Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՒՍՈՒՑԻՉԸ ԿՈՉՈՒՄ Է, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռենա Օհանյանի հավատամքն իր իսկ կենսագործունեության բանաձևումն է։ 

Դեռևս 2003 թվականին նա ճանաչվել է Ստեփանակերտի ՙՏարվա լավագույն դասվար՚, միաժամանակ հաղթող ճանաչվել ՙՄանկավարժական ընթերցումներ՚ մրցույթում։ 2012 թվականից տարրական օղակի քաղաքային մեթոդմիավորման նախագահն է։
Մեր հարցազրույցը:

-Տիկին Օհանյան, մանկավարժությունը մասնագիտությո՞ւն է, աշխատա՞նք, թե՞ առաքելություն։
-Աշխատանք լինելուց առաջ մանկավարժությունն ինձ համար առաքելություն է։ Այսօր մանակավարժն ավելին է, քան միայն գիտելիք ուսուցանող. անձ ձևավորող, հոգևոր ու կամային որակներ դաստիարակող է մեր օրերի մանկավարժը։ Ուսուցչի առաքելությունը ոչ թե սոսկ դասագրքային գիտելիքների արդյունավետ մատուցումն է, այլև հասարակության համար օգտակար անձի, իր երկրի, պետության համար՝ գիտակից ու հայրենանվեր քաղաքացու ձևավորմանը նպաստելը։ Այդ լուրջ և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար մանկավարժը պետք է տիրապետի ոչ միայն դասավանդման առարկային, այլ նաև ստեղծագործ ու պատկերավոր մտածողության ձևերին, վեց տարեկան աշակերտի մաքրամաքուր հոգու նրբություններին։
-Ինչպիսի ՞ դերակատարում ու գործառույթ է վերապահված մանկավարժին՝ ժամանակակից կրթահամակարգում ու դրա բարելավման գործում։
-Կրթահամակարգի բարելավման համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել, բավականին լուրջ ու կարևոր գործոններ։ Սակայն ես առաջին կարևոր տեղն ու դերը կվերապահեի մանկավարժ-հոգեբանին, մանկավարժ-ուսուցչին, մանկավարժ-մարդուն։ Համակարգը բարելավելու հիմքում պետք է լսելի լինի ու դրվի փորձառու և լավագույն մանկավարժների կարծիքն ու բազմամյա փորձը։
Ես՝ 33 տարվա աշխատանքային փորձով մանկավարժս, կողմ եմ ուսուցման գործընթացում նորարարություններին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին, սակայն այդ համատեքստում ավանդական ու դասական փորձն անտեսելուն՝ համաձայնել չեմ կարող։ Չմոռանանք, որ նորը լավ մոռացված հինն է։ Այդ առումով պիտի հմտորեն համատեղվեն ավանդականն ու նորը։ Լավ մանկավարժը, քայլելով իր սաների հետքերով, արձանագրում է այն լավագույնը, որ իր ցանած հունդերն են տվել, ըստ այդմ էլ, համապատասխան եզրահանգումներ կատարում. շարունակե՞լ նույն կերպ, թե՞ փոխել գործելաոճն ու մեթոդները։
-Ի՞նչ կարծիք ունեք հանրության շրջանում հաճախ բարձրաձայնվող այն խնդրի վերաբերյալ, թե դասագրքերն ու ծրագրերը չափից ավելի ծանրաբեռնված են և երեխաներն ի վիճակի չեն յուրացնել անհրաժեշտ գիտելիքները։
- Ոչ միայն հանրությունը, մենք՝ մանկավարժներս, նույնպես կարծում ենք, որ ժամանակակից ծրագրերն ու դասագրքերը ծանրաբեռնված են, դժվարամատչելի վեց տարեկանից դպրոց հաճախող երեխայի համար։
Տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում դասվարների հետ հաճախ ենք քննարկել խնդիրը ու եկել եզրահանգման. դասագրքերն ու ծրագրերը պետք է բեռնաթափել։ Բացի այդ, մեր մեթոդմիավորումը խնդրի լուծմանն ուղղված գործնական առաջարկություններ է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին։
-Ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի` առաքելությունն ասեմ, թե մասնագիտությունը։
Ծնողներս մանկավարժներ չէին։ Սակայն մեծ էր ինձ ուսուցչուհի տեսնելու նրանց ցանկությունը։ Այնպես որ, ես էլ շուտով տարվեցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալու երազանքով։ Սակայն հանգամանքների բերումով ընտրեցի և ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ՙՄանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա՚ ֆակուլտետը։ Այդ ընտրության համար զղջալու ո՜չ ժամանակ , ո՜չ էլ առիթ երբևէ չեմ ունեցել, որովհետև մանկավարժի կոչումն արժանվույնս կրելն ինձ համար կյանքի նպատակ ու կենսակերպ է։ Ներկայում, օրինակ, շատ է խոսվում ուսուցչի ցածր աշխատավարձի մասին։ Թող զարմանալի չթվա, ես այնքան եմ սիրում իմ աշխատանքը, դասարանն ու իմ սաներին, որ երբեմն մոռանում եմ, որ այդ սիրո համար դեռ պետք է աշխատավարձ էլ ստանամ։
-Որքանով տեղյակ եմ, Դուք նաև Ձեր կրտսեր որդու առաջին ուսուցչուհին եք եղել։
-Այո, և՜ ուրախ էի, որ զավակս որպես աշակերտ հուսալի ձեռքերում է, մտավախություն ունեի, որ մայր-որդի մտերմիկ հարաբերություններում կհեռանայինք իրարից։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, սակայն ամեն դեպքում դժվար է դասավանդել հարազատ որդուն։ Հիշում եմ, մի անգամ, տղաս՝ Սարգիսը, շփոթվելով դասի ընթացքում ինձ ՙմամ՚ դիմեց։ Այդ օրը ես չկարողացա կենտրոնացնել աշակերտներիս, ովքեր չէին էլ գուշակում, որ ես նրա մայրն եմ. չափից ավելի պահանջկոտ էի նրա նկատմամբ։ Ի դեպ, դասավանդելու եմ նաև թոռանս։
- Տիկին Օհանյան, իսկ ո՞րն եք համարում մանկավարժի վաստակած լավագույն գնահատականը։
-Կարծում եմ՝ ուսուցչին առաջինը գնահատում է աշակերտը։ Ուսուցչի ամենաբարձր գնահատականն այն է, երբ քայլում է սաների անցած ճանապարհով և տեսնում, որ նրանք գտել են իրենց տեղն ու դերը կյանքում, դարձել՝ հայրենիքի արժանի զավակներ։