Logo
Print this page

ԵՐԲ ԱՂՎԵՍՆ Է ՀԱՐԵՎԱՆԴ

ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Նապաստակն ու աղվեսը հարևաններ էին։ Թե որ նապաստակն իմանար, որ իրենից առաջ աղվեսն էր այստեղ, այս կավե բլրի ստորոտում բույն փորել, այլ վայր կընտրեր։ Նույնիսկ բորենին ու գայլը չեն հանդուրժում աղվեսի հարևանությունը, ուր մնաց թե նապաստակը։ Բայց ահա նապաստակը միամիտ-միամիտ բույն էր փորել ու փորձանքի մեջ ընկել։ 

Զարմանալիորեն աղվեսն իրեն այնքան անտարբեր ու հանգիստ էր պահում, որ նապաստակը կամաց-կամաց սկսեց համակերպվել այդ իրադրության հետ։ Համակերպվելը համակերպվեց, բայց հոգու խորքում չէր մոռանում, որ աղվեսը, այնուամենայնիվ, վաղուցվա իր թշնամին է և, բնականաբար, զգուշանում էր հանդիպել նրան։
Թե հնար լիներ, կտեղափոխվեր մեկ այլ բլուր։ Մի քանի անգամ անտառի տարբեր ծայրերում փորձել էր նոր բույն փորել, բայց ապառաժի էր հանդիպել։ Քոռ ու փոշման վերադարձել էր իր նախկին բույնը։
Չկարծեք, թե աղվեսն այդ ողջ ընթացքում պարապ-սարապ նստած էր։ Նա լավ գիտեր, որ նապաստակը ուր որ է ձագեր կունենա։ Ո՞րն է լավ, մի հատիկ նապաստակ ճաշակել, թե՞ մի նապաստակ ու բավական թվով ձագեր։ Դե, իհարկե, երկրորդը։ Աղվեսն առաջին օրվանից հետևում էր նապաստակի բոլոր քայլերին։
Գիտեր, թե ե՞րբ է նա արթնանում, որտե՞ղ է ճաշում, ո՞ր առվակից է ջուր խմում և անհամբերությամբ փափագում էր, թե ե՞րբ է իր աղվես-ձագերի հետ ճաշակելու շլդիկներին։
Իհարկե, աղվեսի համբերությունն էլ իր սահմանն ուներ։ Այդ սահմանն ավարտվեց, երբ նապաստակը ձագեր ունեցավ։
Մի քանի օր հետո, երբ նապաստակի ձագերը փոքր- ինչ կայտառացան ու սկսեցին չարաճճիություններ անել, աղվեսը դուրս եկավ իր բնից, մի քիչ հեռացավ և թաքնվեց բլրակի մացառուտներում։ Շլդիկ նապաստակն ամեն օրվա պես վախվորած հանեց գլուխը, դեսուդեն խլշկոտեց և համոզվելով, որ վտանգ չկա, ցատկոտելով իջավ անտառ։ Հենց մացառուտների կողքով անցնելու պահին քար կտրեց, մնաց սառած։ Դիմացն աղվեսն էր։
-Բարև հարևան, ձագուկներդ ինչպե՞ս են,- ջերմ ժպիտով հարցրեց աղվեսը։
-Շնոր-հա-կալ եմ,- կմկմաց նապաստակը,- լավ են։
-Թե որևէ օգնության կարիք ունենաս, առանց անհարմար զգալու դիմիր, ես միշտ պատրաստ եմ քեզ աջակցել, էլ ո՞ր օրվա հարևաններ ենք,- ասաց աղվեսն ու սկզբի համար դա առայժմ բավարար համարելով, նապաստակին քսվելով հեռացավ։
Աղվեսի հեռանալուց հետո նապաստակը ազատ շունչ քաշեց։ Կատակ բան հո չէ՝ կանգնել աղվեսի դեմը, հերիք չէ, ու նույնիսկ զրուցել նրա հետ։ Հավատալո՞ւ բան է։ ՙՉէ, այս անտառի աղվեսները ոնց որ թե բարի են ու հարևանասեր,- մտածեց նապաստակը,- այնպես որ, կարելի է անգամ նրանցից չվախենալ՚։
Այդ օրը նապաստակը տուն դարձավ բարձր տրամադրությամբ։ Օրվա ընթացքում, նույնիսկ առանց վախի զգացումի, մի քանի անգամ շտապեց դեպի քիչ հեռու գտնվող առվակը, որի ափերի կանաչը կաղամբի պես համեղ էր ու փխրուն։ Նույնիսկ մեկ, թե երկու անգամ նկատեց աղվեսին։ Երևի դաշտամուկ էր որսում։ Հեռու-հեռվից ողջունեցին իրար ու, ասես, արտառոց ոչինչ էլ չէր եղել, ամեն մեկը շարունակեց իր կիսատ գործը։
Շաբաթներ անց, օրերից մի օր էլ, երբ նապաստակը հազիվ էր լքել իր բույնը, հանդիպեց աղվեսին։ Աղվեսն այդ օրն անչափ անտրամադիր էր։ Նապաստակն անկախ իրենից համարձակորեն հաճոյախոսեց։
-Բարի լույս, հարևան, ձագուկներդ ինչպե՞ս են, հո չեն հիվանդացել։
-Շնորհակալ եմ նապաստակ քույրիկ, առողջ են, միայն...
-Որևէ բա՞ն է պատահել,- հետաքրքրվեց նապաստակը։
-Մի առանձին բան չկա։ Միայն թե ձագուկներս կամակոր են, շատ են տխրում իմ բացակայության ժամանակ։ Արի պայմանավորվենք այսպես. դու ձագուկներիս նայես մինչ իմ որսից վերադառնալը, հետո էլ ես քեզ կփոխարինեմ։ Այս կերպ երկուսս էլ կշահենք և քիչ կանհանգստանանք։
Նապաստակը աղվեսի առաջարկության մեջ ոչ մի չար դիտավորություն չնկատեց։ Իրոք, էլ ինչ հարևաններ են, որ անհրաժեշտության դեպքում իրար օգնության չհասնեն, մանավանդ որ երկար ժամանակ է, ինչ հարևաններ են և աղվեսից ոչ մի վատ բան չի տեսել։ Այնպես որ, համաձայնության եկան ու գործի անցան։
Մինչ աղվեսի վերադարձը նապաստակը տիրություն արեց նաև նրա ձագերին։ Եվ քանի որ աղվեսի ձագերը շատ ճղճղան էին ու չարաճճի, նապաստակը ստիպված էր կես օրվա ընթացքում պատմել իր իմացած բոլոր հեքիաթները։ Չմոռացավ նաև պատմել, որ նապաստակն ու աղվեսը դարավոր թշնամիներ են եղել, իսկ հիմա անտառում բոլորն էլ նախանձով են նայում նրանց հարևանությանն ու բարեկամությանը։ Խրատեց աղվեսի ձագերին, որ երբ նրանք մեծանան, երբեք չանհանգստացնեն նապաստակներին, որովհետև կյանքում նրանք շատ են հալածվել, անչափ թույլ են, անօգնական ՜և միշտ պաշտպանության կարիք են զգում։ Աղվեսի ձագերը բերանները բաց, կլանված լսում էին նապաստակի հեքիաթներն ու չէին հագենում։
Վերջապես որսից վերադարձավ աղվեսը և անտառ գնալու հերթը հասավ նապաստակին։
Այսպես շարունակվեց հազիվ երեք օր։ Աղվեսն ու նապաստակը փոխարինելով իրար, բարեխղճորեն դայակություն էին անում։ Երևի այդ բարեկամությունը երկարաձգվեր անգամ սերնդեսերունդ, եթե աղվեսը շարունակեր բարի աչքով նայել նապաստակի ձագուկներին։ Սակայն այդպես չեղավ։ Չորրորդ օրն աղվեսն այլևս չկարողացավ անտարբեր մնալ նապաստակի ձագուկների հանդեպ և խժռեց ամենագիրուկին։
Երբ նապաստակը վերադարձավ արոտավայրից, աղվեսը մեկնվել ու հոնգուր-հոնգուր լաց էր լինում։
-Ի՞նչ է պատահել,- վատ բան գուշակելով հարցրեց նապաստակը։
-Ձագուկներիդ մեկն անհետացել է,- ավելի բարձրաձայն լացակումեց աղվեսը։
-Ո՞ւմ ձագուկներից, ի՞մ, թե՞ քո,- ավելի անհանգստացավ նապաստակը։
-Իսկ դու ինչո՞ւ ես խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն, չէ՞ որ բոլորն էլ մերն են,- խեղդվելով հեկեկոցը հանդիմանեց աղվեսը։
Միամիտ ու հիմար նապաստակը ոչինչ չկասկածելով, տեղավորվեց հարևանի կողքին և ինքն էլ լաց եղավ։
Հաջորդ օրը կրկնվեց նույն պատմությունը։ Անհետացավ նապաստակի ձագուկներից ևս մեկը։ Այս անգամ աղվեսը մենակ չկերավ, հյուրասիրեց նաև իր ձագերին։ Աղվեսի ձագերը սկզբում դժկամությամբ համտեսեցին նապաստակի միսը, որովհետև դժվարանում էին միսն ազատել մորթուց, իսկ երբ կերան-վերջացրին, նապաստակի մսի համը մնաց բերաններում, վրա տվին ու խեղդամահ արեցին նաև մնացածներին։
Այդ օրը նապաստակը սովորականից շուտ վերադարձավ հանդից։ Աղվեսը նրան նկատելուն պես սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, հորդորելով, որ իր ձագուկները նույնպես ձայնակցեն։ Լաց ու շիվանը տարածվեց ողջ անտառով մեկ։ Նապաստակը վախվորած մոտեցավ աղվեսին։ Իր ձագուկների հետքն անգամ չէր երևում։ Նապաստակն այս անգամ ամեն ինչ կռահեց։ Աղվեսի դունչը արյունոտ էր, անգամ չէր հասցրել լիզել ու արյան հետքերը թաքցնել։ Արյունոտ էին նաև նրա ձագերի մռութները։
Վախից ու սարսափից նապաստակի մորթու քնքուշ վարսերը փշաքաղվեցին։ Վերջապես հասկացավ, որ երբեք բարի աղվեսներ չեն լինում ու քանի դեռ հերթն իրեն չէր հասել, աչք գողացավ և ծլկեց անտառ։
Ավելի լավ է կրկնապատիկ չարչարվել, ապառաժ տեղանքում բույն փորել, քան կավահողում՝ խորամանկ աղվեսի հարևանությամբ ապրել։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.