Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՆՔՆ ԻՐ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի միջոցառումը դեկտեմբերի 11-ին ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում երիտասարդական լսարան էր հավաքել. մեծ էր հետաքրքրությունը երիտասարդ գրող, արձակագիր Արամ Ավետիսի և նրա առաջին` ՙԿույր կետադրություն՚ գրքի հանդեպ։ Գրողին ներկայացրեց Համազգայինի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։ 

 Արամը ծնվել ու սովորել է Երևանում, ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, ստացել կինոգետի մասնագիտություն։ 7 տարի է, ինչ աշխատում է Երևանի ամենախոշոր`ՙՆոյյան տապան՚ գրախանութում: Այդ աշխատանքը նրան հնարավորություն է տալիս շփումներ ունենալ մարդկանց ու գրքերի հետ, նաև, ինչպես ինքն է ասում՝ ստանալ աշխատավարձ, հոգալ...կոմունալ ծախսերը։ Հայրն ապրում է Չեխիայում, ում հրավերներն առիթ են ստեղծում երիտասարդ գրողին շփվել այլ երկրների մարդկանց, արվեստագետների, մշակույթի, գրականության ու պատմության հետ։ ՙԿույր կետադրություն՚ գիրքը լույս է տեսել Երևանի ՙԱնտարես՚ հրատարակչությունում, գրողի սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։ Գիրքն անմիջապես հայտնի է դարձել երևանյան ընթերցողին, ապա երկու անգամ վերահրատարակվել է, որը, ընդհանուր առմամբ, կազմել է 700 օրինակ։ 

Հանդիպումը բուռն քննարկումների ու բանավեճըի առիթ դարձավ. շոշափվեցին ինչ է գրականությունը, ինչ է գրական ոճը, գրական ուղղություններն ու հոսանքները, որն է գրականության և գրողի առաքելությունը, գիրք և ընթերցող կապը, այլ հարցեր: Չնայած իր ու գրքի հանդեպ մեծ հետաքրքրությանը, այնուամենայնիվ, հեղինակը գտնում է, որ գրքի 700 օրինակի սպառվելն ընթերցողականության բարձր ցուցանիշ չէ։ Արամը ողբերգություն է համարում, որ քիչ մարդիկ են հետաքրքրված գրականությամբ։ Նրա դիտարկմամբ` կա նաև այլ երևույթ. կարդում են ցածրաճաշակ, պոպուլյար գրականություն, ասենք` Էմանուել Մակրոնի գիրքը։ 

Մեր ճեպազրույցը Արամ ԱՎԵՏԻՍԻ հետ։

 

-Գրքում մետաֆորիկ նշանակություն ունեն ՙկույր՚ և ՙքաղաք՚ բառերը, որոնք կրկնվում են։

-Այո։ Խոսքը ներքին՝ մտքի կուրության մասին է։ Բորխեսը կույր էր, բայց մտքեր էր թելադրում։ Կան մարդիկ, որ տեսողություն ունեն, բայց չեն տեսնում։ Այն, ինչ տեսնում ենք, այսբերգի երևացող մասն է, կա խոր շերտ, որ ոչ բոլորն են տեսնում։ Մարդկային տեսողությունը սահմանափակ է։ Գրողի պայքարը այդ սահմանափակության դեմ պետք է լինի։ Գրքում նկարագրված քաղաքում ապրում են կույրեր, և քաղաքը կամա՛ց-կամաց վերանում է։ Քաղաքն այն վայրն է, ուր համախմբված են մարդիկ, բայց այդ բազմության մեջ մարդը մենակ է։ 

-Քո գրական կուռքը։ 

-Մայակովսկին, հատկապես նրա վաղ շրջանի գործերը։ Ֆրանսիական գրականություն շատ եմ սիրում։ Սիրում եմ Թումանյանին, Կոստան Զարյանին, Զահրատին, իհարկե, Չարենցին, ժամանակակից գրականությունից Սլավիկ Չիլոյանին։ 

-ՙԵս ժամանակակից գրականության Հուդան եմ, ջինսով՚,- քո տողն է...

-Այո։ Հուդան դավաճանեց Քրիստոսին, ես այս միտքն օգտագործել եմ ցույց տալու համար իմ ՙդավաճանությունն՚  այն մշակույթին, գրականությանը, որ եղել է ինձնից առաջ։ Ես ոչ թե չեմ ընդունում, այլ ժխտում եմ՝ հաստատելու համար իմը։ Մայակովսկին, եթե ասում է՝ Պուշկինին պետք է դեն նետել արդիականության նավից, դրանից Պուշկինը չի տուժում, բայց Մայակովսկին էլ  ժխտողականությամբ գրավեց իր տեղը գրականության մեջ։ Իմ կարծիքով` նորը միշտ էլ հինը ժխտելով է հաստատում իրեն։ 

-Ըստ Արամ Ավետիսի, մինչև իրեն ամեն ինչ ասված է, կարևորը ոճն է։

-Գրականությունը հոգու վիճակ է։ Մարդը կոլաժ է, ունի տարբեր զգացողություններ։ Ես այդ տարբեր զգացողություններն եմ բերում գրականություն։ Գրում եմ արձակ, բայց իմ արձակի մեջ կա ռիթմ, որը հատուկ է պոեզիային։ Գուցե դա նրանից է, որ պոեզիա շատ եմ սիրում։ Կան գրաքննադատներ, որ սա համարում են արձակ պոեզիա։ Իմ ոճի մեջ սպրդում են շատ հեղինակություններ, բայց ամեն ինչ անցկացրած, վերարտադրած իմ մտքի ու հոգու միջով։  Ոչ մեկս նոր բան չենք ասում, նորը ոճն է։ Պիտի ունենաս քո սեփականը։

-Վերջիվերջո, որն է քո ասելիքը։

-Գրելն ինձ համար այն է, որ կարողանամ արտահայտվել։ Այն, ինչ չեմ կարող ասել բարձրաձայն, ասում եմ` մտքերս հանձնելով թղթին։ Գրականությունն ինտիմ բան է։ Ես գրականություն եմ բերում իմ ներաշխարհը։ Գրականության մեջ ես իմ ներաշխարհի հակասությունների հետ եմ։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ