[ARM]     [RUS]     [ENG]

ՎՈԼԵՅԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ

altԱպրիլի 10-14-ը հ. 11 դպրոցի մարզադահլիճում կայացավ Ստեփանակերտի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների և աղջիկների միջև վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված Մայիսյան եռատոնին։ 
Մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանը քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և մարզադպրոցի կոլեկտիվի անունից պատանի մարզիկներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց, որից հետո մրցումների մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին  զոհված ազատամարտիկների հիշատակը՝ ծաղկեպսակներ դնելով դպրոցում նրանց հիշատակը հավերժացնող հուշատախտակին։ Առաջնությանը մասնակցել են մարզադպրոցի պատանիների և աղջիկների խմբերում ընդգրկված՝ 1996թ. ծնված և փոքր տարիքի մարզիկները։ Մրցություններն անց են կացվել շրջանաձև  եղանակով, մասնակցել են 9 խմբեր։ Է.Հովհաննիսյանի տեղեկատվութամբ՝  մարզադպրոցում վոլեյբոլով պարապում են 90-ից ավելի պատանիներ և աղջիկներ։ Վերջին 2-3 տարիների ընթացքում մարզիկներն սկսել են ավելի լրջորեն պարապել՝  ցուցաբերելով լավ արդյունքներ։ Մարզիկներից մեկն արդեն պարապում է հանրապետության հավաքական թիմում։ 
Ստեփանակերտի քաղաքապետի կողմից հաստատված պլանով Մայիսյան եռատոնի կապակցությամբ մրցումեր են անցկացվելու վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, զբոսաշրջություն, սպորտային պարեր մարզաձևերով։ Վոլեյբոլի մրցաշարին մասնակցում է ավելի քան 80 երեխա։ Մարզադպրոցի տնօրենի խոսքերով՝ պատանի մարզիկները ցուցաբերել են հիանալի խաղ, հույս կա, որ հետագայում այդ պատանիները բարձր արդյունքներ կարձանագրեն ոչ միայն հանրապետական, այլև միջազգային մրցաշարերում։ Հանրապետությունում տարբեր մարզաձևեր զարգացնելով՝ կունենանք առողջ, կոփված սերունդ, ինչպես նաև բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ հայրենյաց պաշտպաններ։ ՙԱյս տարի որոշել ենք մրցումներն անցկացնել խառը եղանակով, այսինքն՝ տղաների և աղջիկների միջև։ Նման եղանակը շատ հետաքրքիր, լարված ու թեժ է դարձնում պայքարը՚,- նշեց Է. Հովհաննիսյանը։
Մարզադպրոցի մարզիչ Կարինե Կոնստանդյանը տեղեկացրեց, որ տղաներն աղջիկների հետ ավելի կազմակերպված են խաղում, ու կարելի է ասել, մի քիչ խնայում են նրանց։ Բացի ամեն տարի երկու անգամ կազմակերպվող բաց առաջնություններից, մրցախաղեր են անցկացվում նաև հանրապետության տարբեր շրջանների պատանիների և աղջիկների միջև։ Նման հանդիպումներն էլ ավելի են զարգացնում մարզաձևը, իսկ մարզիկներն էլ, շփվելով իրենց հասակակիցների հետ, ավելի են վարպետանում մարզախաղերում։ 
Չորսօրյա համառ պայքարից հետո առաջին տեղերն զբաղեցրին 1998-99թթ. ու 2000թ. ծնված և ավելի ցածր տարիքի տղաների թիմերը, իսկ աղջիկների թիմերից առաջին տեղը զբաղեցրին 1998-2000թթ. ծնվածները։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը պար-գևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։ Խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար աղջիկների թիմից դիպլոմով խրախուսվեց Աննա Գրիգորյանը (2000թ.)։ Պատվոգրերով պարգևատրվեցին նաև երեքական մրցակիցներ՝ լավագույն խաղացող, լավագույն պաշտպան և լավագույն հարձակվող անվանակարգերում։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ