Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՐԱԶԱՏ ԲՆՕՐՐԱՆ

ՙՌեքվիեմ` ըստ Նարեկացու՚ եռանկարը նվիրվեց Շուշիի կերպարվեստի թանգարանին

 ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ՙՇուշի քաղաքի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի և ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ընտանիքի աջակցությամբ նոյեմբերի 30-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում բացվեց նկարչի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես: Նշենք, նկարչի անհատական ցուցահանդեսն առաջին անգամ է Արցախում կազմակերպվում: Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի և Ստեփանակերտի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ներկա էին Անատոլի Պապյանի ընտանիքի անդամներ. չորս որդիներից երեքը` աշխարհահռչակ դաշնակահար Վահագն Պապյանը, բժիշկ Արա Պապյանը, տիկնիկագործ, ռեժիսոր, Շուշիի Նարեկացի արվեստի միության տնօրեն Հայկ Պապյանը, կինը` Ելենա Մելիք-Վրթանեսյանը և դուստրը` նկարիչ Մարիամ Պապյանը:  Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի գործունեության տարբեր շրջաններ խորհրդանշող գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեծ մասն   ընտանիքի սեփականությունն  է:Այս ցուցահանդեսի մասին, ինչպես վկայում է Վահագն Պապյանը, ո՜չ նկարիչը, ո՜չ էլ նկարչի շուշեցի մայրը չէին էլ երազում: Իսկ հիմա այն իրականություն է, նրա կտավները ներկայացված են այս հիանալի ցուցասրահում, շեշտում է նա: Եվ ցուցահանդեսն, անշուշտ, կարելի է համարել վերադարձ հարազատ բնօրրան: Հասկանալի էր նկարչի հարազատների հուզմունքը. չէ՞ որ հոր երազանքը իրականություն դարձավ: Նկարչի ընտանիքի որոշմամբ, Անատոլի Պապյանի գլուխգործոցը` ՙՌեքվիեմ` ըստ Նարեկացու՚ եռանկարը նվիրվել է Շուշիի պատկերասրահին: Ցուցահանդեսին ներկայացված էր կտավի փոքր տարբերակը: Բուն կտավը, որը դեռ գտնվում է նկարչի արվեստանոցում, մեծ չափերի է. ունի երեքուկես մետր երկարություն և յոթ մետր լայնություն: Ուստի կտավի տեղադրման խնդիրը պատկերասրահում պետք է դեռ հստակեցվի, ասում է ՙՇուշիի թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանը:

-ՙՌեքվիեմ` ըստ Նարեկացու՚ եռանկարը,- վերհիշում է Հայկ Պապյանը,- ստեղծվել է մոտ 20 տարվա ընթացքում և անընդհատ փոփոխման էր ենթարկվել: Այս կտավը նրա կյանքի գործն էր,- վկայում է որդին:

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել նկարներում արտացոլված թեմաների, մարդուն հուզող մտքերի, զգացմունքների զանազանությամբ, գույների համադրությամբ: Ցուցահանդեսին ներկայացված կտավներից բավականին շատ էին դիմանկարները: Մարդն իր ներքին աշխարհով է հետաքրքիր նկարչին, և նրա կտավներում մարդն արտացոլված է իր խոհերով, զգացմունքներով: Այս շարքում իր ուրույն տեղն ունի նկարչի մոր դիմանկարը: Կարծես տարիքն առած, կյանքի փորձություններով անցած կինը երկխոսում է իր կողքով անցնող մարդու հետ, խոսում կյանքի, մարդկային արժեքների մասին: Խստապահանջ դեմքով այս կնոջ հմայքից չես կարողանում կտրվել: Բոլորովին այլ տպավորություն են թողնում գրաֆիկական գործերը: Թեթև, կարծես աննշան գծերով հազիվ նշմարված կնոջ մարմինն առավելապես ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը, հմայքը: Տղամարդն ու կինը, նկարիչն ու գեղեցկությունը` այս ամենը նկարչի համար հավերժական արժեքներ են, և անցնում են կտավից կտավ, արծարծվում, վերլուծվում:

-Ցուցահանդեսը կտևի մոտ երկու շաբաթ,- տեղեկացնում է Լ. Գասպարյանը:-Ցուցադրած հավաքածուն հետաքրքիր է ոչ միայն արվեստասերներին,- ընդգծում է նա,- այլև շատ ուսանելի է գեղանկարչության ֆակուլտետների ուսանողների համար` նկարչական հնարքներով, տեխնիկայով, արտահայտչաձևերով: 

Անատոլի Պապյանը ողջ կյանքը նվիրել էր մանկավարժական գործունեությանը, դասավանդում էր սկզբում Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Երևանի գեղարվեստական-թատերական ինստիտուտում, իսկ հետո` Գեղարվեստի ակադեմիայում: Նա միշտ շրջապատված էր իր ուսանողներով` լինելով նրանց համար ուսուցիչ, խորհրդատու, ավագ ընկեր: Նկարիչն ապրում էր նրանց խնդիրներով, հաջողություններով: Անատոլի Պապյանը վախճանվել է 2007-ին: Նա վաղուց էր մտադրված ՙՌեքվիեմ` ըստ Նարեկացու՚ կտավը  նվիրաբերել Արցախին և պատգամել է որդիներին զբաղվել հարցի լուծմամբ:

Տեղեկացնենք` Անատոլի Պապյանի նկարների մի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի` Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, իսկ մեկ կտավ` Շուշիի կերպարվեստի թանգարանում: Ցուցահանդեսին ներկայացված նկարները, ինչպես նշեցինք, պատկանում են Անատոլի Պապյանի ընտանիքին:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ