Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԿՈՒՆՔԻ ԵՎՍ ՄԵԿ ԱԶՆՎԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾ

Արցախը ներկա է աշխարհի չորս ծագերում` իր հին ու նոր պատմությամբ, անկորնչելի ազատատենչությամբ, իր զարմանահրաշ մշակույթով, իր ազնվական զավակներով, ովքեր արցախցի լինելը համարել են աստվածապարգև տիտղոս և ամենուր ձգտել այն կրել պատվով` իրենց արմատի ոգեղենությամբ ու բազմաշնորհությամբ:

 Նման անհատներից է պատմագիտության դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Զավեն Մսրլյանը: Լիբանանի հայ համայնքում նա պատվարժան է իբրև կրթական գործի կազմակերպիչ և վաստակաշատ գիտնական: Նրան հանդիպել և զրուցել եմ Բեյրութում կազմակերպված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովի օրերին: Տեղեկանալով, որ ղարաբաղցի եմ, պարոն Մսրլյանը հատուկ շեշտադրումով նշեց արցախյան իր ակունքի մասին: Զավեն ՄՍՐԼՅԱՆԻ հետ զրույցն ուշագրավ մանրամասներով է և, կարծում ենք, կհետաքրքրի ընթերցողներին:

-Պարոն Մսրլյան, նախ` հակիրճ Ձեր մանկավարժական գործունեության մասին:

-Հիսունութ տարիներ ի վեր կրթության ոլորտի մշակ եմ, որից 50-ը` որպես Բեյրութի Հայ Ավետարանչական քոլեջի տնօրեն: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ իմ հարազատ կրթօջախը հանդիսանում է հետեղեռնյան շրջանի Սփյուռքի առաջին բարձրագույն վարժարանը: Անցյալ տարի տոնվեց իմ տնօրինության կեսդարյա հոբելյանը, և ես հանդիսավորությամբ անցա վաստակած հանգստի` պատվավոր տնօրենի պարտականությամբ: Այսինքն` որոշակի պատասխանատվությամբ, շարունակում եմ իմ գործունեությունը` ի շահ վարժարանի: Դասավանդում եմ ՙԸնդհանուր ազգաց պատմություն՚ և ՙՀայոց պատմություն՚:

-Ե՞րբ է հիմնադրվել քոլեջը:

- 1923 թվականին` եղեռնից մազապուրծ հայ գաղթականների ջանքերով ու դժվարագույն պայմաններում: Մինչև 1933 թվականը մեր կրթօջախը կոչվել է Հայ մանչերու բարձրագույն ուսումնարան, նշված տարում միանալով Հայուհյաց ամերիկյան բարձրագույն վարժարանի հետ` դարձավ Հայ Ավետարանչական բարձրագույն երկսեռ վարժարան: 1961 թվականից հետևում է Լիբանանի բակալավրիայի պետական ծրագրին: Մինչև 1975 թվականի քաղաքացիական պատերազմի բռնկումը համարվել է Լիբանանի լավագույն հայկական դպրոցներից: 1974-1975 թվականներին ունեցել է 794 սան: 1971-ից գործում է բարերար Ռութ Փիլիպոսյանի հովանավորությամբ կառուցված և նրա ծնողների անունը կրող ՙԵփրեմ և Մարթա Փիլիպոսյան՚ շենքում:

Ընդհանուր առմամբ, քոլեջն առայսօր ունեցել է 1600 շրջանավարտ, որի կեսին ես եմ ավարտական վկայական հանձնել: Դրա համար էլ շատ հպարտ եմ և ուրախ, քանզի մեր շատ շրջանավարտների շարքում ունենք նախարարներ, երեսփոխաններ, բարձրաստիճան զինվորականներ, գրականության, արվեստի նշանավոր գործիչներ: Այսօր Լիբանանում չկա մի ոլորտ, որտեղ ներկայացված չլինեն մեր նախկին սաները:

-Անշուշտ, դժվար է հայրենիքից հեռու ազգային կրթություն ու դաստիարակություն իրականացնել: Քոլեջն այդ դժվար առաքելությունն ինչպե՞ս է կյանքի կոչում:

-Քոլեջի ուշադրության առանցքում հայապահպանության խնդիրն է, հայերենի, հայոց պատմության, կրոնի հատուկ դասընթացներ կան մեր ծրագրում, գործում են վարժարանային տարբեր ակումբներ, հրատարակվում` պարբերականներ, ինչպես նաև ՙՍիփան՚ տարեգիրքը: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ ունենք նաև այլազգի ուսանողներ, որոնք ուսանում են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն: Նրանք մասնակցում են քոլեջում ավանդաբար կազմակերպվող միջոցառումներին, մրցույթներին, պատրաստում զեկուցումներ հայոց պատմությունից: Այս ամենը նպաստում է մեր լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրման տիրույթների ընդլայնմանը, իսկ կրթօջախն առավել ամրապնդվում է որպես հայապահպանության ու հայագիտության կենտրոն:

-Քոլեջն ինչպե՞ս է հոգում իր կարիքները:

-Քոլեջն իր գոյությունն ապահովում է ինչպես կրթավարձերի, այնպես էլ մեր նախկին սաների բարեգործությունների շնորհիվ: Շատերն են իրենց աջակցությունը ցուցաբերում, կատարում տարեկան նվիրատվություններ: Մեր նշանավոր շրջանավարտները, քոլեջի բարեկամները, որոնց մեջ քիչ չեն Անգլիայում, ԱՄՆ-ում ապրողները, իրենք իրենց ուխտին հավատարիմ օժանդակում են կրթարանին: 

-Պարոն Մսրլյան, Ձեր տոհմի ղարաբաղյան արմատի մասին` որոշակի մանրամասներ:

-Մեր տոհմի տարեգրությունը շատ հետաքրքիր է: Իմ Մսրլյան ազգանունն էլ իր հերթին ունի իր ուշագրավ պատմությունը: 1604-1607թթ. Շահ Աբբաս Ա-ի հալածանքների ժամանակ Ղարաբաղից շատ հայեր, այդ թվում` իմ հոր և մոր գերդաստանները քշվել են Պարսկաստան: Այնուհետև,1721թ. արցախցի 21 ընտանիք որոշել է հեռանալ Իրանից և հաստատվել Փոքր Ասիայում: Արցախցիները նախ փորձել են հաստատվել Կիլիկիայում, սակայն դա նրանց չի հաջողվել: Նրանք բաժանվել են երեք խմբերի և հանգրվանել Բուրդուր, Սպարտա և Էլմալու քաղաքներում: Իմ մեծ պապը Էլմալուում հաստատվածների խմբում էր: Իմ նախնիներն Էլմալու են հասել Խաչի տոնին և դրանից հետո ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կիրակին, ավանդական հարիսա են եփել` ամբողջ համայնքով տոնը նշելու համար:

1876 թվականին Թուրքիայում մարդահամար էին անցկացնում: Մինչ այդ Էլմալու քաղաքի հայերը եկեղեցի կառուցելու թույլտվություն էին ստացել սուլթանից և իմ Ստեփան պապին, որպես պատվիրակ, ուղարկել Եգիպտոս` տեղի հարուստ հայրենակիցների օժանդակությունն ակնկալելով այդ հարցում: Մեր գերդաստանն այդ ժամանակ կրում էր արցախցի մեծ պապի ու նրա ավատապետական ծագումը վկայակոչող Աբրահամ Աղալար ազգանունը: Թուրքերը, գիտեք, մարդահամարի ժամանակ փոխում էին հայերի ազգանունները և Եգիպտոսից վերադարձած իմ Ստեփան պապի ազգանունը 1876 թվականից դարձավ Մսրլյան (Մըսր-Եգիպտոս):

1915 թվականին Էլմալուում հայերի ջարդ չի եղել, սակայն 1921-22թթ., երբ Քեմալ Աթաթուրքն է եկել իշխանության, 15-50 տարեկան հայ և հույն տղամարդկանց քշել է դեպի Սվազ, Խարբերդ և Էրզրում, իսկ ընտանիքներն աքսորել տարբեր վայրեր: Էրզրում և Սվազ հասածներն սպանվել են, իսկ Խարբերդ քշվածներից շատերին հաջողվել է փախչել և փրկվել յաթաղանից: Հայրս նման կերպ փրկվածներից մեկն էր, իսկ իր հորեղբոր որդիներն սպանվել են Էրզրումում: Ընտանիքի հրաշքով փրկված մի քանի անդամ հասել էր Աթենք: Այդ տարիներին մորական կողմի պապիս ընտանիքն աքսորվել է Հռոդոս կղզի: Հայրս, սպանդից փրկվելով, հասնում է Սիրիա և Աթենքից այդտեղ տեղափոխում իր քույրերին, եղբայրերին ու մորը: Այնուհետև նրանք հանգրվանում են Բեյրութում:

Հետաքրքրիր է նաև ծնողներիս ամուսնության պատմությունը: Երբ պետք էր ընտանիք կազմեր, հայրս նախընտրել է կյանքի ընկերուհի փնտրել արցախցի իր հայրենակիցների շրջանում: Եվ դրա համար նա գնացել է Հռոդոս կղզի, ուր իմ մորական կողմի աքսորյալ հարազատներն էին և խնդրել ապագա մորս ձեռքը: Եվ հենց այդտեղ են ամուսնացել իմ Մկրտիչ հայրն ու Սաթենիկ մայրը: Ունեցել են երեք զավակ` Դավիթ, Զավեն, Հայկարամ:

-Արցախի մասին ի՞նչ էին պատմում Ձեր ծնողները:

-Հայրս հպարտ էր իր արցախյան ծագումով: Սերնդեսերունդ փոխանցվել է մեր գերդաստանի պատմությունը, այն, թե ինչպես են բռնի տեղահանվել հայրենիքից: Տատս մեր տանն էր ապրում և, ըստ իր խոսքի, իրենք շուշեցի էին: Իմ շուշեցի տատը մինչև կյանքի վերջը խոսում էր Արցախի բարբառով, նաև հայրս իր մոր հետ խոսում էր նույն խոսվածքով: Որքան էլ զարմանալի է, բայց ամբողջ չորս դար հարազատ ափերից հեռու լինելով հանդերձ` նրանք իրենց զավակների միջոցով պահպանել էին իրենց խոսվածքը:

Հիշում եմ, որ տատս գերեզմանոցին ՙհընգիստարան՚ էր ասում, ես ամաչկոտ երեխա էի, ինձ ասում էր` ՙհըմանչիլ մի՚, հարգանք վայելող մարդուն ՙհըրգեվոր՚ էր կոչում: Մինչև հիմա էլ տատիս խոսվածքից պատառիկներ կան իմ հիշողության մեջ: Բարբառագետ Ներսես Մկրտչյանը հորս խնդրել էր Ղարաբաղի բարբառով մի բան գրի առնել: Հայրս այդ ժամանակ 80 տարեկան էր, տատս, բնականաբար, ողջ չէր, բայց ինքը հիշողությամբ մի էջ գրեց` ՙՀարսի և սկեսրոջ զրույցը՚ և տվեց Ն. Մկրտչյանին: Տեսեք, թե որքան կենսունակ էր արցախյան բարբառը մեր ընտանիքում:

-Դուք մասնագիտությամբ պատմաբան եք, գրքերի հեղինակ, ո՞րն է Ձեր գիտական աշխատությունների հիմնական թեման:

-Ութ գրքի հեղինակ եմ: Հայկական հարցին ու ցեղասպանությանն են նվիրված իմ աշխատությունները: Մեր պատմագիտությունը ցեղասպանության ժամանակաշրջանը դիտարկում է մինչև 1923 թվականը, մինչդեռ 1927-1929թթ. ևս մեծ զտումներ եղան, շատերին Թուրքիայում հարկադրեցին լքել իրենց բնակավայրերը: Ահա այդ խնդիրներն են իմ գիտական հետաքրքրությունների նյութը: Իմ գիտական վաստակի համար 2015 թվականին արժանացել եմ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամի կոչման:

Միշտ հետաքրքվել եմ իմ տոհմի պատմությամբ, նույնիսկ Շուշիում եմ հարցրել Աբրահամ Աղալար անունով իմ մեծ պապի մասին: Հայաստանում հրատարակված պատմական մի աշխատությունից տեղեկացել եմ, որ Ղարաբաղում ավատատիրական պաշտոնները կոչվում էին մելիք, աղալար, բեկ: Ուրեմն, իմ Աբրահամ մեծ պապն ունեցել է աղալարի կարգավիճակ:

-Ասել է թե` ազնվականական ծագում ունեք:

-Հավանաբար: Ինձ համար մեր տոհմի ազնվականությունն իմ ծնողների, մեր նշանավոր ազգականների ազգանպաստ գործերն են` սեփական ինքնությանը սրբազան հավատարմությամբ և կենսասիրությամբ:

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ստեփանակերտ-Բեյրութ-Ստեփանակերտ