող անձանց անձնագրերը:

Դեկտեմբերի 31-ի առավոտյան, հատուկ զարդարված մեքենայով, Ստեփանակերտի մշակույթի տան ներկայացուցիչները Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ մեկտեղ կշրջեն քաղաքով, կշնորհավորեն քաղաքացիների Նոր տարին:

Երեկոյան Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից կկազմակերպվի տոնական համերգ. ստեփանակերտցիներին լուսային սարքավորումներով և թվային էկրանով ձևավորված բեմից կողջունեն և իրենց արվեստը կներկայացնեն մեր մշակութային օջախների սաները: Տոնական համերգից հետո երկինքը կլուսավորվի շքեղ հրավառությամբ:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ