Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՉԱՓԱԾՈ ԹԱՐԳՄԱՆՈՂԸ ՊԵՏՔ Է ԳՈՆԵ ՓՈՔՐ-ԻՆՉ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԼԻՆԻ ...

Գեղարվեստական թարգմանությունը  բավականին բարդ և մտավոր, հոգեկան ու  բարոյական լիցքեր պահանջող ստեղծագործական աշխատանք է և ինչ-որ տեղ` մասնագիտություն։  Լրագրող, հրապարակախոս  Միքայել Հաջյանը խոստովանում է, որ թեև ժամանակի ընթացքում ոչ քիչ  թվով  արձակ և չափածո ստեղծագործություններ է թարգմանել, բայց քանի որ կանոնավոր, հետևողականորեն  չի զբաղվում այդ աշխատանքով, իրեն արհեստավարժ թարգմանիչ չի համարում։    

          -Այնուամենայնիվ, երբեմն հնարավոր չի լինում դիմանալ միտքս ու հոգիս գրաված օտարալեզու գրողի այս կամ այն  բանաստեղծությունը  թարգմանելու գայթակղությանը, եւ, անկախ նրանից՝ ներու՞մ է աշխատանքի ու կենցաղի բերումով խիստ լարված ժամանակս, թե՞ ոչ, սկսում եմ թարգմանել։

Մ. Հաջյանի խոսքով՝ թարգմանություններ կատարում է հիմնականում ռուսերենից և ռուս գրականությունից, քանի որ օտար լեզուներից անհամեմատ լավ տիրապետում է ռուսերենին: Ընդ որում, ռուս գրականության մեջ կան հեղինակներ, ովքեր սակավ հայտնի են անգամ ռուսական հանրությանը, ինչ մնաց թե թարգմանաբար՝  հայ ընթերցողներին, բայց ունեն ուշադրության արժանի ստեղծագործություններ և կամ հեղինակներ, ովքեր հայտնի, անգամ՝ անվանի լինելով հանդերձ, հավուր պատշաճի ներկայացված չեն մեր հանրությանը։

Այսպես, օրինակ` հայ ընթերցողը միայն ռուսերեն բնագրով է ծանոթ 20-րդ դարի երկրորդ կեսի հայազգի ռուսագիր բանաստեղծ, արմատներով արցախցի Էդուարդ Ասադովի պոեզիային, ում հայրը՝ Արտաշես Ասադյանցը, ծննդով Հադրութ  բնակավայրից էր, իսկ մայրը՝ Լիդիա Կուրդովան (Քուրդյան), աստրախանցի հայուհի: Տակավին կենդանության  օրոք նա ուներ խորհրդային շրջանի ռուսական պոեզիայի դասականի համարում: Մեծ Հայրենականում արկի պայթյունից ընդմիշտ կուրության մատնված բանաստեղծը հեղինակել է 47 գիրք, որոնք լույս էին տեսնում մեկը մյուսի ետեւից՝ հարյուր հազարավոր օրինակ տպաքանակով՝ հռչակ բերելով հեղինակին: Է. Ասադովից Մ. Հաջյանը թարգմանել է երկու  բանաստեղծություն, որոնք այսօր էլ գլուխգործոց են համարվում ռուսական պոեզիայում: 

... Ի~նչ քիչ են նրանք, ում հետ ուզում ես մեկտեղ երազել,

Նայել՝ ինչպես են ամպերը երամ կապում երկնքում,

Սիրո խոսք գրել առաջին ձյան հայելուն փխրուն,

Մտածել միայն այդ մարդու մասին, անվերջ կարոտել…

Եվ երջանկություն ավելին, քան այդ, չընդունել, չուզել:

 

Ի՜նչ քիչ են նրանք, ում հետ կարող ես անդադար լռել,

Ով հասկանում է թեկուզ կես խոսքից ու կես հայացքից,

Ով չի ափսոսում տարիներ ի վեր լրիվ նվիրվել,

Եվ ում համար դու, անշուշտ, կարող ես ամեն մի կսկիծ

Եվ ամեն պատիժ որպես թե շնորհ, պարգեւ ընդունել…

 

(Է. Ասադով, Անվերնագիր)

 

Մ. Հաջյանը  ռուս գրողներից անդրադարձել է նաև Ալեքսանդր Կոչետկովի, Ալեքսանդր Կուլեբյակինի , Միխայիլ Լերմոնտովի պոեզիային։ Զրուցակցիս խոսքով՝ Լերմոնտովն այն բանաստեղծն է, ում  չես կարող, այսպես ասած՝  կամայական, ազատ թարգմանությամբ ներկայացնել, երևույթ, ինչին ինքը երբեմն ականատես է լինում.

- Ոչ միայն  ռուս,  այլև համաշխարհային գրականության դասականներից է  Միխայիլ Լերմոնտովը, ում մեծ թվով  ստեղծագործություններ ժամանակին թարգմանվել ու հրատարակվել են նաև հայերեն: Անկեղծորեն, Լերմոնտովից  արված թարգմանությունները միշտ չէ , որ ինձ  գոհացնում են իրենց որակով, ուստի և որոշեցի ինքս նույնպես փորձել ուժերս՝ թարգմանելով  երկու  գործ`ՙԵվ տաղտուկ է, և տխրալի՚, ՙՃամփա եմ ընկնում  մեն ու միայնակ՚ տողով սկսվող անվերնագիր բանաստեղծությունները։ Մոտ  մեկ ամիս աշխատել եմ այս վերջին բանաստեղծության  թարգմանության վրա: Կարող եմ ասել, որ   ամբողջ ընթացքում ապրել եմ այդ ստեղծագործությամբ և  այն  հոգեվիճակով, ինչը ժամանակին ապրել է ինքը՝  հեղինակը։  Եվ յուրաքանչյուր վերընթերցմանը զուգահեռ` փոփոխությունների, շտկումների  անհրաժեշտություն էի նկատում։ 

Գուցե և այլոց դուր չգան այդ թարգմանությունները: Զրուցակիցս  չի վիճում, հնարավոր է և այդպես լինի, քանզի դա անձնական ընկալման ու ճաշակի խնդիր է։ Մ. Հաջյանի դիտարկմամբ`  առհասարակ, պոեզիայի թարգմանությունը շատ ավելի բարդ  ու դժվար լուծելի խնդիր է, քան արձակինը. 

-  Արձակում ավելի ազատ ես քեզ զգում, իսկ չափածոն բանաստեղծական ոտքի, հանգի, հնչերանգի, մի խոսքով՝ տաղաչափության  և այլ ստեղծագործական խնդիրներ  է առաջադրում,  որոնք հեղինակը, բնականաբար, ժամանակին  լուծել է, մնում է նաև թարգմանիչը  կարողանա հաղթահարել դրանք՝ հավատարիմ մնալով հեղինակի ռիթմին ու ասելիքին: Իսկ հայերենը հարուստ լեզու է, և ընձեռում է այդ հնարավորությունը։  Ի լրումն,  թարգմանիչը նաև պետք է կարողանա մտնել այն հոգեվիճակի մեջ, որն ապրել է տվյալ ստեղծագործության հեղինակը, այլապես կստացվի չոր, տողացի թարգմանություն, որն էլ երբեք չի՜ հուզի, չի՜ հետաքրքրի ընթերցողին։ Բայց առավել կարևորն այն է, որ չափածոն  թարգմանողը պետք է գոնե փոքր-ինչ էլ բանաստեղծ լինի,- ասում է Մ. Հաջյանը և կատակով հավելում,-մեր ժողովրդին Աստծո առատաձեռն պարգևած այս երկնային շնորհից երևի թե մի պտղունց էլ ինձ է հասել։ 

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ