[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում կազմակերպված միջոցառումը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց համար էր։
 Նրանց տոնը շնորհավորելու էին եկել Շուշիի Խ.Աբովյանի անվան կրթօջախի նախադպրոցական խմբի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ դասվար Նարինե Գրիգորյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի աշխատողներ, հյուրեր։ Բերդաքաղաքի երեխաներն իրենց հետ բերել էին գարնան ողջ հմայքը, իրենք էլ ամենևին չէին տարբերվում գույնզգույն ծաղիկներից. նրանցից յուրաքանչյուրը մի գեղեցիկ թիթեռնիկ էր։ Այս ամենն ի սկզբանե տոնական տրամադրություն հաղորդեց ներկաներին, որն այնուհետև ավելի բարձրացավ մատուցված բառ ու բանից։ 
Իսկ ասելիք, հիրավի, կար ու տեղին էր. գովք հերոս մայրերին ու նրանց անձնազոհ որդիներին, խաղաղությունը պահպանող՝ սահմանին կանգնած զինվորին ու մեր հզոր բանակին, չքնաղագեղ գարնանն ու Արցախ աշխարհին… Երեխաները հավաստիացրին, որ իրենք լավ գիտեն, թե ինչպես և ինչ գնով է ձեռք բերվել խաղաղությունը։ Որ կտակ ունեն՝ ժառանգություն ստացած մի սուրբ հայրենիք ու այն պահել-պահպանելու պատգամ… Ու երիցս երդվեցին որդեկորույս մայրերի առջև՝ աչքի լույսի պես պահել իրենց ժառանգությունը։ 
Շուրջ 1,5 ժամ տևած հանդեսի ժամանակ հնչած հայրենասիրական երգն ու պարը բերկրանքով լցրին դահլիճում գտնվողների սրտերը։  
ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանի խոսքը հուզմունքով էր լցված։ Նա մայրերի անունից երախտագիտություն հայտնեց Նարինե Գրիգորյանին՝ նման գեղեցիկ միջոցառում նախաձեռնելու և կազմակերպելու համար։ ՙՄենք մեկ անգամ չենք ականատես եղել նրա կազմակերպած գեղեցիկ հանդեսներին, որոնց նպատակը մատաղ սերնդին հայրենասիրություն ու արիություն ներարկելն է՚,- ասաց Գ. Առստամյանը։ Նա միության կողմից նվերներ բաժանեց երեխաներին և առաջարկեց զոհված ազատամարտիկների հուշաթանգարանում ևս հանդես գալ հայրենասիրական դաս հիշեցնող որևէ միջոցառմամբ։
Իր խոսքում դասվար Ն. Գրիգորյանը նշեց, որ դա նաև երեխաների ցանկությունն է, և որ ինքը խոստացել է Մայիսյան եռատոնի կապակցությամբ նրանց տանել զոհված ազատամարտիկների փառքի սրահը։ Նաև շնորհակալություն հայտնեց միջոցառմանն աջակցողներին։      
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ