Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱՆԿԱԽ ՄԵԶԵՆ, ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍՎԱՎ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ՝ ԺԱԺՔԵՆ ԱՌԱՋ ՈՒ ՀԵՏՈ՚...

Վերջերս տեղի ունեցավ արմատներով գյումրեցի արձակագիր Լիլիթ Մկրտչյանի ՙ10950 օր. Ժաժք՚ գրքի արցախյան շնորհանդեսը։ Գրքի վերնագիրը խորհրդանշում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին հաջորդած 30 տարիները։ Հատկանշական է, որ  երեսուն տարին  նույն՝ 10950  օրն է։

 -Երեսուն տարի՝ կորուստ, ողբերգություն,  ցավ, բայց և ապրելու կամք ու մարդկային պարզ, ջերմ հարաբերություններ ... ։ Երկրաշարժը շարունակվում է, քանի դեռ  Աղետի գոտու  ոչ քիչ թվով  բնակիչներ այսօր էլ բնակվում են թիթեղյա վագոն-տնակներում  և նույն այն դժվարին կենցաղով, ինչպես  երկրաշարժին հաջորդած առաջին  օրերին ու տարիներին էր։ 

Աղետալի երկրաշարժի և  դրա հետևանքով տուժած մարդկանց ողբերգության ու ծանր առօրյայի մասին պատմող   ՙ10950 օր. Ժաժք՚  ժողովածուն  փոքրածավալ է՝   ընդգրկում է  Գյումրվա  բարբառով  գրված 10 պատմվածք՝ խորհրդանշական  88 էջով։

-Սակայն  մինչ այժմ  աղետի գոտի համարվածի բնակիչներից յուրաքանչյուրը մի-մի   գիրք է,-ասում է արձակագիրը, ով ընդամենը 5 տարեկան էր, երբ երկրաշարժն  ավերեց ոչ միայն հայրենի քաղաքը, այլ նաև մարդկանց հոգիները։

ՙ...Քաղքիս երկընքեն օր թոզը քաշվավ, սաղս ժեշտից տներ ունեցանք, դպրոցներն էին ժեշտե, մանկապարտեզներն էլ, հիվանդանոցներն էլ...Մենք էլ ժեշտե մարդիկ դառանք՝ դիմացկուն ու ժանգոտ։ Մենք մեզի համոզեցինք, օր ըսիկ լավ է, ինչքան էլ ուժեղ ժաժք էղնի, չի բլի։ Ու շարունակինք ապրել, խնդալով ապրել ու խնդըցնել… Անկախ մեզեն, մեր պատմությունը կիսվավ երկու մասի՝ ժաժքեն առաջ ու հետո՚։

Պատմվածքների հերոսները  մի քանի սերունդների ներկայացուցիչներ են, որոնց միջոցով  հետերկրաշարժյա մութ ու ցուրտ օրերն  ապրած հեղինակը  ներկայացրել է  ընդհանրական կերպարներ, դեպքեր,  ճակատագրեր ու փորձություններ։

-Այսօր  էլ  գյումրեցիները չեն կորցրել   իրենց բնորոշ հումորը, կենսասիրությունը, աշխատասիրությունն ու   լավատեսությունը։  Գյումրիում  թիթեղյա  վագոն-տնակների երեսնամյա  ժանգով  պատերը  ներկայումս փայլում են   օլիմպիական   չեմպիոնների ոսկե, արծաթե մեդալներով  ու  այլ փայլուն  հաջողություններով։

Լիլիթ Մկրտչյանը մասնագիտությամբ կենսաքիմիկ է։ Ստեղծագործում է դպրոցական տարիներից։ Դեռևս  2014 թվականից  տեղափոխվելով Արցախ,  մինչ այժմ աշխատում է Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնում։ Նրա պատմվածքների առաջին ընթերցողը թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն է, ում հրավերով   նա եկավ ու հաստատվեց  Արցախում։

-Լիլիթ Մկրտչյանին ու նրա  ստեղծագործություններին առաջին անգամ ծանոթացա համացանցի միջոցով։  ՙԼիլիթից մինչև Եվա ՚ վերնագրով նրա  պատմվածքն էր, որի    ընթերցումից հետո   սկսեցի  հետաքրքրվել  և  ծանոթանալ նրա մյուս ստեղծագործություններով։ Երբ կարդում էի պատմվածքը, կարծում  էի`  հեղինակը  տղամարդ  է, որովհետև,   առաջին  դեմքով պատմելով նրա պատմությունը,   Լիլիթին հաջողվել էր տիպական կերպար ստանալ։  Ընդհանրապես, Լիլիթի  բառը  հոգուց է գալիս։   Նույնիսկ  նրա   կենցաղային նկարագրությունները  միտված են ներկայացնելու     մարդկային   ներաշխարհն ու  հարաբերությունները։ 

Ի դեպ՝    Լիլիթ Մկրտչյանը նաև  սցենարիստ է։  Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնում    արդեն   բեմադրել ենք    նրա հեղինակային   պիեսներից, որոնք իսկապես   սիրով ընդունվեցին   մեր  հանդիսատեսի կողմից։

-ՙԼիլիթից մինչև Եվա՚ պատմվածքն իմ գրական մուտքն էր։   Առաջին անգամ տպագրվել է  Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթում` ՙԳրական թերթ՚-ում։   Մի առիթով, երբ գնացի խմբագրություն,    գլխավոր խմբագիրը նույնպես զարմացավ,  որ այդ պատմվածքի հեղինակը կին է։  Ընդհանրապես իմ հերոսը   մարդն է` իր ներաշխարհով, մտորումներով  և, ինչու չէ, բազմիմաստ լռությամբ՚։

Հատկանշական է նաև, որ Լ. Մկրտչյանի անդրանիկ՝  ՙ10950 օր. Ժաժք ՚  գիրքը հրատարակվել  է  Շուշիի ՙԵրեք խնձոր՚ տիկնիկային թատերախմբի ռեժիսորներ Էդգար և Գոհար Թաթիկյանների  անձնական  միջոցներով ու հորդորով, քանի որ,  ինչպես հեղինակը   նշեց,  նախապես գիրք տպագրելու  մտադրություն  չի ունեցել։ 

Այս տարի գրքի շնորհանդեսը կայացել է նաև Գյումրիում,  որտեղ  բացառիկ գնահատանքի է արժանացել. գյումրեցիներն այն համարել են  ՙՔաղաքի հետերկրաշարժյա անձնագիր՚։

 

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ