Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանի մասնաճյուղ Մեծ Թաղերի Ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի անվան թանգարանն այսօր ոչ բարվոք պայմաններում է գտնվում, ահազանգում է թանգարանի տնօրեն Արծիվ ԼԱԼԱՅԱՆԸ:


 Տնօրենի տեղեկացմամբ, թանգարանը հիմնադրվել է 1980թ. մայիսի 9-ին, թեկուզ շենքը կառուցվել է ավելի վաղ` 1975-ին: Կահավորման, ցուցանմուշների ապահովման, մարշալի կիսանդրու ստեղծման հարցը լուծվեց այդ հինգ տարիների ընթացքում: Եվ երբ բրոնզե կիսանդրին պատրաստ էր, տեղադրվեց թանգարանի շենքի առջև: Նշված տարեթվին տեղի ունեցավ կիսանդրու հանդիսավոր բացումը: Միջոցառման նշանակությունը մեծ էր այնքան, որ անգամ ներկա էր մարշալի ընտանիքը:

ՙԿիսանդրու հեղինակը Արցախում հայտնի քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է,- նշում է տնօրենը: -Ցուցասրահների ձևավորումը կատարել է նկարիչ Սուրեն Պետրոսյանը, ով նաև յուղաներկով արված երեք կտավներ է ստեղծել թանգարանի համար: Այդ կտավներում լեգենդար ռազմական գործիչը ներկայացված է տարբեր միջավայրերում` մարտադաշտում, խաղաղ պայմաններում: Ցուցասրահների ձևավորման գործում  իր մասնագիտական փորձն է ներդրել ազգագրագետ Շահեն Մկրտչյանը: Մի քանի տարի անց Գրոզնի քաղաքից հաջողվեց տեղափոխել ՄԻԳ-17 ռազմական ինքնաթիռ, որն էլ 1984 թվականին տեղադրվեց թանգարանի բակում: Այս ամենն իրականություն դարձավ շնորհիվ սովխոզի տնօրինության թե՜ բարոյական և թե՜ ֆինանսական աջակցության՚:

Այսպես հարստացնելով ցուցանմուշների հավաքածուն` թանգարանը բավականին հաջող գործունեություն էր ծավալում: Սակայն Արցախյան պատերազմի թեժ տարիներին դադարեց նրա գործունեությունը: Եվ 1992-93թթ. թանգարանը վերածվեց զինվորական շտաբի: Նմուշների որոշ մասը տեղափոխվեց գյուղապետարանի մի սենյակ, մյուս մասն այդ տարիների ընթացքում փոշիացվեց, իսկ կտավները գյուղում ապրող մարշալի բարեկամները պահեցին իրենց տներում: Այս տխուր իրավիճակը տևեց շուրջ 10 տարի:

2001 թվականին թանգարանը վերաբացվեց: Սակայն շենքը վատթար վիճակում էր. ցուցանմուշները հնարավոր չէր տեղափոխել: Նոր նշանակված տնօրենը` Նիկոլայ Թումանյանը, պարզապես կարգի էր բերում ցուցանմուշները, խնամք տանում:

Շենքը վերանորոգվեց 2003-ին, տնօրեն նշանակվեց մասնագիտությամբ իրավաբան, հոգու կանչով նկարիչ Արծիվ Լալայանը: Նրա ղեկավարությամբ պահպանված ցուցանմուշները տեղափոխվեցին թանգարանի շենք, իսկ եղած հավաքածուն հարստացավ նորերով: Տնօրենին հաջողվեց մարշալի բարեկամներից մեկին համոզել ` թանգարանին վերադարձնել Սուրեն Պետրոսյանի հեղինակած կտավը, որտեղ Ա. Խանփերյանցը պատկերված է մարտադաշտում: Բայց մյուս երկու կտավները տակավին պահվում են բարեկամների տանը: Նրանց առայժմ չի հաջողվել համոզել, որ հատուկ թանգարանի համար ստեղծած այդ կտավները ետ բերվեն: Սակայն Ա. Լալայանը հույսը երբեք չի կորցնում, գիտի, որ մի գեղեցիկ օր այդ կտավներն իրենց իսկական տեղը կգտնեն թանգարանում:

Ինչպես արդեն նշել ենք, նորանշանակ տնօրենի օրոք թանգարանի հավաքածուն հարստացավ նոր ցուցանմուշներով: 2003-2004թթ. նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը թանգարանի համար ձևավորեց 14 վահանակ, որոնցից 10 նվիրված էր լեգենդար հերոսին, իսկ 4-ը` Երկրորդ աշխարհամարտում զոհված, անհայտ կորած մեծթաղերցի սպաներին ու զիվորներին: ՙԲանն այն է,- բացատրում է տնօրենը,- որ 288 զոհված և անհայտ կորած մեծթաղերցիներից 145-ի անունը, լուսանկարների բացակայության պատճառով, ոչ մի տեղ չի նշված՚: Ահա թե ինչու մի առանձին վահանակ նվիրված է նրանց, այսինքն` առանց լուսանկարների վահանակի վրա գրված են այդ զոհված կամ անհայտ կորած 145 համագյուղացիների անուններն ու ազգանունները: Երկու վահանակ ձևավորել է նկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը: Դրանք նվիրված են Արցախյան գոյամարտում զոհված և՜ զինվորների և՜ խաղաղ բնակիցների հիշատակին:

Հաջորդ տարիներին թանգարանի հավաքածուն համալրվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված ևս երկու վահանակներով, որտեղ ներկայացված են Մեծ Թաղերի և շրջակա պատմամշակութային հուշարձանների մասին ամփոփ տեղեկություններ: Մեկ վահանակ էլ ձևավորեց հենց ինքը` տնօրենը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի թե՜ զոհված և թե՜ ողջ մնացած ակտիվ մասնակիցներին:

Ա. Լալայանի նախաձեռնությամբ, թանգարանում իրենց տեղն են գտել մի քանի նոր հավաքածուներ, որոնք պարունակում են հնագիտական, կիրառական մշակույթի և ազգագրական իրեր:

ՙՑավոք,- ափսոսանքով վկայում է տնօրենը,- այս տարիներին կուտակված նյութերի, ցուցանմուշների պահպանման հարցը մտահոգման առիթ է տալիս, քանի որ պայմանները բարվոք չեն: Բանն այն է,- պարզաբանում է նա,- որ թանգարանի շենքն ունի կիսանկուղային հարկ, որի հյուսիսային պատն ամբողջությամբ հողի մեջ է: Խոնավության հետևանքով բորբոսնում են պատերը, փտում է փայտե հատակը: 2-րդ հարկը ևս ունի խնդիրներ: 15 տարի է անցել վերջին վերանորոգումից, ընդ որում` ոչ հիմնովին արված: Պատերի ներկի շերտը ճաքճքված է, պատուհանների փայտե փեղկերը քայքայված: Անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգում, հատկապես խոնավությունը վերացնելու նպատակով՚: 

-Ի դեպ,- վերհիշում է մեր զրուցակիցը,- 2016-ին, մինչև ապրիլյան պատերազմը, մի խումբ նախագծողներ եկել էին գյուղ` թե՜ հանրակրթական դպրոցի և թե՜ դպրոցի բակում գտնվող թանգարանի չափագրումներն անելու` այդ երկու շենքերը հետագայում հիմնանորոգելու նպատակով: Բայց պատերազմից հետո այդ աշխատանքները չեն շարունակվել: 2017-ին հուշարձանն է փոքր-ինչ նորոգվել, սակայն` ոչ պատշաճ մակարդակով: 

Անշուշտ, շեշտում է տնօրենը, թանգարանի նման պայմանների մասին վերադաս մարմինները տեղեկացված են: Հասկանալի է, երկրում բազմաթիվ են խնդիրները: Սակայն մեծթաղերցի լեգենդար հերոսի անվամբ, թանգարանի՝ նրա կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցանմուշները չպետք է բարձիթողի վիճակում լինեն: Ա. Լալայանը հուսով է, որ առաջիկա տարիներին հարցը վերջապես դրական լուծում կստանա:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ