Logo
Print this page

Արթուր ՄԿՐՏՉՅԱՆ. ՙՊԱՇՏՈՆԸ ՄԻՋՈՑ Է՝ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ՚

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Փետրվարի 16-ին Արթուր Մկրտչյանը կդառնար 60 տարեկան

Այդ օրը նրա հարազատներն ու մտերիմ ընկերներն այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, Հադրութի Մշակույթի և երիտասարդության պալատին կից տեղակայված հուշարձանի տարածք և ծաղիկներ դրեցին` ի նշան նրա լուսավոր հիշատակի:
Փետրվարի 18-ին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց կազմակերպիչն էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Առավոտյան Արցախի իշխանությունը` Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Սփյուռքից, հարազատներ, ընկերներ, մայրաքաղաքի հասարակության ներկայացուցիչներ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին նրա հուշաքարին: Իսկ երեկոյան Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցան Արթուր Մկրտչյանի կյանքի և գործունեության մասին ցուցահանդես և հուշ-երեկո:
Արթուր Մկրտչյանի լուսավոր հիշատակը հարգելու էին եկել նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանից, Սփյուռքից ժամանած հասարակական, քաղաքական գործիչներ, մարտընկերներ, գործընկերներ, հարազատներ:
Թե՜ ցուցահանդեսը և թե՜ հուշ-երեկոն աչքի ընկան նրանով, որ Արթուր Մկրտչյանի` մարդու, գիտնականի, քաղաքական գործչի մասին հնչեցին անկեղծ, սրտաբուխ խոսքեր և անաչառ ու ազնիվ գնահատականներ:
ՙԱյսօր մենք այստեղ ենք` վերհիշելու, վերարժևորելու, երախտիքի մեր տուրքը մատուցելու մեր ազգային պետականության հիմնասյուներից մեկին` Արթուր Մկրտչյանին,- ցուցահանդեսի իր բացման խոսքում ասաց ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Մելանյա Բալայանը: -Հետևողականություն և վճռականություն, ազնվություն և հայրենասիրություն, շրջահայացություն և խորիմացություն. մարդկային կերպարին հարիր գերադրական բոլոր այս հատկանիշներով օժտված էր մեր պետականության առաջին ղեկավարը, հիմնադիրը՚:
Լրագրողների այն հարցին` թե Արթուր Մկրտչյանն ի՞նչ ասելիք թողեց այսօրվա սերունդներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. ՙՆրա սկսած գործը պետք է շարունակի մեր այսօրվա սերունդը: Եվ այս սերնդի գլխավոր առաքելությունն այն է, որ այդ հաղթանակը պաշտպանվի: Նախնիների ձեռքբերածը պարտավոր ենք աչքի լույսի պես պահպանել և փոխանցել հաջորդ սերնդին՚:
Իսկ ԼՂՀ ԳԽ նախկին նախագահ, գործընկեր Գեորգի Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե որո՞նք են Արթուր Մկրչյանի դասերը մեզ` պատերազմից ողջ մնացածներին, ասաց. ՙՆա ազնվությունը գերադասում էր գիտելիքից վեր: Նա համոզված էր և հետևում էր այն սկզբունքին, որ բարոյապես մաքուր պետք է մտնել քաղաքականություն: Այո, դա դժվար է իրականություն դարձնել, բայց անհրաժեշտ է, երբ մեր առջև դրված է Արցախի խնդրի հարցը: Կարծում եմ, դրանք են նրա դասերը` ուղղված մեզ, և մենք պետք է դա գիտակցենք՚:
Արթուրի մասին գնահատանքի ջերմ խոսքեր ասացին նրա պատմության ուսուցիչ Միքայել Խաչիյանը, Արթուրի քույրը՝ Ալվարդը, նրա կինը` Գոհար Մկրտչյանը, եղբայրը` Ղարիբ Բադասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կիրառական ազգագրության խմբի ղեկավար, հայտնի ազգագրագետ և հասարարական գործիչ Հրանուշ Խառատյանը:
Հադրութի շրջանից ժամանած Արթուր Մկրտչյանի մարտընկերներ Գագիկ Ավանեսյանը, Լևոն Հայրիյանն իրենց ելույթներում ներկայացրին Հադրութում, ապա` Ստեփանակերտում ծավալած նրա գործունեության, ցանկացած գործում կիրառվող նրա սկզբունքներն ու պատգամները:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը կարևորեց Արթուր Մկրտչյանի դերը Արցախի Հանրապետության պետականաշինության գործում: ՙԱյսօր բացառապես պիտի խոսենք Արթուր Մկրտչյանի մասին, մեր նորօրյա ազատագրական պայքարի ծնունդ Արթուր Մկրտչյանի, ով այդպես էլ մնաց` որպես Արցախի Հանրապետության պետականություն կերտողի խորհրդանիշ,- ասաց Դ. Իշխանյանը,-մեր անկախ հանրապետության առաջին նախագահ, այո, առաջին ընտրված նախագահ Արթուր Մկրտչյանի մասին, այն Արթուրի, ով, լինելով ՀՅ Դաշնակցության անդամ, ընտրվելով Գերագույն խորհրդի նախագահ, գերադասեց պետական ամենաբարձր ամբիոնից հայտարարել, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, որպեսզի դառնա բոլորի նախագահը՚: Մարդ, ով այդպես էլ առայսօր չարժանացավ պետական ամենաբարձր կոչումի ու պարգևի, բայց արժանացավ ավելիին` ազնիվ ու պետական մտածելակերպով Առաջնորդի կոչումին՚:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր ելույթում բարձր գնահատական տվեց Արթուր Մկրտչյանի` մարդու, գիտնականի, քաղաքական գործչի գործունեությանը: ՙՓետրվարն, անշուշտ, ենթագիտակցորեն ասոցացվում է ազատության համար մեր ժողովրդի պայքարի նոր փուլի մեկնարկի հետ,- ասաց Ա. Ղուլյանը:- Այդ տարեգրության մի կարևոր ու, թերևս, ռոմանտիկ հատված կապված է Արթուր Մկրտչյան անվան հետ: ՙՀողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում է. ապրում և պաշտպանում է այդ հողը՚: Ղարաբաղյան շարժման էության ու գաղափարախոսական ակունքներից Արթուր Մկրտչյանի հնչեցրած այս հայտնի ճշմարտությունն այսօր էլ արդիական է, արդիական է` առավել, քան երբևէ: Մեր ազատագրական պայքարի հորձանուտում Արթուր Մկրտչյանի հայտնվելն այնքան բնական ու հասկանալի ստացվեց, որ կարծես նա հենց դրա համար էլ պատրաստվել էր` անցնելով միութենական նշանակության գիտական ու կրթական հեղինակավոր հաստատություններով և, միևնույն ժամանակ, մտքում պահելով սեփական ժողովրդի ինքնակազմակերպման ու ազատության գաղափարները: Զարմանալին այլ էր. 1988-91թթ. նրա սերունդը հստակ պատկերացում ուներ Արցախի հզոր ներուժի վերաբերյալ: Դրա մասին են վկայում նրա և այն ժամանակվա իշխանության պատասխանատուների կողմից նախաձեռնված քաղաքական գործընթացները, որոնք անխափան գործել են անգամ պատերազմի տարիներին: Խոսքը ժողովրդի կամարտահայտության ապահովման, պետականաշինության գործընթացներում ժողովրդավարական և իրավական սկզբունքներով առաջնորդվելու մասին է: Սկզբունքներ, որոնք եղել են Ղարաբաղյան շարժման ազդարարման, Հանրապետության հռչակման, անկախության մասին հանրաքվեի, առաջին խորհրդարանական ընտրությունների և դրանց հաջորդած գործընթացների ողնաշարը: Սկզբունքներ, որոնք կարևորվել են անկախ պետականության կերտման այս տարիներին: Սկզբունքներ, որոնք ընկած են մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմքում՚:
Ա. Ղուլյանը նշեց, որ քաղաքական ու պատերազմական թոհուբոհի պայմաններում 1991թ. դեկտեմբերին առաջին անգամ համապետական խոհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որով Արցախում ժողովրդաիշխանությունը դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա:Տարիների հեռվից դժվար չէ պատկերացնել, թե ինչքան խոցելի կարող էին լինել մեր հիմնավորումներն ու փաստարկները, եթե պետական ինստիտուտների ստեղծման ու իշխանությունների` ընտրությունների միջոցով կազմավորման հարցում մենք թերանայինք:
Արթուր Մկրտչյանն ընդամենը 33 տարեկան էր, երբ ստանձնեց երկրի փաստացի ղեկավարի` Գերագույն խորհրդի առաջին նախագահի պաշտոնը: Չնայած երիտասարդ տարիքին` նա առանձնացավ իր պետական մտածողությամբ: Ու թեև պաշտոնավարեց ընդամենը 97 օր և կյանքից հեռացավ վաղաժամ, բայց ժամանակակիցների և սերունդների հիշողության մեջ մնաց որպես առաջնորդ, ում համար պետական շահն առաջնային էր ամեն ինչից և ով քաղաքականության մեջ պահպանեց մարդկային ու բարոյական դիմագիծը: Նրա քաղաքական կենսագրությունը լավագույն օրինակն է հանրահայտ խոսքի, որ ոչինչ հավերժական չէ, իսկ պաշտոնը զուտ միջոց է ծառայելու ժողովրդին՚:

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.