[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՐՑԱԽՈՒՄ՚ ԾՐԱԳԻՐԸ՝ ԱրՊՀ-ՈՒՄ

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

ԱրՊՀ-ում կյանքի է կոչվել ՙԿենսաբանության արդիականացումն Արցախում՚ ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատոր բազա՝ տեղում բարձր մակարդակով իրականացնելու ուսումնագիտական գործընթացները։

Ծրագրի գիտական ղեկավար, կենսաբանական գիտ. դոկտոր Հասմիկ Գալստյանի խոսքով՝ լաբորատորիան համալրվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում կատարել հետազոտություններ։ ՙՄինչ այժմ ԱրՊՀ-ում կենսաբանության ուղղությամբ նյութատեխնիկական բազայի լուրջ խնդիր կար, ինչը բացասաբար էր անդրադառնում դասընթացի արդյունավետության վրա։ Լաբորատորիան լրացրել է այս բացը, այն կարևոր նշանակություն ունի հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար, ովքեր այստեղ կարողանում են ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, կատարել հետազոտություններ՚, -ասում է Հ. Գալստյանը՝ հավելելով, որ լաբորատորիան հնարավորություններ կտա Արցախում արդիականացնելու կենսաբանական գիտությունները նոր սերնդի համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը։
Ծրագրի իրագործումը նաև ԱրՊՀ զարգացման փաթեթի մի օղակ է, որի արդյունքում կպատրաստվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության և սննդի կենսատեխնոլոգիաների ոլորտների համար։
Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ լաբորատորիայի պատասխանատուն նշում է, որ լաբորատորիայում ինչպես ուսանողների, այնպես էլ շահագրգիռ անձանց կողմից կկազմակերպվեն հետազոտական աշխատանքներ, պատվիրատուներին կմատուցվեն ծառայություններ՝փորձանմուշների ուսումնասիրության, հետազոտական վերլուծությունների ուղղությամբ, կտրվի մասնագիտական խորհրդատվություն։
Ծրագրի նպատակը նաև ԱրՊՀ ուսանողների մրցունակության բարձրացումն է աշխատաշուկայում։ Արդյունքում կբարձրանա ուսուցման որակը և որակյալ մասնագիտական անձնակազմի թվաքանակն այս ոլորտում, կխրախուսվի գիտության և հետազոտության ինտեգրումը համալսարանում, ինչը կհանգեցնի որակի անընդմեջ բարելավմանը, կզարգանա կենսաբանության ուսուցումն Արցախում, նշել է ծրագրի ղեկավարը և շնորհակալություն հայտնել լաբորատորիան տեխնիկապես համալրելու գործում աջակցած, մասնագիտական օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց և ընկերություններին։