ՙԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ՚-ԻՆ՝ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Լույս է տեսել ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միություն՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ նախաձեռնված ՙԳիտական Արցախ՚ պարբերականի անդրանիկ համարը, ինչի առթիվ փետրվարի 15-ին Ստեփանակերտում կազմակերպվեց շնորհանդես: Այն չորս տարի գործող այս կազմակերպության իրականացրած երկու տասնյակ ծրագրերից հերթականն է: 

Շնորհանդեսի մասնակիցներին ողջունելով` ԱԵԳՄՄ հիմնադիր և նրա նախագահ, ՙԳիտական Արցախ՚ հանդեսի խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն ասաց, որ հանդեսը լիովին տեղավորվում է ԱԵԳՄՄ առաքելության շրջանակում, այն է` կարողանալ գիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել օտարերկրացիներին: Հանդեսի լույսընծայման նպատակն է արտերկրի գիտնականներին ծանոթացնել Արցախին, ստանալ նրա վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ, Արցախն օտարերկրացիների մոտ ոչ թե ասոցացվի հակամարտության, այլ մի պետության հետ, որտեղ մարդիկ արարում են, զբաղվում գիտությամբ: Հանդեսի շապիկի վրա պատկերված Արցախի նոր քարտեզն ու խորհրդանիշներն այդ են վկայում:
ՙԳիտական Արցախ՚ հանդեսի բովանդակության և կառուցվածքի մասին տեղեկություններ տվեց ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԵԳՄՄ անդամ Շուշան Խաչատրյանը: Պարբերականի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ներգրավվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի` ԲՈԿ-ի կողմից հաստատված ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Խմբագրական խորհրդում ընդգրկված են Արցախից, Հայաստանից և արտերկրից հեղինակավոր գիտնականներ: Անդրանիկ համարը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100, Արցախյան շարժման 30 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին: Հանդեսում տեղ են գտել հայկական արդի հիմնախնդիրներից մեկի` պետականության վերաբերյալ Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը և Բելառուսը ներկայացնող գիտնականների աշխատանքները: Պարբերականում զետեղված է նաև ԱԵԳՄՄ-ի և ԵՊՀ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում անցկացված ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի 67 հոդված:
Գիտական հանդեսի լույսընծայման կապակցությամբ շնորհավորանքի և օրհնանքի խոսք ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` մաղթելով, որ արցախցու գիտական միտքը միշտ փայլատակի, մի բան, որ միշտ եղել է նախորդ ժամանակաշրջաններում, և այսօր էլ նրա վերհառնումն ավելի քան սպասված ու պահանջված է, քանի որ առանց գիտության ոչ մի տեղ առաջխաղացում չկա: Ըստ Սրբազանի` այսօր Արցախի քաղաքական, հոգևոր, ազգային անվտանգության կռվանների շարքում կարևոր է գիտության դերը, որի համար անհրաժեշտ է դպրոցում բարձրացնել հիմնարար առարկաների դասավանդման մակարդակը, որովհետև առանց դրա անհնար է գիտությունն առաջ տանել: Նա ընդգծեց ԿԳՍ նախարարի այսօր ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ, ինչպես նաև ԱԵԳՄՄ-ի դերը գիտնականների միավորման գործում:
ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը նույնպես շնորհավորեց գիտական հանդեսի լույսընծայումը: Նախարարն անդրադարձավ գիտության ոլորտում կարևոր խնդիրներին: Նա այն համոզմանն է, որ գիտության ոլորտը ենթակա է արմատական, խորքային բարեփոխումների: Նախարարությունն այսօր աշխատանքներ է տանում` խրախուսելու երիտասարդ գիտնականների ակտիվությունը և ներգրավելու արտերկրի մեր գիտնականների ներուժը` հավելելով, որ մեր գիտական ներուժը դեռևս լիարժեք չիրացված-չօգտագործված միջոց է: Քանի որ գիտության հիմքը դրվում է հանրակրթական դպրոցում, նախարարը կարևորեց դպրոց-բուհ կապը և այդ առումով իրականացվող բարեփոխումները:
Շնորհանեսին ներկա էր գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: Նա, ինչպես նաև մյուս ելույթ ունեցողները` ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանը, բարի երթ մաղթեցին ՙԳիտական Արցախ՚-ին, արեցին իրենց առաջարկությունները:
;